Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում մի քանի ժամ կաշվից դուրս էր գալիս՝ փորձելով Ադրբեջանի հետ ստորագրվելիք համաձայնագիրը պաշտպանել ընդդմադիրների հարցերից, բայց այդպես էլ չկարողացավ հոդաբաշխ պատասխանել, թե ինչ է ստանում Հայաստանն այդ փաստաթղթով, հանուն որի զիջել է ամեն ինչ, կատարել Բաքվի բոլոր պահանջները՝ հատիկ առ հատիկ:
Հրապարակ թերթը գրել է․ Երկար-բարակ այդ քննարկումից մի բան էր միայն ակնհայտ՝ Փաշինյանի իշխանությունը շարունակելու է պատերազմի մահակը պահել հայ հասարակության գլխին ու, ինչպես Կիրանցում, այդ համաձայնագրի դեպքում էլ հայտարարելու է՝ եթե չստորագրենք, պատերազմ կլինի: Արարատ Միրզոյանն ուղիղ տեքստով երեկ հայտարարեց, թե Ադրբեջանի կողմից հնչող հավելյալ պահանջները իրենք էլ են տեսնում, բայց եթե «խաղաղության համաձայնագիր չի լինի, ընկղմվելու ենք, թաղվելու ենք…»: Նույն թեզը՝ «չի լինի խաղաղության համաձայնագիր, կլինի պատերազմ», թմբկահարում էին մերձիշխանական սազանդարները:
Որ ՀՀ իշխանությունը ոչինչ չի ստանալու, բացի նոր պահանջներից, Բաքվից եկող ազդակներն էլ են վկայում: Դեռ նախորդ օրը Ալիեւը բաց տեքստով խոսեց Սահմանադրության փոփոխության ու Մինսկի խումբը լուծարելու պահանջի մասին, ասաց՝ Հայաստանի իշխանությունների նկատմամբ զրոյական վստահություն ունի` իրեն թուղթ է պետք: Ասել է թե՝ նոր սահմանադրություն ու թղթի վրա ՄԽ-ի լուծարում: Իսկ նրա խորհրդական Հաջիեւը երկրորդ անգամ խոսեց «պատերազմական հանցագործներին» քրեական հետապնդման ենթարկելու մասին: Եվ որքան էլ Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր երկրներից ողջույններ ստանան, այսպես կոչված, բանակցությունների ավարտի կապակցությամբ, ակնհայտ է, որ Բաքվի ախորժակը սրանով չի փակվելու, իսկ Երեւանը ոչինչ չի ստանալու՝ ո՛չ գերիների վերադարձ, ո՛չ Ջերմուկի ու մյուս հատվածների օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքի դուրսբերում:
«Հանձնաժողովում հարցուպատասխանի ժամանակ պարզ դարձավ, որ ադրբեջանցիներն առանց որեւէ փոխզիջման պարտադրել են այս տեքստը, Հայաստանի որեւէ առաջարկ եւ պահանջ չեն ընդունել, իրենք իրենցն են առաջարկել, որի հետ սրանք համաձայնել են եւ հիմա պարզ շանտաժի են դիմում՝ սպառնալով, որ եթե սրա հետ չհամաձայնենք, կլինի պատերազմ, բայց Ադրբեջանի ախորժակն ավելի է բացվում»,- «Հրապարակ»-ին ասում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, որի համոզմամբ՝ որքան շատ է այս իշխանությունը զիջել, հակառակորդն այդքան լկտիացել է ու նոր պահանջներ ներկայացրել:
Խաչատրյանը նկատում է՝ կողմերը հայտարարում են, թե տեքստը պատրաստ է, Փաշինյանը, որին այդ թղթի կտորը պետք է, ուզում է արագ ստորագրել, Ադրբեջանը Սահմանադրության փոփոխության պահանջն է ներկայացնում, հետո կներկայացնի, այսպես կոչված, փախստականների՝ 350 հազար ադրբեջանցիների վերադարձի պահանջը, այնուհետեւ կասի՝ այս մեկին արտահանձնեք Ադրբեջանին… եւ զիջումների շղթան, պատգամավորի խոսքով, շարունակվելու է:
«Այս իշխանությունն այդ շղթան ինչպե՞ս է պատրաստվում կտրել, իրենք ստեղծված իրավիճակի համար ադեկվատ լուծում չունեն, բացի՝ սա էլ տանք, նա էլ տանք: Ենթադրում եմ, որ այդ թղթի կտորը կա, գուցե նախնական ինչ-որ բան նախաստորագրեն, որն ուժի մեջ կմտնի միայն Սահմանադրության փոփոխությունից հետո, իսկ ես հույս ունեմ, որ հայ ժողովուրդը չի համաձայնի Բաքվում գրված Սահմանադրությանը»,- ասում է մեր զրուցակիցը: Խաչատրյանի խոսքով, Էրդողանն ու Ալիեւը, իհարկե, շահագրգռված են, որ Փաշինյանը պահպանի իշխանությունը. «Հիշեցնեմ, որ 2021թ․ փետրվարի 25-ին, երբ ՀՀ ԳՇ-ն հայտարարություն տարածեց, Անկարան՝ Չավուշօղլուն դատապարտեց դա՝ համարելով զինված հեղաշրջման փորձ: Դա ուղիղ սպառնալիք էր, եւ հիմա, իհարկե, իրենք կփորձեն հնարավոր ամեն ինչ տանել, բայց ոչ այն աստիճանի, որ Փաշինյանի ռեժիմը տապալվի»:
Ուշագրավ է, որ Փաշինյանն Ադրբեջանի հետ բանակցությունների ավարտի մասին երեկ իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ: Հայտնի է, որ նա կմասնակցի մայիսի 9-ի միջոցառումներին: Վկայո՞ւմ է արդյոք այս հանգամանքն այն մասին, որ Փաշինյանը փորձում է Մոսկվայի բարեհաճությունը ստանալ, քանի որ վախեր ունի՝ գլոբալ փոփոխությունների քամին երբ Հարավային Կովկաս հասնի, ինքը խոցելի վիճակում է հայտնվելու: Խաչատրյանը հիշեցնում է՝ երբ ԱԺ-ն ՔՊ-ականներով, 1-ին ընթերցմամբ ԵՄ անդամակցության վերաբերյալ նախագիծն ընդունեց, Փաշինյանը կրկին Մոսկվա էր զանգել ու մեկնաբանել այդ քայլը: Այնպես որ, այդ զանգն առնվազն չեզոք վերաբերմունք ստանալու համար է, ըստ Խաչատրյանի:
Ինչ վերաբերում է Բաքվի ազդակներին, պատգամավորը եւս մեկ անգամ ընդգծում է՝ Ադրբեջանը ճնշում է գործադրում այս իշխանությունների վրա, եւ միջազգային ատյաններից հայցերի հետկանչն այդ ճնշման գործիքներից մեկն է, Բաքվում ընթացող խայտառակ «դատավարությունը» գլխավոր գործիքն է: «Բաքուն տանջանքներով, հոգեմետ դեղերի ազդեցությամբ, բռնաճնշումներով, հայտնի չէ՝ ինչ «ցուցմունքներ» է կորզում: Օրինակ, Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք է տալիս ծերունի մի մարդ: Չեմ բացառում, որ Ադրբեջանը նոր դոսյե է հավաքում, որ հիմա հայցերը հետ քաշեն, հետո ասեն, թե այդ «դատավարության» ընթացքում նոր հանգամանքներ են ի հայտ եկել, եւ դրա հիման վրա ենք Հայաստանի դեմ նոր հայցեր ներկայացնում, այսինքն՝ սա պարտադրանքի տակ գրված թուղթ է, եւ սա է իրականությունը»,- արձանագրում է Խաչատրյանը:
Բաց մի թողեք
Միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու դեպքում դատի ենք տալու իշխանությանը․ Բեգլարյան
Միրզոյանն ու իր «աջակիցները»
Հերթական փորձանքը ՀՀ կառավարության կողմից