Ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը Սյունիքում հանգիստ չի անցել։ Ադրբեջանական սահմանին մոտ գտնվող գյուղերի ուղղությամբ կրակել է թշնամին։ Խնածախի բնակչի հավաստմամբ՝ երեկ նաև ցերեկն են կրակել։
«Ընդհանրապես միշտ կրակում են գիշերը՝ ժամը 22:30-ից հետո, իսկ երեկ նաև ցերեկն են կրակել։ Գնալով կյանքը վտանգավոր է դառնում այստեղ։ Արդարության համար պիտի նշեմ, որ գյուղում խուճապ չկա, մի տեսակ արդեն սովորական են դարձել դրանք, բայց անհանգստություն կա, որովհետև չգիտենք ինչ է իրենց ուզածը»,- ասել է Խնածախի բնակիչը։
Մեր զրուցակցի խոսքով՝ ադրբեջանական բանակի թիրախում միայն դիրքերը չեն, այլ բնակելի տները։ Մարտի 31-ին փամփուշտի գնդակը հայտնվել էր համայնքի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանի տանը։
«Դրանից հետո գյուղացիները նկատել են, որ իրենց տների տանիքների վրա ևս անցքեր կան, որոնք հայտնաբերել են ավելի ուշ։ Շատերը չեն բարձրաձայնել։ Պետք է մի խաղաղ բնակիչ զոհվի նո՞ր հասկանան, բա մարդ էսքան անտեր կլինի՞ իր սեփական հայրենիքում։ Գյուղատնտեսությամբ զբաղվելը դարձել է օրախնդիր։ Արոտավայրերը ադրբեջանցիների դիտարկման տակ են, խոտատարածքներն ու ցանքատարածքները՝ ևս։ Մեր գյուղից մեկը անասուններին առաջացրել է դեպի բաց դաշտ, ադրբեջանցիները կրակել են և զգուշացրել՝ «առաջ չգաք, թե չէ կկրակենք»։ Խեղճ գյուղացին ի՞նչ անի»,- հարցնում է թշնամու դիրքերին մոտ ապրող խնածախցի տղամարդը։
Նշենք, որ 2020 թվականից հետո նույն պատմությունը՝ նույն սցենարով կիրառվել է նաև Արցախում։ Հարակից ադրբեջանական դիրքերից կրակել են Կարմիր շուկա-Թաղավարդ, Շոշ-Մխիթարաշեն գյուղերի ուղղությամբ։ Ասկերանի վերին ենթաշրջանում և Մարտունու ու Մարտակերտի շրջանների գյուղերում թիրախի տակ են հայտնվել քաղաքացիական անձինք, որոնք զբաղվում էին գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։ Այդպես մեկ խաղաղ բնակիչ զոհվել է Մարտակերտի նռան այգիներում հող մշակելիս։ Այժմ Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանային բնակավայրերի բնակիչների համար են պարբերական դարձել թշնամու ահաբեկչական գործողությունները։
Նույն վիճակն է նաև Խոզնավար, Արավուս և Տեղ գյուղերում։ Իսկ ահա Գորիս խոշորացված համայնքի Ակներ և Վերիշեն բնակավայրերում՝ հանգիստ է եղել։
«Կրակոցներ նախորդ օրերին լսել ենք, բայց քանի որ մեր գյուղերը հեռու են սահմանից, խորքից ենք լսում։ Ամեն դեպքում, որ կրակում են դա փաստ է։ Էսպես խաղաղության չեն գնում։ Դա նշանակում է, որ Ադրբեջանը խաղաղության չի գնում»,- նշել է վերիշենցի ուսուցչուհին։
Նաև հավելեց, որ մարդիկ չեն հավատում ՊՆ-ին, ասում՝ մենք մեր աչքի տեսածին հավատանք, թե՞ կառույցի հաղորդագրություններին, որոնք ոչնչի մասին են:
Հիշեցնենք, ավելի վաղ հայտնել էինք, որ սահմանամերձ համայնքների վարչական ղեկավարներին «վերևներից» արգելվել է որևէ մեկնաբանություն տալ լրատվամիջոցներին, նրանց խստիվ զգուշացրել են դա չանել:
Բաց մի թողեք
Վոլոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը
Զրահապատ մեքենայով, միութենական պետությանը կողմ, ընտանիքի հետ խռով. Վարդան Ղուկասյանը կրկին քաղաքապետ է, 2026-ին վարչապետի ախորժակով․ Լուսանկարներ
Ուղիղ․ Գյումրու նոր ավագանու անդրանիկ նիստը․ ով կդառնա քաղաքապետ ․․․