ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով խոսել են 2,5 ժամ, ինչպես հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Դա եղել է նրանց միջև երբևէ կայացած ամենաերկար հեռախոսազրույցը:
Դրա ընթացքում Սպիտակ տունը տարածեց հաղորդագրություն, որ զրույցը լավ է ընթանում: Հեռախոսազրույցի ավարտին բավականին ծավալուն հաղորդագրություն է տարածել Կրեմլը, որում անդրադարձ կա թե՛ ուկրաինական թեմատիկային, թե՛ միջազգային այլ հարցերի:
Ուկրաինական թեմատիկային անդրադառնալու առիթներ դեռ կլինեն: Հայաստանի դիտանկյունից թերևս առավել ուշադրության է արժանի այն, թե ինչ են խոսել Թրամփն ու Պուտինը միջազգային այլ հարցերի վերաբերյալ: Այդ առումով, համենայն դեպս Կրեմլի տարածած հաղորդագրությունն ունի ձևակերպում, որը թույլ է տալիս թերևս արտահայտել դրական գնահատական:
Մասնավորապես, Կրեմլը հայտնում է, որ Թրամփն ու Պուտինը, քննարկելով միջազգային օրակարգի այլ կարևոր հարցեր, արձանագրել են, որ ձեռնարկվելու են համատեղ քայլեր ճգնաժամային գոտիներում իրավիճակի կայունացման ուղղությամբ, գործակցություն են հաստատելու միջուկային սպառազինության չտարածման և գլոբալ անվտանգության հարցերում:
Այս ձևակերպումները կարևոր և դրական են թվում՝ հաշվի առնելով Հայաստանի համար զգայուն երկու հանգամանք: Իրավիճակը Կովկասում՝ հատկապես Ադրբեջանի ապատեղեկատվությունների վերջին ալիքի ֆոնին, որն առաջացնում է մտահոգություն, թե Բաքուն կարող է նախապատրաստել էսկալացիա, և իրավիճակն Իրանի շուրջ:
Երկու պարագայում էլ ԱՄՆ ու ՌԴ համակարգված և համատեղ աշխատանքը թերևս բոլոր պարագաներում ավելի շուտ կայունությանը նպաստող գործոն է, քան հակառակը: Իհարկե, դա այսպես ասած այդ «դափնիների» վրա հանգստանալու առիթ չէ Հայաստանի համար, բայց աշխատանքային միջավայր ու տարածություն է, որը հնարավոր է և պետք է օգտագործել:
Իհարկե, միարժեք ասել, որ երկու նախագահներն անմիջական խոսակցություն են ունեցել Կովկասի մասին, թերևս դժվար է: Բայց եթե անգամ Կովկասը անմիջականորեն չի եղել նրանց խոսակցության առարկա, միևնույն է, առավել առաջնահերթ ուղղություններով համատեղ աշխատանքի պատրաստակամությունը, անշուշտ, չի կարող իր անուղղակի, բայց էական ազդեցությունը չունենալ նաև Կովկասի վրա:
Բաց մի թողեք
Հայաստանի առաջ թիվ մեկ խնդիրը ուղիղ համեմատական է Ադրբեջանի շանտաժի աստիճանին
Ինչի հետևանք է, որ Հայաստանի համար ավելի է աճում պետական – արտաքին պարտքի բեռը
Ամերիկա-ռուսական գործարքը Կովկասի համար կլինի՞ կայունության ամրագրման իրողություն