«Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից 06.05.2021 թվականին պետական գրանցում է ստացել «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի՝ «Սիզնս» այգու նկատմամբ օգտագործման իրավունքը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այսպիսով, Երեւանի քաղաքապետարանը կապերն ամրացրել է «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի հետ: Համաձայն տրված իրավունքի՝ «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊ ընկերությունը ստանձնել է այգու պահպանման եւ անվտանգության ապահովման պարտականությունը։ Ավելին՝ նաեւ հենց այգում են ցուցանակ փակցրել, համաձայն որի՝ «Ելնելով ընկերության նկատմամբ սահմանված պարտավորություններից, ինչպես նաեւ այգու այցելուների անվտանգության պահպանման նկատառումներից՝ այգում արգելվում է այգու եւ դրա հարակից տարածքում վարել էլեկտրոնային ինքնագլոր կամ ցանկացած այլ անվային շարժական միջոց»:
Սակայն «Երեմյաններ» ընկերությունը այգու նկատմամբ վերահսկողություն պարզապես չի իրականացնում, ողջ տարածքում անվավոր շարժական միջոցներ են վարում քաղաքացիները, նաեւ երեխաները, եւ որեւէ արգելք չկա: Այսինքն` անվտանգության սահմանված նորմերը չեն պահպանվում «Երեմյանների» կողմից:
Փոխարենը «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ սեփականատերն օգտագործում է ընկերոջ կողմից իրեն տրված այգու օգտագործման իրավունքը` սեփական գովազդի, բիզնեսը զարգացնելու համար. պաղպաղակ են վաճառում, պոպկորն, տարբեր «բուտիկներ» են հայտնվել այգում, իսկ ողջ տարածքում «Երեմյանների» գովազդն է:
Հիշեցնենք, որ այս այգին նորոգվել է «Տաշիր» ընկերության կողմից, սակայն «Տաշիրի» որեւէ գովազդ չկա այգու որեւէ հատվածում:
Տեղեկացնենք, որ Դավիթ Երեմյանը Տիգրան Ավինյանի մտերիմ ընկերն է, նրա հրավերով մշտապես մասնակցում է ՔՊ դրամահավաքներին, մեծ նվիրատվություններ անում իշխող կուսակցությանը, ինչպես նաեւ հենց դրամահավաքները կամ Փաշինյանի համար կարեւոր միջոցառումները անցկացվում են Երեմյանի հիմնած գերթանկարժեք «Լիվինգսթոն» ռեստորանում, որը, ի դեպ, կառուցվեց աղմուկով, պատմամշակութային մարզահամերգային համալիրի տարածքից կտրելով:
Այսպիսով՝ իշխանության «սրտի» գործարար Դավիթ Երեմյանը ծառայություն է մատուցում ՔՊ-ին եւ ստանում արտոնություններ տարբեր ձեւաչափերով:
Հիմա էլ, փաստորեն, Երեւանի սրտում գտնվող հանրային զբոսայգին են տվել գործարարին` անձնական, բիզնես նկրտումներին հագուրդ տալու համար: Ոչինչ, որ այն, ինչ գրված է թղթի վրա, Երեմյանը չի կատարում, անվտանգության իր իսկ սահմանած նորմերը չի պահպանում:
Ինչ է սա, եթե ոչ կոռուպցիոն սխեմա. Տիգրան Ավինյանի ընկերը ՔՊ-ին է ֆինանսավորում, ՔՊ-ն նրա համար բիզնես նոր հնարավորություններ է բացում»:
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները