19/04/2025

Չկա «ամբողջ ժողովրդի գաղափարախոսություն»

Կան տարբեր խմբերի շահեր, որոնք պետք է ներդաշնակել Մերժել Երրորդ հանրապետության հիմքը հանդիսացող Անկախության հռչակագիրը, մերժել Արցախը որպես հայկական հող, մերժել օրհներգն ու զինանշանը, մերժել Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը, մերժել Արարատ բիբլիական լեռը…

Եվ դրա հետ մեկտեղ սկզբից հայտարարել, որ բոլոր «իզմերը» սուտ են, իսկ հետո գալ եզրակացության, որ վերոհիշյալ մերժողականությունն, այնուամենայնիվ, գաղափարախոսություն է, որը, սակայն, «ստեղծվել է ժողովրդի կողմից»: Ինչպե՞ս է, ուրեմն, կոչվում: «Ժողովուրդի՞զմ» է: Համաձայն եմ, որ այստեղ կա գաղափարախոսություն:

Բայց ինչպես բոլոր գաղափարախոսությունները, այն չի «բուսնել» ներքեւից՝ «ժողովրդի մտածողության» հողի վրա: Դա, ինչպես ցանկացած այլ գաղափարախոսություն, հոգեւոր, մտավոր, քաղաքականության մոտեցումների մի համալիր է, որը մշակված է մարդկանց ինչ-որ խմբի կողմից, ձեռնտու է դրան եւ «հրամցվում» է որպես «համընդհանուր», «համաժողովրդական», «համազգային» եւ այլն:

Դրանից հետո սկսվում է այդ գաղափարախոսության քարոզը, կամ, եթե ավելի գիտական լեզու օգտագործենք՝ ինդոկտրինացիան: Գերմանացի հոգեբան Էրիխ Ֆրոմն իր մասնագիտության շրջանակներում նշում էր ցանկացած գաղափարախոսության «ոչ ռացիոնալ» բնույթը. «Որքան շատ է գաղափարախոսությունը պնդում, որ կարող է բոլոր հարցերին տալ ոչ հակասական պատասխաններ, այդքան այն գրավիչ է:

Այստեղ, հավանաբար, պետք է փնտրել պատճառը, թե ինչու իռացիոնալ ու նույնիսկ ակնհայտորեն խելագար գաղափարները ձեռք են բերում այդպիսի ձգողականություն»:

«Ունիվերսալ» հավակնությունները, «բոլոր հարցերին պատասխան տալու» մարմաջը, այո, հատուկ է բոլոր գաղափարախոսություններին, եւ դա հատկապես երեւում էր 1930-ական թվականներին՝ նացիստական Գերմանիայի եւ Խորհրդային Միության օրինակով (որոնց առաջին հերթին նկատի ուներ Ֆրոմը):

Այդ իմաստով «իռացիոնալիզմն» ակնհայտ է: Բայց դա չի նշանակում, որ գաղափարախոսությունները, որպես այդպիսիք, պետք է մերժել («ոչ մի իզմ») կամ՝ որ պետք է լինի մեկ՝ «ժողովրդական» գաղափարախոսություն, եւ բոլոր նրանք, ովքեր դրա դրույթները չեն ընդունում, «ժողովուրդ չեն»: Ինչո՞ւմ են փորձում մեզ համոզել «ժողովրդի անունից»: Ըստ էության, որ դարերի ընթացքում հայկական պետականության բոլոր նախագծերն իրականում հայկական չէին, որ դրանք հորինված էին օտարների, «գաղութատերերի» կողմից: Եվ, ըստ այդմ, Երրորդ հանրապետության նախագիծը նույնպես հայկական չէր՝ դա ռուսների պարտադրածն էր, հատկապես Արցախը պաշտպանելու մասով:

Եվ հիմա, 2020 թվականի պարտությունից հետո, կարելի է ասել՝ «դրա շնորհիվ», վերջապես, եկել է «իրական Հայաստանի» ժամանակը: Ո՞ւմ շահերն է արտահայտում նման հայեցակարգը: Բնականաբար, իշխող խմբակի, որը կարծում է, որ այդ կեղծ թեզն «արդարացնում է» իր ապիկարությունն ու արկածախնդրությունը: Բայց, մյուս կողմից, արդյո՞ք նման մոտեցումը կյանքի իրավունք ունի: Վստահ եմ, որ այո: Դա ոչ թե «միակ ճիշտ» եւ «ժողովրդական» գաղափարախոսություն է, այլ՝ պարզապես՝ դրանցից մեկը: Ընդհանրապես, որեւէ խնդրին կա երեք մոտեցում:

1/ Դոգմատիզմ, երբ մարդիկ պնդում են, որ կա միայն մեկ Ճշմարտություն, միայն «սեւ» եւ «սպիտակ»:

2/ Սկեպտիցիզմ (նիհիլիզմ), որը փորձում է խուսափել այդ ծուղակից ու հայտարարում է, որ անեն ինչ հարաբերական է եւ իրականում հնարավոր չէ տարբերել ճշմարտությունը մոլորությունից:

3/ Քննադատական մոտեցում, որը կոչ է անում ոչ հրճվել, ոչ էլ հուսալքվել, այլ՝ փորձել միասին ինչ-որ մի բան հասկանալ:

Մասնավորապես, այն, թե ինչպես էինք ու ինչպես ենք մենք մտածում այս կամ այն պետականաստեղծ ծրագրի մասին, բնութագրում է ոչ միայն մեզ, այլեւ, ինչ-որ չափով, նաեւ այդ ծրագիրը: Ընտրեք, թե որն է ձեզ առավել հոգեհարազատ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ; «Առավոտ» օրաթերթ

Translate »