13/03/2025

Էրդողանը խրվելու է սիրիական ճահճում, Պուտինը հրում է, թե փրկության օղակ նետում

Թուրքական մամուլն ահազանգում է, որ Սիրիայի Լաթաքիա և Տարտուս նահանգներում նուսրայիների (ալավիների) հակակառավարական ապստամբությունը հովանավորում է Իսրայելը, գլխավոր թիրախը Թուրքիան է:

Որպես «հիմնավորում» վկայակոչվում է փաստը, որ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավորական խումբն այցելել է Սիրիայի հետ սահմանամերձ Խաթայի նահանգ, որտեղ հանդես է եկել «սադրիչ» հայտարարությամբ:

ԺՀԿ-ն, որ անցյալ տարի Թուրքիայի մունիցիպալ ընտրություններում հաղթել է «Արդարություն և զարգացում-Ազգայնական շարժում» դաշինքին և գալիք նախագահական ընտրություններում պատրաստվում է առաջադրել իր միասնական թեկնածուին, Լաթաքիայում և Տարտուսում անցած օրերին կատարվածը գնահատել է ալավիների կազմակերպված կոտորած և Միավորված ազգերի կազմակերպությանը կոչ արել, որպեսզի այդ տեղաշրջանի կառավարումը վերցնի հսկողության տակ:

Ըստ տեղեկությունների՝ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայի հարցով խորհրդատվական քննարկումներ են նախաձեռնել: Դամասկոսի ժամանակավոր վարչակազմի ղեկավար ալ-Շարաան հարկադրված է եղել հայտարարություն տարածել:

Ինչպես փոխանցում է Reuters-ը, նա մասնակիորեն ընդունել է, որ անվտանգության ուժերը քաղաքացիական բնակչության նկատմամբ որոշ դեպքերում անհամաչափ ուժ են կիրառել:

Թուրքական իշխանամերձ մամուլը նույնպես ընդունում է «Ասադի տոհմի ներկայացուցիչների սպանության» փաստը, բայց հակադարձում է, որ բռնապետական վարչախումբը տասնամյակներ շարունակ անմարդկային բռնություններ է գործադրել սուննիների նկատմամբ: Դա փաստացի նշանակում է, որ սուննիները վերժխնդիր են լինում ալավիներից:

Եթե այդ մոտեցումը պաշտպանվում է Թուրքիայի իշխող կուսակցության կողմից, իսկ հակառակ դեպքում իշխանամերձ մամուլը Լաթաքիայում ալավիների զանգվածային սպանություններն արդարացնելու փորձ չէր անի, ապա պետք է եզրակացնել, որ եթե ամենամոտ ապագայում Սիրիայի անցումային շրջանի նախագահն իրավիճակի կառավարումն իր ձեռքը չվերցնի, ապա Ռեջեփ Թայիփ Էրդողանը խրվելու է սիրիական ճահճում:

Պաշտոնական քարոզչությունը, իհարկե, կարող է մեղադրել միանգամից մի քանի պետությունների, այդ թվում՝ և՛ Միացյալ Նահանգներին, և՛ Ռուսաստանին, հատուկ ծառայությունների համար խնդիր չէ՝ լուրեր տարածել, որ սիոնիստական կառավարությունը Լաթաքիայի ալավիներին մեկ միլիարդ դոլար է հատկացրել, որպեսզի իրենց ինքնակառավարումն իրականացնեն, միջազգային ընկալումն այն է, որ Ասադին տապալել է Թուրքիան, և Սիրիայում իրավիճակի պատասխանատուն առաջին հերթին Էրդողանն է:

Turkiyegazetesi-ն գրում է, որ օրերս Խաթայ նահանգի Սամանդաղի շրջանում Սելիմ Նարլի անունով անձը, որ իրեն հռչակել է տեղաշրջանի ալավիների առաջնորդ, հանրահավաք է կազմակերպել և Իսրայելից Սիրիայի ալավի բնակչության համար պաշտպանություն խնդրել: Պարբերականը «բոլորովին էլ պատահական» չի համարում, որ նույն օրն ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից Թուրքիայի խորհրդարանի պատգամավորները նույնպես այցելել են Խաթայ նահանգ:

Թուրքիայի իշխանամերձ մամուլը Լաթաքիայում և Տարտուսում «ալավիների ապստամբությունը» համեմատում է 2016 թվականի հունիսի 15-ի «պետական հեղաշրջման փորձի» կամ Ստամբուլի Գեզի հրապարակի հակակառավարական ցույցերի հետ և իրադարձությունների կազմակերպիչ դիտարկում մի կողմից Իրանին, մյուս կողմից՝ Իսրայելին, որ նպատակ ունի «Սիրիայում Թուրքիայի դեմ բուֆերային գոտի ստեղծել»:

Ի՞նչ քննարկումներ կանցկացվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում: Նկատի ունենալով ռուս-ամերիկյան վերջին շրջանի «ջերմացումը», հավանական է, որ Մոսկվան և Վաշինգտոնը հանդես գան համատեղ ինչ-որ նախաձեռնությամբ: Չափազանց ուշագրավ է, որ նախօրեին Մոսկվայում Թուրքիայի դեսպանը «ընդունելություն է խնդրել» Մերձավոր Արևելքի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչից: Ըստ «Անադոլուի»՝ կողմերը խորհրդակցել են Սիրիայի իրավիճակի հարցով: Ռուսաստանը կօգնի՞, որ Թուրքիան «սիրիական ճահճում չխրվի»: