Կառավարությունը հունվարի 30-ին Հանրային խորհրդի անդամներ նշանակեց:
ՀԽ նորանշանակ անդամներն են՝ Աղասի Թադեւոսյանը, Արա Խզմալյանը, Արմեն Բալդրյանը, Արմեն Մուրադյանը, Արմինե Մարգարյանը, Գայանե Աբրահամյանը, Դանիել Իոաննիսյանը, Հակոբ Անդրեասյանը, Հովիկ Մուսայելյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Ռուբեն Սաֆրաստյանը, Ռուբեն Բաբայանը, Վոլոդյա Մարգարյանը, Վարդան Մկրտչյանը, Վարդան Ազատյանը։ Հիշեցնենք, որ Հանրային խորհուրդը, որը խորհրդակցական մարմին է, ստեղծվել է մարտի 1-ի իրադարձություններից հետո` 2008 թ. հուլիսի 12-ին: 2009 թ. մարտի 11-ին հաստատվել են ՀԽ կանոնադրությունը եւ առաջին անդամների ցանկը` բաղկացած 45 անդամից, որից 15-ին նշանակում է ՀՀ կառավարությունը, մյուս 15-ը նշանակվում են ՀԿ-ների կողմից, արդեն նշանակված 30 անդամներն ընտրում են եւս 15 անդամի։ Սկզբում ՀԽ-ն լավ գործող մարմին էր` բազմաթիվ հարցեր էր քննարկում, կառավարության որոշումներին էր հակադրվում եւ երբեմն հասնում էր հաջողությունների: Սակայն 2018-ին իշխանության գալով՝ Նիկոլ Փաշինյանն այն պարալիզացրեց, քանի որ նախկինների օրոք էր ձեւավորվել: Իսկ 2021 թ. մայիսից ՀԽ նախագահ չնշանակեց, եւ կառույցն այլեւս չի գործում: 2019-ին Ստյոպա Սաֆարյանը նշանակվել էր ՀԽ նախագահ, 2021-ին հրաժարական տվեց, որ ԱԺ ընտրություններին մասնակցի, եւ այլեւս նոր նախագահ չնշանակվեց: Կառույցի ամենաակտիվ շրջանը Վազգեն Մանուկյանի ղեկավարման շրջանն էր: Մինչդեռ սա Սահմանադրությամբ որոշված մարմին է, որը պետք է անպայման գործի: Այսօր խորհրդի կազմը սկսել են համալրել օրվա իշխանությունների աջակիցներով:
Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ:
– Պարոն Բաբայան, տեւական ժամանակ է, ինչ Հանրային խորհուրդը չի գործում, Վազգեն Մանուկյանի հեռանալուց հետո այս կառույցը, ըստ էության, դադարեց գործել, սակայն հունվարի վերջին կառավարությունը ՀԽ նոր անդամներ նշանակեց, այդ թվում` Ձեզ, ենթադրվում է, որ պետք է խորհուրդը սկսի գործել: Ե՞րբ կգործի կառույցը:
– Կազմը դեռեւս ամբողջությամբ չի ընտրվել, իսկ կարգը հետեւյալն է․ ընտրվում է 15 հոգի` կառավարության կողմից, դրանից հետո՝ եւս 15 հոգի` հանձնաժողովի անդամներ: Այն 15 հոգին, որոնք ընտրվել են կառավարության կողմից, կարող են ընտրել եւս 15 հոգու` ըստ հանձնաժողովների: Ուրբաթ օրը տեղի ունեցավ ընտրություն, արդեն կա 30 հոգի, հաջորդ քայլն այն է, որ պետք է ներկայացվեն եւս 15 հոգի: Երբ նրանք էլ ընտրվեն, Հանրային խորհուրդը կհամարվի կազմված 45 անձից: Դրանից հետո կնշանակվի նախագահ, նոր արդեն խորհուրդը լիազորված կլինի անցնել գործունեության:
– Այսինքն` Դուք էլ կարող եք Հանրային խորհրդի անդամ առաջարկել` նշանակել:
– Այո, կարող եմ, սակայն պարտադիր չէ: Պարզ է, որ ամեն մեկի թեկնածուն չի անցնելու, սակայն ես չունեմ որեւէ թեկնածու, ավելի ճիշտ` ունեի մեկին, բայց խորհրդակցեցի նրա հետ, իսկ նա հրաժարվեց: Կան բազմաթիվ արժանի մարդիկ, նայեցինք ինքնակենսագրականները, թեպետ ընտրությունը փակ է լինելու, սակայն կային շատ լավ թեկնածուներ: Կան հանձնաժողովներ, որտեղ թեկնածուները շատ էին, օրինակ` ֆինանսատնտեսական բլոկում 40-ից ավելի թեկնածու կար, սակայն կային նաեւ հանձնաժողովներ, որտեղ երկու թեկնածու էր ներկայացվել: Սպասենք վերջին փուլին:
– Դուք ո՞ր բաժնում` ոլորտում եք ընդգրկվել:
– Մշակույթ, կրթություն, էլ ո՞ր բաժնում կարող էի լինել: Ի դեպ, հստակ ժամկետներ կան, մարտ ամսին այս պրոցեսը կավարտվի:
– Ինչո՞ւ է կառավարությունը Ձեզ որպես ՀԽ անդամ նշանակել: Ի՞նչ խնդիրներ պետք է վեր հանեք, Դուք ի՞նչ ակնկալիքներով եք դարձել Հանրային խորհրդի անդամ:
– Բազմաթիվ խնդիրներ կան, ասեմ, որ Հանրային խորհուրդը խնդիր լուծող չէ, այլ պրոբլեմի մասին բարձրաձայնող է, բազմաթիվ խնդիրներ կան թե՛ մշակութային կյանքում, թե՛ կրթական: Հասարակ օրինակ բերեմ․ ուսումնական պլանում նոր առարկա է մտնում` «Արվեստի պատմություն», ասեմ, որ շատ լավ դասագրքեր են պատրաստել, լավ աշխատանք են տարել, սակայն կա մի շատ կարեւոր հանգամանք. ովքե՞ր են առարկան դասավանդելու: Դուք էլ գիտեք, որ լավ առարկա ստեղծելուն հավասար կարեւոր է լավ մասնագետներ ունենալը: Օրինակ` դպրոցում կա «Գրականություն» առարկա, սակայն այն երբեմն այնքան վատ է դասավանդվում, որ երեխաներն ավարտում են դպրոցը առարկայի հանդեպ հիմնավոր ատելությամբ, զրո գիտելիքով: Աշակերտները երբեմն կարծրատիպային մոտեցումների հետ են բախվում, որոնք ոչ մի կապ չունեն այսօրվա իրականության հետ: Ես դասավանդում եմ Թատերականում եւ առաջին կուրսում ուսանողներին ստիպված եմ լինում բացատրել, որ գրականությունը զուտ պատմական էքսկուրս չէ, այն առնչվում է նաեւ մեր ժամանակների հետ: Գրականությունը հետազոտում է մարդուն, իսկ մարդը չի սահմանափակվում դարաշրջանով: Մտավախություն կա, որ այն դասատուները, ովքեր դասաժամեր չունեն, կարող են ստանձնել «Արվեստի պատմության» ուսուցչի դերը, անկախ մասնագիտությունից, անգամ անկախ իրենց ցանկությունից, օրինակ՝ տնօրենն այդպես որոշի: Գլոբալ հարցեր կան նաեւ Հայոց լեզվի հետ: Լեզուն կենդանի մարմին է, կոմունիկացիոն է, առնչվում է այլ լեզուների հետ: Կան լեզվի հետ կապված բազմաթիվ խնդիրներ, որոնք խիստ մասնագիտական են: Այս ոլորտներում եմ ինձ տեսնում, եթե զգամ, որ օգուտ կա, կմնամ, եթե ոչ, ապա դուրս կգամ, ի՞նչ կա որ, նման փորձեր ունեմ իմ կենսագրության մեջ:
Բաց մի թողեք
Ռուբեն Վարդանյանին նույնացնում եմ Լևոն Հայրապետյանի հետ․.. մեր առաջին թշնшմին մեր անտարբերությունն է. Լուսանկարներ
Համախմբվածությունը ոչ թե իշխանությանը հեռացնելու հարցում պետք է լինի, այլ, թե ինչ ենք ուզում. Մանուկյան
Եթե Թրամփը հաջողի երեք հարցերում, ապա մենք պետք է անհանգստանանք Կովկասի համար․ Մաջիդ Քարիմի