Արևմտյան մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Միացյալ Նահանգները քննարկում է Ղրիմի ռուսաստանապատկանության ճանաչման հնարավորությունը և, իբր, ռուս-ամերիկյան սպասվող գործարքի կոմպոնենտներից մեկը դա է:
Որքանո՞վ է հավաստի այդ լուրը, որևէ այլ աղբյուրից ճշտել հնարավոր չէ: Ուշագրավ է, որ այն տարածվել է Թրամփ-Պուտին հեռախոսազրույցի օրը, որ, ըստ երևույթին, ոչ պատահականորեն, կայանում է Ղրիմում 2014 թվականի մարտի երկրորդ տասնօրյակում ծավալված դրամատիկ իրադարձությունների տասնմեկերորդ տարեդարձին ընդառաջ:
Այդ առթիվ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել: «Անկարան շարունակում է Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը սատարելուն հավատարմությունը»,- ասված է փաստաթղթում, որ հատվածաբար ներկայացրել է «Անադոլուն»:
«Թուրքիան, ըստ այդմ, չի ճանաչում Ղրիմում փաստացի իրավիճակը, որ միջազգային իրավունքի խախտում է: Ուկրաինայի կազմում Ղրիմի ինքնավար հանրապետությունը անեքսիայի է ենթարկվել ապօրինի հանրաքվեի արդյունքում»,- շեշտում է Թուրքիայի ԱԳՆ-ն և ամփոփում, որ Անկարան այսուհետ ևս կշարունակի դիտարկել և միջազգային հանրությանը օրակարգում պահել հատկապես թերակաղզու արմատական բնակչության՝ ղրիմյան թաթարների դրությանը վերաբերող իրադարձությունները:
Կարելի՞ է ենթադրել, որ Թուրքիան իրազեկված է Ղրիմի հարցով ռուս-ուկրաինական գաղտնի բանակցություններին: Բացառված չէ, որ առնվազն փորձագիտական մակարդակներում Ղրիմի խնդիրը դիտարկվում է, ինչի անուղղակի վկայություն է, թերևս, թուրքական մամուլում տեղ գտած մի հրապարակում, որի առանցքային միտքը հետևյալն է. «Եթե Ուկրաինայի նկատմամբ իր հավակնությունները Վլադիմիր Պուտինը հիմնավորում է պատմական հեռավոր անցյալի իրողություններով, ապա Ղրիմի հարցում Թուրքիայի մոտեցումներն ավելի հիմնավոր են»:
Անդրադառնալով Ղրիմի պատմությանը՝ հեղինակն ընդգծում է, որ թերակղզին Օսմանյան կայսրության ենթակայության տակ է գտնվել ավելի քան երեք դար և Ռուսաստանին է «կցվել միայն 18-րդ դարավերջին»: Ռուսական կայսրության կազմում Ղրիմի բնակչության մեծամասնություն են կազմել թաթարները:
Նրանք 1944 թվականին ենթարկվել են լիակատար բռնատեղահանության, իսկ Ստալինից հետո և անկախ Ռուսաստանում հայրենքի հավաքական վերադարձի նրանց իրավունքն այդպես էլ չի ճանաչվել: Թուրքիայի ԱԳՆ-ն 2014թ. ղրիմյան հանրաքվեն ապօրինի է ճանաչում՝ շեշտելով, որ թերակղզու արմատական թաթար բնակչությունն այն բոյկոտել է:
Ուկրաինայի հարցում Թուրքիայի շահագրգռվածությունը, իհարկե, ավելի բազմաշերտ է: Թրամփի պաշտոնամուտից անցել է արդեն երեք ամիս, բայց Վաշինգտոնի հետ Անկարան դեռևս սկզբունքային նշանակության շփումներ չի հաստատել, ընդ որում՝ նաև իսրայելա-պաղեստինյան կարգավորման և Մերձավոր Արևելքի «նոր աշխարհագրության» հարցերով:
Հիշեցնելով Ղրիմի հարցում «պատմական իրավունքի» և արմատական թաթար բնակչության շահերի պաշտպանության հանձնառությունները՝ Թուրքիան փաստացի ակնարկում է, որ ուկրաինական կարգավորման ռուս-ամերիկյան «գործարքը լիարժեք չի լինի», եթե անտեսվեն աշխարհաքաղաքական իր շահերը:
Ուկրաինայի գործող իշխանությունները մշտապես ընդգծում են Ղրիմի թաթարների իրավունքների հարգման պատրաստակամությունը: Կիևում ազգային հերոսի կոչում է շնորհվել Ղրիմի թաթարների առաջնորդ Մուստաֆա Ջամիլևին, վերջինս Թուրքիայի նախագահի կողմից բազմիցս ընդունելության է արժանացել: Ուկրաինայի պաշտպանության նախարար Ումերովը էթնիկ թաթար է:
Տարածաշրջանում «փափուկ ուժի» կիրառման համար, անշուշտ, Թուրքիային ձեռնտու է, որ Ղրիմը վերադարձվի Ուկրաինայի իրավազորությանը, բայց ո՞վ կարող է հիմնավորապես մերժել, որ Ղրիմի ռուսաստանյան անեքսիայի աշխարհաքաղաքական մոտիվացիաներից մեկն էլ սևծավյան-ազովյան տարածաշրջան Թուրքիայի մուտքի սահմանափակումը չէ:
Ի վերջո, ինչպես Ղրիմը, այնպես էլ այսօրվա Մոլդովայի և «Նովոռուսիայի» մի զգալի մասը Ռուսաստանը գրավել է Օսմանյան կայսրության դեմ մի քանի պատերազմի արդյունքում:
Խնդիր է, թե պատմական այդ «հիմնավորումները» որքանով կարող են ԱՄՆ նախագահ Թրամփի ուշադրությանն արժանանալ կամ ներգրավել նրա աշխարհաքաղաքական ծրագրավորումներում: Շուրջ մեկ ամիս առաջ Ռուսաստանի Դաշնային ժողովի Վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Անկարայում Էդողանին է փոխանցել Վլադիմիր Պուտինի ուղերձը:
Նույն առաքելությամբ նա մարտի 17-ին գտնվել է Բաքվում: Մոսկվա-Անկարա բարձր մակարդակի շփում չի կայացել, տեսանելի ապագայում չի ծրագրվում: Վլադիմիր Պուտինի համար, երևում է, ռուս-ուկրաինական ստամբուլյան պայմանավորվածություններն այլեւս պահանջված չեն: Իսկ Ղրիմի ռուս-թուրքական «փորձությո՞ւնը»: Էրդողանին «զսպելու պարտավորությունը» մնում է Դոնալդ Թրամփի՞ն:
Բաց մի թողեք
Եթե Մերձավոր Արևելքն է որոշում նոր աշխարհակարգի ճարտարապետությունը, ապա ո՞ւմ ռեսուրսն է Հարավային Կովկասը
Փաստորեն առաջին հանդիպումից հետո բարձրաձայնված է ավելի բարձր մակարդակի նշաձողը
Ի՞նչ հիմքի վրա կարող են զարգանալ հայ-վրացա-ադրբեջանական հարաբերությունները