13/03/2025

ՀՀ իրավապահ համակարգն ու գողական աշխարհն անկարող են «Կոկո»-ին գտնել

Պարզվում է, 34-ամյա քրեական հեղինակություն Կոնստանտին Հունանյանը՝ «ալավերդյանցի Կոկոն» արդեն 6 ամիս փախուստի մեջ է, նրան չեն կարողանում հայտնաբերել:

«Կոկո» մականունը կրող Կոնստանտինը ազատազրկված է սպանության համար: Մասնավորապես, նա ազատազրկվել է 2020 թ․ հունիսի 9-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9-ի փողոցի 9-րդ շենքի բակում «Կյաժ Աշոտ» մականվամբ 28-ամյա Աշոտ Պետրոսյանին հրազենի գործադրմամբ սպանելու մեղադրանքով։

Անցած տարվա հոկտեմբերի 1-ին դատապարտյալը փախուստի էր դիմել բժշկական կենտրոնից, ուր նրան տեղափոխել էին քրեակատարողական հիմնարկից բուժման:

ՀՀ ոստիկանությունից փոխանցեցին, որ փախուստի դիմած Հունանյանին դեռ չեն հայտնաբերել․ «Շարունակվում են միջոցառումները հայտնաբերելու ուղղությամբ»։

Պարզվում է, Հունանյանը տևական ժամանակ կրել է ազատազրկումն ԱԱԾ մեկուսարանում, որից հետո տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկներից մեկը, սակայն այնտեղից նրան նորից վերադարձրել են մեկուսարան: Պատճառը կապում են մականունավոր դատապարտյալի անվտանգությանը սպառնալիքի հետ:

Շուրջ վեց ամիս առաջ նա տեղափոխվել էր «Արթմեդ» բժշկական կենտրոն՝ իբրև թե առողջական խնդիրներով, որտեղից էլ հոկտեմբերի 1-ին փախուստի է դիմել: Պատկերացնում եք, նրան հսկող անձնակազմը եղել է կողքի սենյակում, երբ հանցագործին հաջողվել է երկրորդ հարկի պատուհանից ճողոպրել և ազատության մեջ հայտնվել:

«Կոկո»-ին փնտրում են ոչ միայն ուժայինները, այլև քրեական աշխարհի ներկայացուցիչները, իրականում անկարող են «Կոկո» գտնել:

Սպանված Աշոտ Պետրոսյանի մարը՝ Ռիմա Խաչատրյանը՝ հարցին, թե արդյո՞ք Կոնստանտինը որևէ կերպ կապ հաստատել է իր հետ, տիկին Խաչատրյանը կտրուկ շեշտել էր՝ ոչ. «Ինքը մեզ հետ կապ չի կարող հաստատել, իմ երեխայի արյունը չի վաճառվում, բայց մի քանի տարբերակներով, որքան տեղյակ եմ, խոշոր գումարներ է առաջարկել տարբեր մարդկանց։ Իմ կարծիքով՝ «Կոկոն» Հայաստանում է, միջազգային հետախուզում է նրա նկատմամբ հայտարարված։ Նա քանդեց իմ ընտանիքը, իր փախուստից հետո վերապրում եմ կրկին ու կրկին, նա փախավ փոքր բերդից, բայց նրան վերևում սպասվում է մեծ բերդ․․․»։