16/07/2025

Ադրբեջանին ոչինչ բացատրել պետք չէ, Ադրբեջանին հաղթել է պետք․ Ալեքսան Հակոբյան

«Հրապարակի» զրուցակիցը պատմական գիտությունների դոկտոր, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանն է:

– Ադրբեջանը հոխորտում է, փորձում է խեղաթյուրել պատմությունը` Երեւան քաղաքը կոչում է Էրիվան, ասում է՝ դա ադրբեջանական քաղաք է եւ այլն: Մենք, որպես կանոն, արհամարհում ենք այդ անհեթեթությունները, բայց նրանց կեղծիքը տարածվում է աշխարհով մեկ: Դուք` որպես պատմաբան, ի՞նչ կարող եք ասել` ինչո՞ւ է թշնամին շարունակ նույն կեղծիքը շրջանառում, եւ ինչպե՞ս է ծագել «Էրիվան» անվանումը: Հնարավոր չէ՞ ադրբեջանական կողմին պատմական փաստերով ապացուցել, որ այդ ցնորամտությունները շարունակ չկրկնեն:

– Ադրբեջանին ոչինչ բացատրել պետք չէ, Ադրբեջանին հաղթել է պետք, ինչը մի ժամանակ ստացվում էր, իսկ հիմա, չգիտես ինչու, չի ստացվում: Ի՞նչ բացատրես թշնամուն: Խոսքն այնպիսի բան է, որ հատկապես ազատ աշխարհում դրա դեմ առնելը դժվար է: Սակայն, եթե խոսում ենք գիտականորեն, ապա ամեն ինչ իր տեղն է ընկնում: Գիտնականները հստակ գիտեն, որ Երեւանը հայկական քաղաք է, որտեղ ընդհանրապես ադրբեջանական հետք չկա: Ինչ վերաբերում է «Երեւան» ու «Էրիվան» բառերին, ապա հայերենում «է», «ե» տառերը շատ հաճախ փոխարինում են միմյանց, տառերի մեջ ոչ մի խնդիր չկա: Մաշտոցի ժամանակ «ե» տառը «է» է հնչել, դա շատ նորմալ լեզվաբանական երեւույթ է, ես այդտեղ ոչ մի խնդիր չեմ տեսնում` «Էրիվանն» էլ է հայկական քաղաք, «Երեւանն» էլ: «Էրիվանը» ռուսական տարբերակ է, երբ Արեւելյան Հայաստանը մտավ Ցարական Ռուսաստանի կազմ, այդ ժամանակ ռուսերենում ընդունվեց «Էրիվան» ձեւը, սակայն հայերենում մնաց «Երեւան»: Ռուսական տարբերակն այժմ այլ երկրներում էլ է կիրառվում, օրինակ` 19-րդ դարի եվրոպական գրականության մեջ Երեւանը նշվում է` Էրիվան, դա բնավ չի նշանակում, որ Երեւանն ադրբեջանական քաղաք է: Եթե ադրբեջանցիները մտածում են, որ եթե Էրիվան է, ուրեմն հայկական չէ, դեռ մի բան էլ` ադրբեջանական է, դա անհեթեթություն է, որը ոչ մի աղերս չունի իրականության հետ:

– Փաստորեն, եթե ասում են` Էրիվան, դա բնավ չի նշանակում, որ ինչ-որ կապ կա Էրիվանի եւ Ադրբեջանի միջեւ:

– Ամենեւին ադրբեջանական քաղաք չէ Էրիվանը: Ուղղակի զավեշտալի է այդ պարզունակ մտածողությունը, որ եթե Էրիվան է, ուրեմն ադրբեջանական է: Թբիլիսի, Թիֆլիս, Տփխիզ, նույն վրացական քաղաքն է` տարբեր ժամանակներում, տարբեր կերպ է անվանվել, բայց դա ոչինչ չի նշանակում, եվրոպական մի շարք հայտնի երկրներում էլ է անգամ անվանումների տարբերություն եղել, այնքան տգետ են ադրբեջանցիները, որ նշանակություն են տալիս նման անկարեւոր երեւույթներին:

– Առհասարակ, Երեւանում ադրբեջանցիները որտեղի՞ց եւ ե՞րբ են հայտնվել, ինչպե՞ս են ապրել: Որտեղի՞ց այն միտքը, որ եթե Երեւանում ադրբեջանցիներ են ապրել, ուրեմն սա իրենց պատմական հայրենիքն է:

– Թուրքական ցեղերը շատ շարժուն, քոչվոր ցեղեր են եղել, ապրել են տարբեր տեղերում` Միջին Ասիայից հասել են անգամ Ֆրանսիա, բայց դա ամենեւին չի նշանակում, որ եթե ինչ-որ տեղ են գնում եւ ապրում, դա իրենց պատմական հայրենիքն է դառնում: Ադրբեջանցիներն ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում եւ Աղվանքում են ապրել: Փոքր Ասիա են գնացել, Բյուզանդիայի տարածք են հասել, մտել են Եվրոպա, Բալկաններն են նվաճել ու բնակվել, բայց, միեւնույն է, այդ տարածքները չեն դարձել թուրքական: Այս պրոցեսներից հետո միայն ձեւավորվել են թուրքական պետություններ, որոնք իսկապես թուրքական են: Երեւանում ադրբեջանցիներ ապրել են, սակայն երբեք շատ չեն եղել: Համենայնդեպս` մեծամասնություն երբեք չեն կազմել: Օրինակ` Մասիսի շրջանում ադրբեջանցիները կազմել են մեծամասնություն, դա Շահ Աբասի ժամանակ էր, հայերին բռնագաղթի ենթարկեցին, հայերին տարան Պարսկաստանի խորքերը՝ որոշելով, որ այստեղ չպետք է լինեն հողագործներ, քոչվորներն ու հողագործները շատ տարբեր են, իսկ այդ ժամանակ կար քաղաքական խնդիր: Դա է եղել պատճառը, որ ինչ-որ շրջաններում մեծամասնություն են կազմել, բայց Երեւան քաղաքը երբեք չի եղել այդ շարքերում: Փոքրամասնություն էր Երեւանում, որն ուներ քաղաքական իշխանություն, քանի որ այդ շրջանում մահմեդականներ էին: Երեւանի խաներն էին նրանց ղեկավարները: Ադրբեջանցի ժողովուրդն այդ շրջանում չէր ձեւավորվել անգամ, հետագայում միայն նոր ժողովրդի կազմավորում տեղի ունեցավ, 19-20-րդ դարերում ստեղծվեց Ադրբեջանը, իսկ դրանից առաջ ադրբեջանցի չէին անգամ, այլ թուրքալեզու ցեղեր էին: Կային նաեւ մահմեդական ցեղեր, որոնք քրդալեզու էին:

– Իսկ ի՞նչ ասել է «Արեւմտյան Ադրբեջան»: Որտեղի՞ց է ծագել այս կեղծ անվանումը:

– Սա հերթական կեղծիքն է, լրիվ հորինված բան է, կան պատմական հորինվածքներ, որոնք գոնե ինչ-ինչ օբյեկտիվ պայմաններում են ձեւավորվել, սակայն կան ստեր, որոնք հատուկ են հորինվել: Սա հենց այդ դեպքն է: Ոչ մի նման եզրույթ չկա ու չի եղել 19-րդ, 20-րդ դարերում: Նույնիսկ Ադրբեջան պետություն ստեղծելու ժամանակ գոյություն չուներ «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթը: Ի դեպ, ոմանք «Արեւմտյան Ադրբեջանը» համեմատում են «Արեւմտյան Հայաստան»-ի հետ, բայց «Արեւմտյան Հայաստանը» հաստատապես պատմական եզրույթ է, պատմական իրողությունների արտահայտում: