22/04/2025

Ադրբեջանում նաև տարածաշրջանային այլ զարգացումներ են հաշվարկվել

Ադրբեջանի կառավարության որոշմամբ այդ երկրի ամբողջ տարածքում հատուկ կարանտինային ռեժիմը երկարաձգվել է ևս երեք ամսով՝ մինչև սույն թվականի հուլիսի 1 06:00 ժամը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ որոշումն ընդունվել է կորոնավիրուսային բացիլի և հնարավոր բարդությունների տարածումը կանխելու նպատակով: Հատուկ կարանտինային ռեժիմը պետք է ավարտվեր ապրիլի մեկին:

Տպավորություն կար, որ Ադրբեջանը հատուկ կարանտինային ռեժիմը չի երկարաձգի կամ առնվազն կոշտ սահմանափակումները կվերացնի: Նման լավատեսության համար Բաքվի որոշ փորձագետներ հիմք էին ընդունել Վրաստանի վարչապետի Բաքվում տարեսկզբին արած դիտարկումը, որ երկու երկրների միջև ցամաքային սահմանի բացումը ոչ միայն տնտեսական նպաստ կբերի, այլև երկու ժողովուրդների միջև ավանդական շփումների վերականգնման հնարավորություն կստեղծի:

Ցամաքային սահմանների բացման «հստակ ազդակ» էր համարվում «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ հայտարարությունը, որ մոտակա ամիսներին կվերսկսվի Բաքու-Թբիլիսի և հակառակ ուղղությամբ մարդատար գնացքների երթևեկությունը: Հատուկ կարանտինային ռեժիմի երկարաձգման մասին Ադրբեջանի կառավարության որոշումը նման հնարավորություն չի նախատեսում, ցամաքային սահմանները մնում են «կողպեքի տակ»:

Ադրբեջանը ցամաքային սահմանները փակել է 2020 թվականի հունվարին: Չորս տարի անց, ելույթ ունենալով Միլլի մեջլիսում, Իլհամ Ալիևը հրապարակային խոստովանություն է արել, որ նման քայլի գնալու ներքին ոչ մի պատճառ չի ունեցել․ «Ադրբեջանում անվտանգությունն ապահովվում է ամենաբարձր և շատ երկրների համար օրինակելի մակարդակով»,- ասել է նա և հավելել, որ ցամաքային սահմանների փակումը «երկիրը փրկել է խոշոր աղետներից»:

«Անգամ այսօր, երբ սահմանները փակ են, մեր դեմ վտանգավոր գործողություններ են ձեռնարկվում, դրանք կանխվում են: Փակ սահմանները մեզ պաշտպանում են արտաքին ռիսկերից»,- 2024 թվականի սեպտեմբերի 23-ին Միլլի մեջլիսում հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ առանց, իհարկե, մասնավորեցնելու, թե կոնկրետ ի՞նչ «արտաքին ռիսկերի է բախվում» Ադրբեջանը:

Ադրբեջանը գործող ցամաքային սահմաններ ունի Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի և Թուրքիայի հետ: Ֆորմալ առումով հարաբերությունները ոչ միայն բարիդրացիական, այլև ռազմավարական-գործընկերային են: Այդուհանդերձ, Իլհամ Ալիևի ներկայացմամբ՝ եթե սահմանները բացվեն, ապա Ադրբեջանը կբախվի անվտանգային արտաքին ռիսկերի:

Հատուկ կարանտինային ռեժիմը ևս երեք ամսով երկարաձգելու որոշում Ադրբեջանն ընդունում է մի փուլում, երբ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պայմանագրի տեքստը լիովին համաձայնեցված է, և միջազգային դերակատարները կողմերին հորդորում են հնարավորինս սեղմ ժամկետում վերջնականացնել ստորագրման և վավերացման գործընթացը:

Բաքուն, սակայն, առաջ է քաշել «նախապայմաններ»: Վերջին մի քանի օրերին Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը պարբերական հաղորդագրություններով ապատեղեկատվություն է տարածում, որ հայկական ուժերը հրաձգային զինատեսակներից գնդակոծում են ադրբեջանական բանակի դիրքերը: Իշխանական լրատվամիջոցի մեկնաբանը գտնում է, որ եթե այդպես շարունակվի, Ադրբեջանը ստիպված կլինի պատասխան քայլերի դիմել:

Ցամաքային սահմանները մինչև առնվազն հուլիսի մեկը փակ պահելու որոշումը, անկասկած, ենթատեքստային վկայություն է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ մոտ ապագայում խաղաղության պայմանագիր ստորագրելու մտադրություն չունի:

Բացառված չէ, որ Ադրբեջանում նաև տարածաշրջանային այլ զարգացումներ են հաշվարկվել: Միլլի մեջլիսի պատգամավոր Օրուջևը մի քանի ամիս առաջ կարծիք է հայտնել, որ եթե Իրանի շուրջ իրավիճակը սրվի, ապա հարյուր հազարավոր էթնիկ ազերիներ «կհորդեն Ադրբեջան»: Ամեն դեպքում սահմանները փակ պահելու մասին Ադրբեջանի կառավարության հերթական որոշումը դրական ակնկալիքների նախանշան չէ:

Translate »