Սպիտակ տանը լրագրողները նախագահ Թրամփին հարցրել են՝ պատրաստվո՞ւմ է Վաշինգտոն հրավիրել Վլադիմիր Պուտինին: «Անկեղծ ասած, ես այդ մասին չէի ցանկանա խոսել: Ինձ պետք է կարգավորել Ուկրաինայի հարցը, գործարք կնքել»:
Մեկնաբանների մի զգալի մասը կարծում է, որ չնայած հավաստիացումներին, թե անցած հանգստյան օրերին Թրամփի և Պուտինի թիմերը շատ արդյունավետ աշխատանք են իրականացրել, ԱՄՆ նախագահի լավատեսությունը ոչ թե մեծանում, այլ, կարծես, նվազում է:
Ռուսական կողմի «բանակցային քեյսի» մասին կարելի է գոնե ընդհանուր պատկերացում կազմել ՌԻԱ-Նովոստի պետական գործակալության՝ Թրամփ-Պուտին հեռախոսազրույցի «բովանդակության անոնսից»: Ըստ այդմ՝ Ռուսաստանի համար առանձին ուկրաինական հարց չկա, խնդիրն անտլանտիզմի մեջ է, լինի դա ամերիկյան, թե եվրոպական, որ Մեծ Ռուսաստանի վերականգնման հակոտնյան է:
Այս առումով, կարծես, բոլորովին էլ պատահական չէր, որ Պուտին-Լուկաշենկո համատեղ մամուլի ասուլիսին լրագրողները Բելառուսի նախագահին հարց ուղղեցին, թե երբ իր երկիրը կմիանա Ռուսաստանին, ինչին նա պատասխանեց, որ մոտ ապագայում դա տեղի չի ունենա: Այսինքն՝ Բելառուսը ոչ թե կմնա անկախ կամ ինտեգրացիայի այլ ընտրություն կկատարի, այլ Ռուսաստանին կմիանա այն ժամանակ, երբ Մեծ Ռուսաստանի ծրագիրը կմտնի գործնականացման փուլ:
Իսկ դրա համար, ինչպես ՌԻԱ-Նովոստիի հեղինակն է ձևակերպել, ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինին պետք է տա հետևյալ հարցերի պատասխանը: «Ե՞րբ և ի՞նչ ձևով կհայտարարվի Ուկրաինային արևմտյան զենքի մատակարարման դադարեցումը՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների և Կիևի միասնական հայտարարությա՞մբ:
Ե՞րբ և ինչպե՞ս է ձևակերպվելու ՆԱՏՕ-ին անդամակցությունից Ուկրաինայի և Ուկրաինան ընդունելուց ՆԱՏՕ-ի հրաժարումը: Ռուսաստանին ե՞րբ է Դաշնության չորս նոր սուբյեկտների նկատմամբ վերահսկողություն տրամադրվելու: Ե՞րբ և ինչպե՞ս է ձևավորվելու Ռուսաստանի հետ պայմանավորվելու ունակ ուկրաինական նոր իշխանությունը»:
Չափազանցություն է, իհարկե, պատկերացնել, որ բավական բարդ իրավիճակում համաձայնեցված հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփին հանձնարարելու է նոթատետրում գրառել վերոնշյալ և այլ պայմանները, իսկ Սպիտակ տան տերը խոնարհաբար կատարելու է նրա ցանկությունը՝ խոստանալով ամենամոտ ապագայում հանել նրա բոլոր մտահոգությունները: Ռուսաստանի պետական լրատվամիջոցի մեկնաբանը չի թաքցնում, որ Մոսկվայի գլխավոր նպատակն արևմտյան համերաշխության մասնատումն է, ինչին նա մեծ մասով արդեն հասել է:
Այս համատեքստում չափազանց ուշագրավ է, որ Մոսկվա է հրավիրվել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, այդ ընթացքում կայացել է նրա, Վլադիմիր Պուտինի և Լուկաշենկոյի ոչ պաշտոնական հանդիպում, ինչպես նաև՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույց:
Արդյունքում կողմերը պայմանավորվել են մայիսի 9-ին հանդիպել Մոսկվայում, իսկ հաջորդ օրը Բաքու է գործուղվել ՌԴ «Սենատի» նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
Այդ այցից պաշտոնական տեղեկատվությունը բավական ինտրիգային է, Մատվիենկոն առանձնազրույց է ունեցել ոչ թե Իլհամ Ալիևի, այլ առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հետ: Ադրբեջանի նախագահը Մատվիենկոյին ընդունել է ռուսաստանյան պատվիրակության ամբողջ կազմի ներկայությամբ:
Ընդ որում՝ խորհրդարանականներին կցագրված է եղել նաև Աստրախանի նահանգապետ Բաբուշկինը: Ադրբեջանը ՌԴ սուբյեկտներից առանձնահատուկ կապեր ունի Թաթարստանի և Աստրախանի մարզի հետ:
Բաքվում կրեմլյան «դեսանտից» մեկ օր առաջ Ադրբեջանի նախագահը դիվանագիտական «վրիպում է թույլ տվել» և «Եվրանյուզին» ասել, որ ամբողջ աշխարհն սպասում է Վաշինգտոնում ընդունվող որոշումներին: ՌԻԱ-Նովոստին շատ հստակ ձևակերպում է, որ «աշխարհի ասողն» այլևս Վլադիմիր Պուտինն է: Նրա, Լուկաշենկոյի և Ռահմոնի մոսկովյան «պիկնիկը» հիշեցնում է Բելովեժյան թավուտում Ելցինի, Կրավչուկի և Շուշկևիչի «որսորդական արկածները»:
Բայց տրամագծորեն հակառակ իմաստով, եթե այն ժամանակ ԽՍՀՄ մահախոսականը գրվեց, ապա այսօր Պուտինը հետխորհրդային տարածքի ռազմա-տնտեսա-աշխարհաքաղաքական ամբողջականությունը վերականգնելու խնդիր ունի: Դոնալդ Թրամփը նրան «չարիքի կայսրության» վերականգնման ինդուլգենիցիա կտա՞:
Բաց մի թողեք
Սպիտակ տունն ու Թրամփն անձամբ գոհ չեն Պուտինի որոշումից
Չինաստանի նոր հետաքրքրությունները Հայաստանում և Ադրբեջանում
Փոխվել են դերակատարները, նույնն է սակրալ հարցը՝ Պուտինը կանգ կառնի՞