29/04/2025

Գրիգորի Խաչատուրովի մտերիմ ընկերն ազատ է արձակվել․ Լուսանկար

Արարատի զորամասի նախկին հրամանատար, «Ռոժ» մականունով հայտնի Վարդան Մարտիրոսյանը, Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի որոշմամբ, երեկ կալանքից ազատ է արձակվել։ Նրա պաշտպան Գեղամ Հակոբյանը «Հրապարակ»-ին ասաց․ ընտրվել է խափանման այլ միջոց՝ տնային կալանք, եւ կիրառվել է գրավ։

Գործն այժմ դատաքննության փուլում է։ Ըստ մեղադրանքի՝ «Մարտիրոսյանը, զբաղեցնելով ՀՀ ՊՆ իրային բազայի թիվ 98360 զորամասի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, խմբի կազմում ապօրինի գործողություններ եւ հովանավորչություն կատարելու համար ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք, խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար եւ կատարել պաշտոնեական կեղծիք:

Բացի այդ, Վարդան Մարտիրոսյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, խմբի կազմում ապօրինի գործողություն կատարելու համար ստացել է խոշոր չափերի կաշառք, կատարել պաշտոնեական կեղծիք եւ դրդել է պաշտոնատար անձանց իշխանության չարաշահմանը»: Գործով 4 անձ է անցնում։

Մեղադրանքում նշված է, որ պայմանագրեր են կնքվել Մասիսի «Գարուն» կարի ֆաբրիկայի եւ պաշտպանության նախարարության միջեւ, որ ֆաբրիկան պետք է դերձակի ծառայություններ մատուցի։ Սակայն պայմանագրերով նախատեսված ապրանքատեսակները մինչեւ կատարողի կողմից պատվիրատուին մատակարարվելը, Մասիսի «Գարուն» կարի ֆաբրիկայի տնօրեն Վաղինակ Եղիազարյանը պայմանավորվածություն է ձեռք բերել պաշտոնատար անձանց՝ Վարդան Մարտիրոսյանի եւ զորամասի պահեստարանի պետ Վարդան Մովսիսյանի հետ՝ «տեխնիկական բնութագրերին չհամապատասխանելու պայմաններում պատվիրատուի կողմից դրանք անխոչընդոտ ընդունելու վերաբերյալ՝ խոստանալով տալ առանձնապես խոշոր չափի, ընդհանուր՝ 6 մլն 500 հազար ՀՀ դրամ կաշառք»:

Վաղինակ Եղիազարյանը, ըստ մեղադրանքի, այդ 6 մլն 500 հազարից 3 մլն 700 հազարը մաս-մաս փոխանցել է Վարդան Մովսիսյանին եւ Վարդան Մարտիրոսյանին: Վարդան Մարտիրոսյանին կալանավորել, ապա ազատ արձակել էին ավելի վաղ, նա մեկ տարուց ավելի եղել է ազատության մեջ, սակայն դատախազությունը բողոքարկել էր այդ որոշումները եւ վճռաբեկում հասել նրան, որ մի անհասկանալի, անորոշ որոշում կայացվի, ինչի հիման վրա էլ գործը քննող դատավորը դարձյալ կալանք էր սահմանել նրա նկատմամբ` մեղադրողի միջնորդության հիման վրա։ Այժմ Մարտիրոսյանը կրկին ազատության մեջ է հայտնվել, տեսնենք, թե այս անգամ ինչքան կտեւի։

Հիշեցնենք․ Մարտիրոսյանը Գրիգորի Խաչատուրովի մտերիմ ընկերն է։ 2010-ին հանրապետությունով մեկ մեծ աղմուկ բարձրացավ Վարդան Մարտիրոսյանի շուրջ, նա այս դեպքից հայտնի դարձավ։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ Վարդան Մարտիրոսյանը  եւ գնդի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Արթուր Կարապետյանն այդ ժամանակ ձերբակալվել էին զինվորականներից «գումարներ շորթելու, նվաստացնելու եւ դիրքի չարաշահման» մեղադրանքներով: Հետագայում այդ քրեական գործը կարճվել էր` դատական քննության փուլ չհասնելով։

Գլխավոր դատախազությունից հետաքրքրվեցինք՝ բողոքարկելո՞ւ են կալանքից ազատ արձակելու եւ գրավ կիրառելու մասին դատարանի որոշումը։ Մեզ պատասխանեցին՝ դատական ակտը ստանալուց հետո կքննարկվի որոշումը Վճռաբեկ դատարան բողոքարկելու հարցը։

«Հրապարակ». Գրիգորի Խաչատուրովի ընկերն ազատ է արձակվել