11/07/2025

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի օրինագիծը

ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծն ընդգրկվել է ՀՀ Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգում:

Այն քննարկվում է երկրորդ ընթերցմամբ:

Եվրաինտեգրման հանձնաժողովը, հիշեցնենք, դրական եզրակացություն է տվել «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին։

Այն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ ո ամբողջությամբ՝ 64 կողմ, 7 դեմ, 0 ձեռնպահ քվեարկության արդյունքով։

Հիմնական զեկուցող, նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը ԱԺ-ում իր ելույթի ընթացքում հիշեցրեց՝ ՀՀ Սահմանադրության ընձեռած հնարավորության իրականացմամբ՝ քաղաքացիական նախաձեռնությամբ ներկայացվել է օրենքի նախագիծը

«Օրենքի կարգի պահպանմամբ Հայաստանի1000-ից ավելի համայնքներից ընդամենը 44-ում օրենքով նախատեսված ժամկետի կեսում հավաքվել է օրենքով սահմանված նվազագույն ստորագրությունների կրկնապատիկը: Նաև հասարակական հարցումները վկայում են այն մասին, որ ՀՀ ժողովուրդը հակված է, որպեսզի ՀՀ-ն անդամակցի ԵՄ-ին»։

Նրա խոսքով՝ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է, առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում Կառավարությունը ներկայացրել է առաջարկություն, որն աշխատանքային կարգով քննարկվել է ԱԺ-ում՝ Կառավարության հետ նախաձեռնող խմբի անդամների մասնակցությամբ, և ընդունվել է փոխադարձ ընդունելի տարբերակը:

Զեյնալյանն այնուհետև ներկայացրեց օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ՝ «ՀՀ օրենքը Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին․ «Հայաստանի Հանրապետությունը, նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայունությունը և իրավունքի գերակայությունը, հայտարարում եմ Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկը:

Եվրոպական ինտեգրման հանձնաժողովում քննարկման ընթացքում հնչեցվել է հարց, որի պատասխանը հարկ եմ համարում հնչեցնել նաև ԱԺ ամբիոնից, այն է՝ եղե՞լ են արդյոք արձագանքներ առաջինից երկրորդ ընթերցման փուլի միջակայքում Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի օրենքի ընդունման վերաբերյալ: Դրա անհրաժեշտության կամ ողջունող հայտարարություններ եղե՞լ են արդյոք, թե՞ ոչ: Պաշտոնական հայտարարությունների մասին է խոսքը»։

Հարակից զեկուցող, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հիշեցրեց՝ Կառավարությունն առաջարկել էր օրենքի տեքստից հանել նախաբանը, հայտնեց՝ Կառավարության ներկայացուցիչների հետ քննարկումներում հանել են նախաբանի մի մասը:

Նա հայտնեց՝ օրենքի նախագիծը հավանության է արժանացել Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում և առաջարկեց կողմ քվեարկել նախագծին: