«ՀՀ Ազգային ժողովում այսօր քննվելու է ԱԺ պատգամավոր Տարոն Մարգարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը, որը վերաբերում է այն հանցանքին, թե Տարոն Մարգարյանը կրթական հաստատությունից տարածք է օտարել, որը չի ծառայել ուսումնական նպատակի:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այսինքն՝ երկու դպրոցի և մեկ մանկապարտեզի տարածքից քաղաքապետը աճուրդով մի մաս է օտարել, որի վաճառքից գոյացած գումարը մտել է քաղաքային բյուջե, բայց շուրջ 7 տարի քննելով այս հարցը՝ հիմա դատախազը եկել է վերաորակավորելու, թե տեղի է ունեցել փողերի լվացում:
Սակայն այն արարքը, որի համար մեղադրվում է Տարոն Մարգարյանը, ներկայիս իշխանությունները բավականին հաճախ են թույլ տալիս, բայց դատախազը նրանց նկատմամբ վարույթ չի նախաձեռնում:
«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ՀՀ Կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 5-ի N 1984-Ա որոշումը, տեղեկացավ, որ «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը (անհատույց օգտագործման իրավունքով) տրամադրված, պետական սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, համայնք Մեծամոր ք. թիվ 2 հասցեում գտնվող 1811.5 քմ մակերեսով շենքը (նախկին դպրոց), ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.804 հեկտար մակերեսով հողամասը հետ են վերցրել և օտարել դասական աճուրդով։
Այսինքն` էլի կրթական հաստատության տարածք է օտարվել, որի համար Տարոն Մարգարյանին ուզում են մեղադրանք առաջադրել:
«Ժողովուրդ» օրաթերթը, ծանոթանալով ՀՀ Կառավարության 2023 թ. օգոստոսի 17-ի N 1411-Ա որոշմանը, տեղեկացավ` որոշում է կայացվել Երևան քաղաքի Խանջյան փ. 9 հասցեում գտնվող և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված գույքի կազմից առանձնացված՝ քաղաք Երևան, Խանջյան փ. 9/6 հասցեում գտնվող, 794 քմ մակերեսով շենք-շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0,15 հեկտար մակերեսով հողամասը հետ վերցնել և օտարել մրցույթով: Էլի այն նույն արարքը, ինչի համար Տարոն Մարգարյանին դատախազը ուզում է նոր մեղադրանք առաջադրել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս հասցեում ներկայումս իրականացվում է բազմաբնակարան շենքի կառուցում, և ուսումնական հաստատությանը պատկանող հողատարածքը ամենևին էլ չի ծառայում ուսումնական նպատակի»:
Բաց մի թողեք
Սիսեռով հեղաշրջում՝ համարել են ահաբեկչության նախապատրաստություն
Նույն հաջողությամբ նա կարող էր, ասենք, սիրել ձի վարել, ու վաղն իրեն բռնեին ասեին՝ այդ ձիով պատրաստվում էիր մարդկանց տրորել
Եվ այսպես. մի քայլ էլ արեցինք դեպի պետության ոչնչացում