19/04/2025

Հայցերը հետ կանչելու խոստումը վերաբերում է միայն պետակա՞ն հայցերին, թե՞ խոսքը նաեւ անհատական հայցերի մասին է

44-օրյա պատերազմում անհետ կորածների եւ գերիների ծնողները տասն օր առաջ կառավարության շենքի առջեւ Փաշինյանից պահանջում էին՝ ցույց տալ «խաղաղության համաձայնագիր» կոչվող փաստաթուղթը, որն Ալիեւի հետ պատրաստվում է ստորագրել։

Հրապարակ թերթը գրել է․ Հարցնում էին` ինչո՞ւ է Փաշինյանը որոշել հետ կանչել միջազգային ատյաններում Բաքվի դեմ ներկայացված հայցերը։ Անհետ կորած զինծառայողների ծնողները, որոնք տասնյակ հայցեր են ներկայացրել միջազգային դատարաններ եւ հույս ունեն, որ դրանք լուծում կստանան, կոնկրետ պատասխան էին պահանջում, բայց չստացան: Փաստաթղթի տեքստն էլ, բնականաբար, նրանց չտրամադրվեց։

Անհետ կորած զինծառայողների ծնողներից Հովհաննես Պողոսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ նույն պահանջով գնացել են նաեւ արտաքին գործերի նախարարություն եւ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակ, որը նախկինում ղեկավարում էր Եղիշե Կիրակոսյանը։ «ԱԳՆ գրավոր դիմում ենք գրել՝ փաստաթղթին ծանոթանալու համար։ Եթե գաղտնիության տակ են պահում, գոնե թող ցույց տան միջազգային ատյաններից հայցերը հետ կանչելու կետը։ Դեռ պատասխան չունենք։ Եղիշե Կիրակոսյանի տեղակալը մեզ ընդունեց, հստակ որեւէ բան չասաց»,- ասաց նա։

Ծնողները մտահոգված են՝ այս հայցերը հետ կանչելուց հետո Ալիեւի դեմն առնել չի լինի։ «Դրան միակ զսպող օղակը Եվրոպական դատարանն է, հայցերը եթե հետ կանչվեցին, մենք անզոր ենք լինելու։ Ալիեւին պետք ա, որ նստի ու հրամայի, իրեն դուր չի գա, որ Եվրոպական դատարանից կանչեն ասեն՝ արագացրու, էրեխեքի հարցերով լուծում տուր։ Միայն այս հայցերը չի, որ հետ է կանչում, ուրիշ հայցեր էլ կան՝ հումանիտար եւ այլն։ Մենք ուզում ենք ծանոթանանք այդ փաստաթղթին»,- ասաց Պողոսյանը։

Անհետ կորածների եւ գերիների ծնողներն իրենց խաբված են զգում` իշխանությունը տարիներ շարունակ մատների վրա ֆռռացրել է իրենց։ «Մեր երեխեքի հարցով հանձնաժողովը պիտի աշխատի, մեզ ո՛չ ասել են՝ երեխեքը կան, ո՛չ ասել են՝ չկան։ Վերջերս հարցազրույց է տվել ԱԱԾ պետը, նույնն էլ մեզ է ասել։ Մեզ ասում են՝ անհետ կորածների ու գերիների հարցով նոր հանձնաժողով պիտի ստեղծեն, ես ասում եմ՝ չեմ հավատում իրենց, նման հանձնաժողով կա, ի՞նչ են արել վերջին 4 տարիներին»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ ամիսներ շարունակ Բաքուն Երեւանից պահանջում է՝ որպես խաղաղության համաձայնագիրը ստորագրելու նախապայման, հետ կանչել միջազգային ատյաններում իր դեմ ներկայացված հայցերը։ Մարտի 13-ին երկու երկրների ԱԳ նախարարությունները հայտարարեցին, որ համաձայնության են եկել բոլոր կետերի շուրջ, պատրաստ են համաձայնագիրը ստորագրել, այդ թվում` հրաժարվելով միջազգային հայցերից եւ հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ տեղակայելուց. խոսքը եվրադիտորդների մասին է: Մի հարց միայն բաց մնաց` հայցերը հետ կանչելու խոստումը վերաբերում է միայն պետակա՞ն հայցերին, թե՞ խոսքը նաեւ անհատական հայցերի մասին է:

Translate »