24/04/2025

Ստամբուլում ցուցարարները կոտրել են քաղաքապետարանի շենքի դուռն ու ապակիները և ներս մտել. Ինչ է ասել Աբդուլլահ Գյուլը

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, քեմալական «Ժողովրդադեմոկրատական» (ԺՀԿ-CHP) կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո երկրի մի շարք քաղաքներում շարունակվում են բողոքի ցույցերը։

Ermenihaber.am – Միջանկյալ նշենք, որ Իմամօղլուն կասկածվում է կաշառակերության, կոռուպցիայի և ահաբեկչության օժանդակման մեջ։ Ցույցերը շարունկավում են Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Էսքիշեհիրում, Չորումում, Անթալիայում, Սաքարիայում, Մերսինում, Մալաթիայում, Բուրսայում և Քոնյայում։

Ստամբուլում բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև ծեծկռտուք է սկսվել, ինչից հետո ցուցարարները կոտրել են Ստամբուլի քաղաքապետարանի շենքի դուռն ու ապակիները և ներս մտել։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան հայտարարել է, որ Թուրքիայում բողոքի ակցիաների հետևանքով բերման ենթարկվածների թիվը հասել է 343-ի։

Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլն անդրադարձել է Ստամբուլի ըննդիմադիր քաղաքապետ, քեմալական «Ժողովրդադեմոկրատական» (ԺՀԿ-CHP) կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությանը։ Նա մասնավորապես նշել է․

«Ես մտահոգությամբ հետևում եմ վերջին օրերին Ստամբուլի քաղաքապետի և շատ ուրիշների ձերբակալությամբ սկսված գործընթացին: Իսկապես ցավալի է, որ մենք հասել ենք այս գործընթացին, որը լայն լուսաբանում է ստացել ինչպես Թուրքիայի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

Ըստ Գյուլի՝ մինչ հաջորդ ընտրությունները մնացել է մոտ 3 տարի, և որոշ խնդիրներ հնարավոր է լուծել քաղաքական երկխոսության և բանաձևերի միջոցով, և նման ցնցումների մեջ մնալը Թուրքիային առաջ չի տանի։

«Հիշենք, թե ինչպես հանրային խիղճն չընդունեց նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և իմ հանդեպ կատարված անարդարությունները։ Ժողովրդի կամքով քաղաքապետ ընտրված Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ նման սխալներ չպետք է արվեն»- ընդգծել է Գյուլը։

Նախկին նախագահը նշել է, որ Թուրքիան ժամացույցը հետ տալու և նմանատիպ անախորժություններ նորից ապրելու շքեղություն չունի։ Նման եռուզեռը բարօրություն չի բերել և չի բերի Թուրքիայի հասարակության ոչ մի հատվածի՝ ո՛չ իշխանությանը, ո՛չ ընդդիմությանը։

«Մենք չպետք է կորցնենք օրենքը և արդարությունը, հակառակ դեպքում Թուրքիան կպարտվի»,-ընդգծել է Գյուլը։

Իհարկե, այն հարցերը, որոնք ենթակա են դատական ​​գործընթացի, պետք է պատշաճ կերպով վարվեն: Բոլորս էլ գիտենք, որ դա պետք է համընդհանուր սկզբունքներին համապատասխան լինի։ «Հիշենք, որ նախկինում մեր կատարած իրավական բարեփոխումները հենց այս նպատակով էին։ Հակառակ դեպքում այսօրվա խնդիրները կդառնան վաղվա բեռ։ Կատարված փոխադարձ մարտավարական քայլերը երկարաժամկետ հեռանկարում խոչընդոտ կդառնան մեր ճանապարհին»։

Իշխանության և ընդդիմության միջև լարվածության սրումը ոչ մի օգուտ չունի։ Նման իրավիճակը կայուն չէ, ուստի, քանի դեռ այսքան ժամանակ է մնացել հաջորդ ընտրություններին, անպատշաճ կլինի վարել կոնֆլիկտային լեզվով գերիշխող քաղաքականություն։