«Հայաստանի տարածքում կան մարդիկ, որոնք ռազմական հանցագործություններ են կատարել ադրբեջանցիների դեմ, նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը եւ հավելել, որ եթե Հայաստանը «խաղաղություն» է ցանկանում, պետք է սերտորեն համագործակցի Ադրբեջանի դատական համակարգի հետ:
Արցախցի ազատամարտիկ Աշոտ Սեւյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ իրականում այս խնդրով Ադրբեջանը մի քանի հարց է լուծում։ «Փորձում են Հայաստանն ավելի նվաստացնել՝ ինքդ քո ձեռքով քո կռվողներին, քո պետության համար պայքարողներին հանձնում ես թշնամուն, որ պատժեն: Այսինքն՝ դու քո ձեռքով քո պետությունը, քո բանակը ոչնչացնում ես, քո զոհերը, ոմանց ասածի նման, դառնում է, որ զոհվեցին հանուն ոչնչի, այդ ոչինչն արդեն իրագործվում է: Երկրորդ պլանով․ դեռ հայրենասեր մասսա կա, այդ մարդկանց են մտածելու տեղիք տալիս, որ գնալու ես դատվես՝ քեզ «հայրենիք» հասկացություն պետք չի, կեր, խմի, քեֆ արա, կենդանու նման յոլա գնա:
Մի քանի հոգու կհանձնեն ու առաջնահերթ կհանձնեն այն մարդկանց, ովքեր իրենց խանգարում են: Մի քանի հոգու էլ ցուցադրաբար կհանձնեն, որ, տեսեք, այսպես է լինում, որ մարդկանց վախեցնեն: Բայց ընդհանուր դա ոչ մի հարց էլ չի լուծում Հայաստանի համար, միշտ էլ ասել եմ՝ դա երկարատեւ ծրագիր է, այսպես քերթելով էլ պահելու են մինչեւ վերջ, ոչ մի խաղաղություն չի լինելու: Ինչքան հիշում եմ, Ձեզ հետ հարցազրույցի ժամանակ եմ ասել, որ Աղդամում ադրբեջանցիները մեծ բերդ են սարքում: Այն ժամանակ իրենք հայտարարել էին, որ 20 հազարանոց բերդը սարքում ենք հայերի համար․ ով Նիկոլին հակառակ գնա՝ կուղարկեն այդ բերդը»,- ասում է արցախցի ազատամարտիկը:
Նա նկատում է, որ Սիրիային նայելով՝ հայերը չեն պատկերացնում իրենց ապագան, այնինչ այդ ապագան արդեն եկել հասել է իրենց դուռը: «Ես ասում եմ եւ միշտ ասել եմ՝ այս մարդիկ առաջնորդվում են «չկա պետություն՝ չկա պատասխանատվություն» դեւիզով: Իրենք ոչնչացնելու են պետությունը` իրենց պաշտպանելու համար, քանի դեռ կան հնարավորություններ, վարկեր են վերցնում, իրենք իրենց պարգեւատրում են, վայելում են կյանքը, քանի դեռ կարողանում են: Վաղը հենց մի կրակոց եղավ, իրենք թռնելու են, գնան, իսկ ժողովուրդն էլ ոչխարի նման մորթվելու է։
Չհասկացան այս մարդիկ, չեն նայում, թե տարածաշրջանը ոնց է եռում»: Սեւյանը շեշտում է, որ սա սպիտակ տեռոր է, մարդկանց վախեցնում են ու ուզում են հասցնել այն կետին, որ մարդիկ խուճապի մատնվեն, իսկ խուճապն ամենասարսափելի երեւույթն է: «Իրենք ֆիզիկապես մեզ զրոյացրել են, պլինտուսից ցածր են իջեցրել, իրենք իրենցն արել են` հերիք չի, հիմա էլ ասում են՝ ձեր ժողովրդին էլ ստորացրեք: Լրագրողներից մեկը հարցնում է՝ ճանապարհ տալո՞ւ ես, աչքերը կլորացրած ասեց՝ հա:
Հասկանո՞ւմ եք, այս մարդիկ ինչքան են իրենց ցենզուրայից անցել, որ ազատ, ոնց ուզում են, ինչ ուզում են՝ ասում են: Արարատ Միրզոյանն էլ հայտարարում է, որ այդ պայմանագրի թղթից հետո խաղաղություն կլինի, բայց, չգիտես ինչու, աշխարհի բոլոր պատերազմները թղթից հետո են սկսվում»,- ասում է մեր զրուցակիցը:
Սեւյանը համոզված է, որ անդառնալիության կետն անցել են եւ այս քաղաքականությամբ կոտրում են հայերին: Քննարկվող տեսակետն այն մասին, որ եթե Ուկրաինայում հրադադարն ընդունվի, ապա այն անմիջականորեն ազդելու է Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրողությունների վրա, ուստի, ըստ Սեւանի, Ադրբեջանին ու Թուրքիային ձեռնտու է իրենց քայլերն ավելի շուտ անել, քանի դեռ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում, իսկ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը դեռեւս վերջնական պայմանավորվածություն ձեռք չեն բերել։
«Կարծում եմ՝ հիմա բոլորը սպասում են, թե ինչ կպայմանավորվեն ԱՄՆ-ն ու Ռուսաստանը: Ռուսաստանը ստիպված է լինելու, ըստ իս, ընտրություն կատարել՝ գիտի, որ Սիրիան կորցրեց, սակայն, չգիտես ինչու, ինձ թվում է, որ Թրամփի հետ կպայմանավորվի, որ Հարավային Կովկասն անցնի ռուսական ազդեցության գոտի: Սակայն մեծ խաղ է գնում, տեղի ունեցողն իրականում մեծ խաղ է, ինչպես ժամանակին Մերկելն ասաց այն մասին, որ Պուտինի հետ տեւական ժամանակ խոսում էին, շեղում էին, որ կարողանային Ուկրաինան զինել»,- ասում է Սեւյանը:
Թուրքիային, Իսրայելին, Ադրբեջանին ձեռնտու է, որ տարածաշրջանում նաեւ Իրան չլինի։ Հետեւաբար, ի՞նչն է նրանց խանգարելու՝ չեզոքացնել «նիկոլի Հայաստանը»՝ հռետորական հարց է տալիս արցախցի ազատամարտիկը: Սիրիայում ալավիների սցենարի կրկնությունը Հայաստանում չի բացառվում՝ շեշտում է Սեւյանն ու հավելում․ «Եթե իրենք փորձեն Զանգեզուրն էլ կտրեն, ինչն իրենց նպատակն է, նախօրոք մտածելու են, որ այսքան զոհ պիտի տան, արդյոք արժե՞ այդքան զոհ տալը: Ամբողջը հաշվարկ է, իրենք այդ զոհերն էլ պիտի չեզոքացնեն, Նիկոլ չեն, որ Նիկոլի կինն ասի՝ մեռել են հանուն ոչնչի, նա էլ կանգնի ասի՝ բոլորը փախան պատերազմի դաշտից: Դրա համար էլ մարդիկ հերթով թելադրում են՝ սա պիտի փոխես, սա պիտի տաս, հիմա փափուկ ուժով ինչ կարողանում, ստանում են: Միայն Կիրանցի դիրքերը տալով ինչ ռազմավարական կետ հանձնեցին` ուղղակի, հենց այնպես վերցրին, առանց մեկ կրակոցի: Հիմա Նիկոլը սկսելու է քարոզել՝ միջանցքը տանք՝ պատերազմ չլինի:
Նիկոլը երեկ հայտարարեց, որ Մեղրիի միջանցքը տալու է՝ ցույցեր տեսնո՞ւմ եք, դժգոհ մարդիկ տեսնո՞ւմ եք: Վերջ, ի՞նչն է խնդիրը: Կարեւորը այս մարդկանց համար, որ իրենք մնան իշխանության: Մի պետություն, որն իր գերիներից, իր բնակիչներից ձեռք է քաշում, այդտեղ այլեւս պետություն չկա: Այդտեղ ուղղակի մարդկանց պահում են, որ աշխատես, հարկեր վճարես, որ իրենք ապրեն: Մարդիկ ինչի՞ համար են հարկեր տալիս՝ անվտանգության, երաշխիքների, կյանքի բարելավման, այնինչ այսօր դու աշխատում ես, վճարում ես, բայց դիմացը միայն վտանգներ ու սպառնալիք ես ստանում: Մեր զրուցակցի կարծիքով, Սիրիայի դեպքերից հետո Հայաստանը պետք էր վերածել ռազմական ամրոցի՝ ամենուր բլինդաժներ պետք է սարքեին, խրամատներ փորեին, այնինչ շարունակում են ասֆալտից խոսել:
Բաց մի թողեք
Միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու դեպքում դատի ենք տալու իշխանությանը․ Բեգլարյան
Միրզոյանն ու իր «աջակիցները»
Հերթական փորձանքը ՀՀ կառավարության կողմից