Ապրիլի 8-ին՝ ժամը 06։00-ի սահմաններում, Երևանի Թամանցիների փողոցում շտապօգնության «Տոյոտա» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով երեք անձ տեղափոխվել է հիվանդանոց։ Ցավոք, վթարի հետևանքով վարորդի կողքին գտնվող բժիշկը՝ Հասմիկ Ղ․-ն մահացել է։
Երեւանի շտապ օգնության տնօրեն Ռուբեն Գրիգորյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց՝ քրեական վարույթ է նախաձեռնվել, ենթադրաբար՝ վարորդը ղեկին քնել է։ Խոսելով մահացած բժշկի մասին՝ Գրիգորյանն ասաց, որ նա 1986 թվականից աշխատում էր Շտապ օգնությունում, 69 տարեկան էր։
Հուղարկավորության հարցերը քաղաքապետարա՞նն է լուծելու եւ երբ է տեղի ունենալու արարողությունը, հարցրինք Գրիգորյանին. «Մի աղջիկը Գերմանիայում է, պետք է գա, կարող է իրենց մոտ մի բան փոխվի, չգիտեմ .․․ ընդհանրապես նման դեպքերում ապահովագրական ընկերությունները 1 միլիոն դրամ փոխհատուցում են, ճիշտ է` իրավասու մարմնի որոշումից հետո։ Անձամբ եմ խոսել, քաղաքապետարանի դիրքորոշումն այն է, որ պետք է այդ ընտանիքի կողքին լինեն, աջակցենք»։
Մարդու սիրտ քիչ է մնում պայթի։ Շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել, բժիշկ է մահացել, մնացածի մասին լռում եմ, քաղաքապետարանից շտապ հաղորդում են , որ բժիշկը ամրագոտին կապած չի եղել։ Ու դա հայտնում է Երևանի քաղաքապետարանի խոսնակը։ Սրանք բոլորը խոսքները մեկ արած կրկնում են՝ իրենք ոչ մի բանում մեղավոր չեն։
Իրենց աշխատաոճն է դա։ Ոնց որ թե իրենց դատում են, անմիջապես արդարանում են՝ մե՜նք չենք մեղավորը։ Խարխուլ տնակում 15 զինվոր է այրվում, ասում են՝ մեղավորը սալյարկան է։ Արցախը ոտով-գլխով հանձնում են, ասում են՝ մեղավորը մի քանի օրվա նախագահն է։
Այս հայտարարությունից հետո ՔՊ-ական պաշտոնյաները անգիր արած ոտանավորի նման նույն բանն են կրկնում՝ ամրագոտի կապած չի եղել։ Քիչ է մնում ամրագոտին առնես ու նրանց վզին փաթաթես ու ասես՝ տուգանե՜ք․․․ դե՜, տուգանե՜ք, որ ամրագոտի չի կապել։
Բժի՜շկ է մահացել, մի րոպե հանգիստ շունչ քաշեք, թողեք, որ նրա հարազատները մարսեն, անսպասելին կարողանան տանել․․․ Ամեն տեղ արժեքների խեղաթյուրում է, մարդկային կյանքը հասցրել են ամենացածր մակարդակին, ոչ մի բանում իրենց մեղքը չեն տեսնում։
Կարդացեք գրառումները ու հասկացեք, որ ամրագոտուց բացի ավելի կարևոր բաներ կան, որ պիտի ապահովեք։ Ձերը միայն արդարանալն է, մեղքը անմիջապես մեկի, մի բանի վրա գցելը։ Ձեր մեղքը ձեր գլխին տված, տարրական նրբանկատության չեք տիրապետում։ Ավտովթարից բժի՜շկ է մահացել, դուք ամրագոտուց եք խոսում։ Կխոսե՜ք էլի, կխոսե՜ք, դուք ոչ մի բանում մեղավոր չեք, սրբեր եք․․․
Մեկ- մեկ մտածում են՝ սրանք մա՞րդ են, թե ամրագոտի, որ մեզ կապել ու քարշ են տալիս անհայտ ուղղությամբ․․․
Բաց մի թողեք
Արտակարգ դեպք՝ Երևանում, բժիշկը հրաժարվել է բուժառուին ներարկում անել
Կեսարյան հատումների թիվը Հայաստանում աճում է
Ի՞նչ վիճակում են շտապօգնության վթարից տուժած բուժքույրն ու վարորդը. նոր մանրամասներ. Լուսանկար