Վերջին մեկ-մեկուկես տարում հայ-ադրբեջանական բանակցություններն ընթացել են առանց երրորդ կողմի միջնորդության։ Հանգամանք, որ փորձագետների մի զգալի մասը գնահատել է այնպես, որ, իբր, Հայաստանը դեմ է Ռուսաստանի, Ադրբեջանը՝ Միացյալ Նահանգների «մոդերատորությանը»:
Բայց դա արդեն անցյալ է, այժմ պայմանագրի տեքստը համաձայնեցված է, Հայաստանն առաջարկում է ստորագրման տեղի և վայրի շուրջ քննարկումներ սկսել, Ադրբեջանը՝ առաջադրում նախապայմաններ, պայմանագիրը չի ստորագրվի, քանի դեռ Հայաստանի Սահմանադրությունը «տարածքային պահանջներ է պարունակում» և ԵԱՀԿ Մինսկի խումբը չի լուծարվել:
Հայ-ադրբեջանական «Խաղաղության պայմանագրի» վերաբերյալ միջազգային դերակատարների հիմնական արձագանքը մինչև վերջերս հիմնականում այն էր, որ կողմերը պետք է հաղթահարեն վերջին տարաձայնությունները, ամբողջացնեն տեքստը: Զգուշավոր կամ նույնիսկ կասկածամիտ պետք է միշտ լինել, երբ խոսքը նման չափազանց բարդ իրավիճակի և անկանխատեսելի հակառակորդի մասին է: Այստեղ երկու կարծիք չի կարող լինել:
Բայց պայմանագրի տեքստի համաձայնեցման վերաբերյալ միջազգային դերակատարների արձագանքներում, թվում է, պետք է նկատել մի էական հանգամանք, ոչ մի երկիր կողմերին չի հորդորում հաղթահարել պայմանագրի ստորագրման հետ կապված տարաձայնությունները։ Կարելի՞ է ենթադրել, որ դրանով պայմանագրի ստորագրման ադրբեջանական նախապայմանները միջազգայնորեն լեգիտիմ չեն ճանաչվում:
Դա իրավիճակի չափազանց լավատեսական ընկալում կլիներ, բայց մյուս կողմից, ինչո՞ւ ոչ մի երկիր, միջազգային կառույց նույնիսկ չի ակնարկում, թե պայմանագրի ստորագրման հետ կապված «մտահոգությունները պետք է փարատվեն» կամ «կողմերը պետք է հաղթահարեն վերջին տարաձայնությունները»:
Խոսելով Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա երեքշաբթի ծրագրած հեռախոսազրույցից ակնկալիքների մասին՝ Դոնալդ Թրամփն ասել է, որ իրենց գուցե հաջողի կանգնեցնել (ուկրաինական) պատերազմը, գուցե ոչ։ ԱՄՆ նախագահի կողմից նման «թեական» մոտեցումը վկայո՞ւմ է ռուս-ամերիկյան բանակցություններում «սկզբունքային տեղապտույտի» մասին:
Հայ-ադրբեջանական «Խաղաղության պայմանագրի» երաշխավորության հարցում կոնկրետություն չկա: Ավելի ճիշտ, կա մի կոնկրետություն՝ հայ-ադրբեջանական սահմանին երրորդ կողմի զինված ներկայություն չպետք է լինի:
Մի կողմից դա, իհարկե, սպառնալիք է, որ Ադրբեջանը «ցանկացած պահի կարող է գնալ էսկալացիայի», մյուս կողմից՝ պատասխանատվություն, որովհետև եթե կոնկրետ երաշխավոր չկա, ապա դրանից ոչ ֆորմալ ոչ փաստացի առումով չի հետևում, թե Հարավային Կովկասը վերածվում է աշխարհաքաղաքական «առանձնյակի» կամ «սև խոռոչի», որտեղ մի երկիր կարող է ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքով հարևաններին կամք թելադրել:
Այլ բան է, որ Ադրբեջանը ձգտել, ձգտում և ձգտելու է հասնել նրան, որ միջազգայնորեն ճանաչվի Հարավային Կովկասի առատար՝ գործի դնելով հումքային, կոմունիկացիոն, լոգիստիկ ռեսուրսները: Այս մրցակցության մեջ, իհարկե, Երևանի և Բաքվի հնարավորությունները նույնիսկ համադրելի չեն:
Պայմանագրի ստորագրման ձգձգումը, այսպիսով, ավելի խորքային վտանգ է պարունակում, քան մեզանում ընդունված է ներկայացնել: Խնդիրը Հայաստանի՝ որպես ինքնիշխան երկրի, միջազգային ինքնուրույն դերակատարի սուբյեկտության ճանաչման մեջ է, որից Ադրբեջանը «փախչում է, ինչպես սատանան՝ խունկից»:
Միջազգային դերակատարները, որքանով հասկացվում է, այդ «փախուստը» ոչ միայն լեգետիմ, այլև Հարավային Կովկասի ապագայի համար վտանգավոր են տեսնում: Ոչ ոք, որքանով դիտարկվում է, ուշադրություն չի դարձրել Բաքվի այսպես կոչված «Գլոբալ խորհրդաժողովի» բացման ելույթում Իլհամ Ալիևի առ ԽՍՀՄ ժամանակներ ակնհայտ նոստալգիային: Դա, ըստ էության, Ռուսաստանի հասցեին շողոքորթություն չէր, այլ՝ փաստի արձանագրում. ԽՍՀՄ կազմում Ադրբեջանը Վրաստանի և Հայաստանի նկատմամբ դոմինանտ դիրք է ունեցել, կարելի է տասնյակ փաստեր վկայակոչել:
Ալիևը, հավանաբար, հրապուրված է հեռանկարով, երբ Ռուսաստանը հետխորհրդային տարածքում կվերականգնի լիակատար ազդեցություն և Ադրբեջանին կվերադարձնի Անդրկովկասի առաջնորդի դերակատարություն: Հայաստանի հետ «Խաղաղության պայմանագրի» ստորագրումը, վավերացումը Բաքվի համար այդ շոշափելի հնարավորության ցավալի կորուստ կլինի: Հայ-ադրբեջանական «Խաղաղության պայմանագիրը» մեզանում պետք է գնահատվի այս ճակատագրական նշանակությամբ:
Բաց մի թողեք
Սպիտակ տունն ու Թրամփն անձամբ գոհ չեն Պուտինի որոշումից
Չինաստանի նոր հետաքրքրությունները Հայաստանում և Ադրբեջանում
Փոխվել են դերակատարները, նույնն է սակրալ հարցը՝ Պուտինը կանգ կառնի՞