Խաղաության պայմանագիր, թե համաձայնագիր․ նախ պետք է կողմնորոշվել, թե այդ փաստաթուղթն ինչ է, քանի որ բառախաղ չենք խաղում:
Նախքան վերջին երկու կետերի համաձայնեցումը պայմանագրի մասին էին խոսում, իսկ կետերի համաձայնեցումից հետո ինչ-որ հրաշքով այն դարձավ համաձայնագիր։ Այդ մասին 24news.am-ին տված հարցազրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության փաստաթղթին։
Նրա խոսքով՝ համաձայնագիրը, եթե ստորագրվի էլ Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի կողմից, որևէ իրավական ուժ չի ունենալու. «Եթե ստորագրվում է պայմանագիր, այդ փաստաթուղթը պարտադիր մտնում է երկու պետությունների ՍԴ, որից հետո այն մտնում է երկու երկրների խորհրդարան՝ հաստատման, որից հետո այն կունենա իրավական ուժ։ Իսկ համաձայնագիրը թղթի կտոր է, որը ցանկացած պահի կարող են շպրտել մի կողմ»։
Արթուր Վանեցյանի դիտարկմամբ՝ այս խաղաղության փաստաթղթի նպատակը 2026 թվականի ընտրություններին ՔՊ-ի օգտին ձայներ կորզելն է. «Այս իշխանությունները բոլոր ոլորտները ձախողել են, բոլոր՝ ֆուտբոլից մինչև արտաքին քաղաքականություն, պաշտպանություն, անվտանգություն, սոցիալական։ Եթե մեկը կգտնվի, որ ինձ կապացուցի, Նիկոլ Փաշինյանի թիմը ինչ-որ հաջողություն ունեցել է այս յոթ տարիների կառավարման ժամանակ, ես ներողություն կխնդրեմ։ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի 2026-ին վերարտադրվելու։ Ի՞նչ պիտի նա ներկայացնի քաղաքացիներին, որ իրեն քվե տան։ Նա պետք է գա ու ասի՝ ժողովուրդ ջան, տեսեք, ես էս հինգ տարին նենց արեցի, որ ապահովեցի ձեր անվտանգությունը, հիմա եկել հասել ենք էդ վերջին կետին, որ ես էդ փաստաթուղթը ստորագրեմ ու մենք ՀՀ-ին բերենք հավերժ խաղաղություն։ Հիմա ինձ քվե տվեք, որ ես գնամ, այդ փաստաթուղթը ստորագրեմ։ Էստեղ էլի գալիս ենք համաձայնագիր-պայմանագիր բառախաղին։ Համաձայնագիրն ինքը հիմա կստորագրի, որպեսզի 2026-ի ընտրություններին ասի՝ ես պիտի ունենամ նոր մանդատ, որ պայմանագիրն էլ ստորագրեմ։ Ալիևը պայմանագիրը հիմա չի ստորագրի, համաձայնագիրը կարող է ստորագրի, եթե մենք այդ տրամաբանության մեջ ենք, որ համաձայնագիր է լինելու, ապա՝ պայմանագիր»։
«Հայրենիք» կուսակցության ղեկավարի կարծիքով՝ այդ փաստաթղթի մասին ամեն ինչ չէ, որ հայտնի է, պարզ չէ՝ Ադրբեջանը հանե՞լ է այն կետը, որ ՀՀ-ն չպետք է ունենա զինված ուժեր, կամ Սահմանադրության փոփոխության հարցն արդյո՞ք Ադրբեջանի պահանջով չէ. «Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանն իրեն ճղի, ասի, որ Սահմանադրությունն Ադրբեջանի պահանջով չի փոխելու, Ալիևը հայտարարում է ՀՀ-ի Սահմանադրության փոփոխության մասին»,- նկատեց նա։
Դիտարկմանը, որ իշխանությունն ընդդիմությանը մեղադրում է ադրբեջանական թեզեր հնչեցնելու մեջ, այսինքն՝ վերոնշյալ պահանջներից որևէ մեկը խաղաղության փաստաթղթում ամրագրված չէ, Արթուր Վանեցյանն արձագանքեց՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա քաղաքական թիմը սինքրոն աշխատում է Ադրբեջանի հետ և ադրբեջանական թեզերը բերում է հայաստանյան օրակարգ։
«Ադրբեջանական կողմն ասում է՝ Հայաստանին խաղաղություն կնքելու մեջ խանգարում են Սփյուռքը, ռևանշիստական ուժերն ու եկեղեցին։ Ի՞նչ ենք մենք տեսնում․ Սփյուռքի հետ հարաբերությունների խզում-սառեցում, «ռևանշիստական ուժերի» նկատմամբ քաղաքական հետապնդումներ և եկեղեցու դեմ արշավ։ Հիմա ո՞վ է այդ թեզերը բերում մեր օրակարգ»։
Հարցին, թե այդ դեպքում ի՞նչ է առաջարկում ընդդիմությունը, Արթուր Վանեցյանը պատասխանեց՝ որևէ մեկը դեմ չէ խաղաղությանը. «Միայն աննորմալ մարդը կարող է ասել, որ դեմ է խաղաղությանը, բայց խաղաղությունն ունի արժեք։ 2021-ին՝ Արցախյան պատերազմից հետո, էլի կար խաղաղություն, երաշխավորված էր Արցախի ժողովրդի՝ իրենց հողում անվտանգ ապրելու իրավունքը, բայց մենք ի՞նչ տեսանք»։
Դիտարկմանը, որ այս ամենում էլ իշխանությունն ունի իր պատճառաբանությունը, մեղքը գցում է ռուսների վրա, որոնք սադրեցին իրավիճակն Արցախում, և դրան էլ հետևեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը, Արթուր Վանեցյանն արձագանքեց՝ Արայիկ Հարությունյանն առնվազն երեք անգամ հայտարարել է, որ ուզում է հրաժարական տալ։
Բաց մի թողեք
Կարևոր արձագանք Արսեն Թորոսյանից․ Էդգար Ղազարյան
Փաշինյանի «իրական Հայաստանն», այսպիսով, վերջնականապես ստանալու է Ալիեւի եւ Լուկաշենկոյի «իրական Ադրբեջանի» կամ «իրական Բելառուսի» տեսքը
Զինվորական ծառայության սահմանային տարիքը կփոխվի՞․ մանրամասներ