29/04/2025

Ինչպե՞ս կարող է փոխել իրավիճակը Հայաստանը

Անցնող շաբաթ այցելելով 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ՝ Իլհամ Ալիևը հերթական անգամ, ըստ էության, թշնամական ելույթ է ունեցել Հայաստանի հասցեին՝ որևէ կերպ չհիշատակելով անգամ այսպես կոչված խաղաղության պայմանագրի մասին:

Այս երևույթը, ինչպես առիթ եմ ունեցել անդրադառնալու, Իլհամ Ալիևի համար, իհարկե, ունի ներքին սպառման էական նշանակություն:

Հայաստանի թշնամական կերպարը նրան պետք է ադրբեջանական հանրությանը կերակրելու համար, հետևաբար, նրան պետք չէ խաղաղություն, քանի որ կորցնելու է հանրությանը կերակրելու այդ հնարավորությունը: Ամբողջատիրական-ավտորիտար համակարգերի ու վարչակարգերի համար թշնամու կերպարն ունի կենսական նշանակություն, հիմնարար նշանակություն: Եթե Հայաստանը չլինի, ապա Իլհամ Ալիևին հարկ է լինելու հնարել, գտնել նոր թշնամի: Իսկ դա հղի է մի շարք բարդություններով, դժվարություններով:

Այդ պատճառով նա մինչև վերջ փորձելու է «կառչել» Հայաստանի «թշնամական կերպարից», որ կերտել է իր իշխանության հենց սկզբից և շարունակում է մինչև այսօր: Միայն այս հանգամանքը արդեն իսկ բավականին ծանրակշիռ պատճառ է, որ նա ամեն կերպ ձգձգի իրական խաղաղության հարցում որևէ սկզբունքային պայմանավորվածության հասնելն ու այն ամրագրելը:

Չի բացառվում, որ Երևանն իր հերթին անընդհատ շեշտադրելով խաղաղության մասին և անելով, ըստ էության, առավելագույնը իր խոսույթում Ալիևին «թշնամական կերպարի» որևէ առիթ չտալու համար, նրան փորձում է զրկել նաև ադրբեջանական հանրության հանդեպ այդ խաղաքարտից:

Առայժմ, սակայն, Հայաստանի այդ հնարավոր հաշվարկը չի արդարանում: «Թշնամու կերպարի» հարցը, իհարկե, Իլհամ Ալիևի համար լինելով որևէ իրական խաղաղության չգնալու ծանրակշիռ մոտիվ՝ ամենևին միակը չէ, անշուշտ:

Արցախի շրջափակումից և հետո արդեն էթնիկ զտումից ու ամբողջական հայաթափումից հետո հայ-ադրբեջանական հակամարտության հարցն Ադրբեջանի համար արդեն դարձել է ոչ թե կոնֆլիկտ, որի բերումով ինքը հարաբերվում է Հայաստանի և միջազգային դերակատարների հետ, այլ միջազգային դերակատարների հետ հարաբերության խաղաքարտ:

Հետևաբար, Իլհամ Ալիևը գործելու է այդ խաղաքարտի առավելագույն էֆեկտիվությամբ օգտագործման սկզբունքով՝ ձգտելով ոչ միայն Հայաստանից կորզել առավելագույն զիջումներ թե՛ ընթացիկ, թե՛ ռազմավարական տրամաբանությամբ, այլ դրան զուգահեռ՝ միջազգային ասպարեզում առավելագույն գին կորզել հայ-ադրբեջանական հարցում իր որևէ քայլի համար: Ինչպե՞ս կարող է փոխել այդ իրավիճակը Հայաստանը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ինչ էլ լինի, ինքը գնալու է խաղաղության օրակարգի այն ճանապարհով, որը որդեգրել է: Այդ պարագայում, իհարկե, չի փոխվի Ադրբեջանի վարքագիծը: Այն փոխելու համար կամ փոփոխություն է պետք Հայաստանի քաղաքականության հայեցակարգում, կամ փոփոխություն պետք է լինի միջազգային հարաբերություններում: