Երկուշաբթի Վաշինգտոն է մեկնելու Իսրայելի վարչապետ Նաթանյահուն: Նա հանդիպելու է Թրամփի հետ և, բնականաբար, այդ հանդիպման առնչությամբ միջազգային ուշադրության կենտրոնում է լինելու Իրանի հարցը:
Թրամփն ու Նաթանյահուն, իհարկե, ունեն քննարկելու այլ հարցեր էլ, օրինակ` բարձր մաքսատուրքերը, որ սահմանել է Թրամփը: Ընդ որում՝ հետաքրքիր է, որ դաշնակից Իսրայելի հանդեպ սահմանված մաքսատուրքերն այսպես ասած ամենացածրը չեն:
Իսրայելի համար սահմանվել է 17 տոկոսում այն դեպքում, երբ, օրինակ, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, նաև արաբական որոշ երկրների համար սահմանված մաքսատուրքերը 10 տոկոս են:
Թե ինչով է առաջնորդվել ԱՄՆ վարչակազմը բարձրացման չափերը սահմանելիս, բարդ է ասել, բայց Իսրայելի պարագայում 17 տոկոսն օրինակ բավականին շոշափելի է, հետևաբար պետք է ենթադրել, որ այդ հարցում ինչ-որ համաձայնության գալու համար Նաթանյահուին հարկ կլինի համաձայնել Թրամփի ինչ-որ մոտեցման: Եվ այստեղ կարող է հարց առաջանալ, թե արդյո՞ք այդ ինչ-որ մոտեցումը կարող է առնչվել Իրանի խնդրին:
Թրամփը, իհարկե, արտահայտվում է այդ հարցում շատ կոշտ ու վերջնագրային՝ ասելով, թե Իրանը կա՛ մ կընդունի պայմանները, կա՛մ կկատարվի շատ վատ բան: Բայց շատ մեծ հարց է նաև, թե ընդհանրապես ով է շահելու այդ շատ վատ բանից Նաթանյահուից բացի, որը գուցե այդ կերպ մի փոքր էլ երկարաձգի իր իշխանությունը և այդպիսով նաև անձնական անվտանգությունը Իսրայելում: Հիշեցնեմ, որ նա անցնում է կոռուպցիոն գործով և նրան «պաշտպանում» է թերևս վարչապետի պաշտոնը:
Ի դեպ, նույնիսկ կա հավանականություն, որ դատական լսումների պատճառով Նաթանյահուի այցը Վաշինգտոն փոքր-ինչ հետաձգվի: Որևէ ռացիոնալ ու առողջ տրամաբանություն չկա Իրանին զանգվածային հարված հասցնելու հեռանկարում, առավել ևս հենց Թրամփի համար՝ հաշվի առնելով նաև նրա ներքաղաքական դիրքերի հարցը:
Իհարկե, շատերն են համարում, որ Թրամփը պարզապես իրեն բնորոշ ոճով փորձում է սակարկել՝ կոշտ հայտարարությունները օգտագործելով դրա համար: Մյուս կողմից, անշուշտ, բացառելի չէ այն, որ Նաթանյահուն էլ կարող է օգտագործել իրավիճակը Թրամփից էսկալացիայի որոշում կորզելու համար:
Այդ իմաստով, Վաշինգտոնում կայանալիք հանդիպմանը Նաթանյահուն, թերևս, կդնի Թրամփի էմոցիաները «թամբելու» և Իրանի ուղղությամբ «ասպատակելու» նպատակ, իսկ Թրամփը՝ Նաթանյահուին սանձելու նպատակ, որպեսզի նա չփորձի ոչ միայն իրեն այսպես ասած «թամբել» ու հրահրել, այլ նաև հետագայում չխանգարի Իրանի շուրջ միջուկային նոր գործարքի ծավալմանը՝ որևէ սադրանքի միջոցով:
Իսկ Իսրայելը, անշուշտ, դրան ունակ է, առավել ևս, որ իրողությունների որոշակի դասավորության պայմաններում Թել Ավիվը կարող է նաև այդպիսի աջակցություն ստանալ այն խաղացողներից, որոնք կարող են դժգոհ մնալ Իրանի հարցում գործարքից, եթե չհայտնվեն դրա սեղանի շուրջ:
Բաց մի թողեք
ՍԱՍ-ի Արտակը դատի է տվել նորահայտ օլիգարխ Նարեկ նալբանդյանին․ Լուսանկար
Կենտրոնական Ասիան ընդդեմ Պուտինի՝ առաջատար երկրները Ղազախստանը և Ուզբեկստանն են
ԱՄՆ – ՌԴ – Ուկրաինա բանակցությունները փակուղի են մտնում, միջուկային պատերազմի վտանգը մեծանում է