02/04/2025

Ինչպե՞ս կարելի է այդքան անթաքույց գործել եւ այսքան ցինիկ լինել․ Ալեքսեյ Սուքոյան

Ազգային ժողովն այս օրերին քննարկում էր իշխող թիմի նախկին անդամ, պատգամավոր Հովիկ Աղազարյանին ու ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը:

Հրապարակ թերթը գրել է․ Գլխավոր դատախազը ներկայացրել է միջնորդություն: Աղազարյանը կասկածվում է կոռուպցիոն գործարքների, Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ մանկապարտեզների ու դպրոցների տարածքները ապօրինի օտարելու համար: Դատախազը դիմել է ԱԺ, որ թույլտվություն ստանա՝ նրանց նկատմամբ քրեական գործ հարուցելու համար: Աղազարյանը պնդում է, որ սա արվում է իրեն մանդատից զրկելու համար` Նիկոլ Փաշինյանի հրահանգով: Մարգարյանն ասում է. «Այս ամենն իմ դեմ արդեն 7 տարի շարունակվող քաղաքական հետապնդման հերթական դրվագն» է։ Փակ-գաղտնի քվեարկությամբ ԱԺ պատգամավորների մեծամասնությունը (67 կողմ՝ Տարոն Մարգարյանին, 65 կողմ, 2 դեմ՝ Աղազարյանին) տվեց իր համաձայնությունը դատախազի միջնորդությանը։  Փաշինյանի ռեժիմի համար նման քայլերը սովորական բան են: Արմեն Աշոտյանի գործը դրա ցցուն օրինակն է` նա 6 ամսից ավելի կալանավորված էր, ապա կալանքը փոխարինվեց տնային կալանքով: Խոսքը Բժշկական համալսարանի մասին է: Աշոտյանը ենթարկվում է հետապնդումների բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում իբրեւ թե չարաշահումների համար, սակայն բուն գնումը կատարած անձինք, օրինակ` բուհի այդ ժամանակվա ռեկտորը, ավելի մեղմ վերաբերմունքի է արժանանում` մնալով ազատության մեջ:

Նախկին դատավոր Ալեքսեյ Սուքոյանին խնդրեցինք մեկնաբանել այս քրեական վարույթները: Նա, անդրադառնալով Աղազարյանին եւ Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին, նկատում է. «Թեպետ իրավական, փաստական հանգամանքներին ծանոթ չեմ, բայց միանշանակ է մի բան, որ գործ ունենք քաղաքական հետապնդման հետ: Հակառակ դեպքում հարց է առաջանում. ինչո՞ւ են իրադարձությունները, դեպքերը համընկնում: Երբ Հովիկ Աղազարյանը հրաժարվեց կատարել «Քաղաքացիական պայմանագրի» պահանջները, մասնավորապես` մանդատը վայր դնելու հրամանը, որոշեցին, որ պետք է նրանից ազատվել: Նման զուգադիպություններ չեն կարող լինել: Երեկ ընդդիմադիր պատգամավորներն այդ մասին շատ հստակ ձեւակերպումներ արեցին, իմ տպավորությունը նույնպես դա է: Հետապնդումների ենթարկել մարդկանց այս ձեւով եւ խոսել ժողովրդավարությունից՝ աննախադեպ երեւույթ է: Մենք շատ հեռու ենք ժողովրդավարությունից, ի՞նչ ժողովրդավարության մասին կարող է խոսք լինել: Աննա Վարդապետյանի՝ Ազգային ժողով գնալը, Հովիկ Աղազարյանին եւ Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու պահանջը համարում եմ քաղաքական հետապնդում: Տարոն Մարգարյան, Հովիկ Աղազարյան` մեկը մյուսին լրացնող անուններ են: Մեկը նախկին ՔՊ-ական է, մյուսն ընդդիմադիր դաշտից է: Իշխանությունը փորձում է հանրությանը ցույց տալ, թե իբրեւ իրենք շատ օբյեկտիվ են եւ ընդդիմադիր դաշտից մեկի ու իրենց նախկին թիմակցի նկատմամբ զուգահեռ պրոցես են առաջ տանում»:

Նախկին դատավորի խոսքով` Արմեն Աշոտյանի գործը եւս մարդու իրավունքների ոտնահարման մասին է խոսում։ «Աշոտյանի գործը օրենքի բացարձակ ոտնահարում է, այդ գործն անգամ չեմ ուզում հիշել: Անհասկանալի է, թե Աշոտյանի գործն ինչու է այսքան տարի երկարում: Ի՞նչն է խնդիրը: Դա եւս քաղաքական հետապնդում, է: Չկա վնասի հատուցում, չկա տուժող կողմ, էլ ի՞նչ քրեական գործի մասին կարող է խոսք լինել: Պարզապես այդ մարդուն մեկուսացրել են, այդքան բան: Այսօր մի մարդ է ղեկավարում ե՛ւ օրենսդիր մարմինը, ե՛ւ գործադիրը, ե՛ւ դատականը: Երեք իշխանական թելերը խճճել են իրար: Բոլոր համակարգերը ղեկավարում է ՔՊ-ն: Եթե Բարձրագույն դատական խորհրդի նախագահը կարող է երկրի վարչապետի կողմից ուղարկված SMS-ի արդյունքում հեռանալ զբաղեցրած պաշտոնից, էլ ինչի՞ մասին կարող է խոսք լինել: Հասկանո՞ւմ եք, թե ուր ենք եկել հասել արդեն: Այստեղ էլ ի՞նչ ժողովրդավարության մասին կարող է խոսք լինել: Շատ տխուր գործընթացներ են տեղի ունենում Հայաստանում: Քիչ առաջ տեղեկացա, որ Գյումրիում գրեթե բոլոր ընդդիմադիր գործիչները հետապնդվում են իրավապահ մարմինների կողմից: Ինչպե՞ս կարելի է այդքան անթաքույց գործել եւ այսքան ցինիկ լինել: Մեկին քննչական են տանում, մեկին` ԱԱԾ, մյուսին ձերբակալում են: Սա է այս իշխանության գործելակերպը, որը, ցավոք սրտի, շատ հեռու է իրական ժողովրդավարությունից»,- եզրափակեց Սուքոյանը:

Translate »