Հայաստանի ԱԳ նախարարն ապրիլի 12-ին կմասնակցի Անթալիայում կայանալիք դիվանագիտական ամենամյա ֆորումին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ֆորումի ընթացքում նախարարը կունենա նաեւ երկկողմ հանդիպումներ: Արդյո՞ք դրանց շարքում կլինի նաեւ հանդիպում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Հրապարակ թերթը գրել է․ Բանն այն է, որ որքան էլ ՀՀ իշխանություններն ակնհայտ շտապողականություն են դրսեւորում Ադրբեջանի հետ խաղաղության որեւէ փաստաթուղթ ստորագրելու հարցում, այնքան պաշտոնական Բաքուն հապաղում է այդ հարցում: Եվ վերջին շաբաթներին ամենօրյա ռեժիմով սահմանային կրակոցների մասին ապատեղեկատվություն են տարածում, հայկական կողմի՝ համաձայնեցված փաստաթղթի ստորագրման ժամկետները քննարկելու առաջարկին չեն արձագանքում ու նորանոր պահանջներ են բարձրաձայնում: Ստեղծվել է անհասկանալի մի իրավիճակ, երբ, մի կողմից, ադրբեջանցի պաշտոնյաները ցուցադրաբար մերժում են հայ գործընկերների հետ հանդիպման հրավերները, պայմանավորվածությունները, մյուս կողմից՝ մերոնք հայտարարում են «խաղաղության պայմանագրի» շուրջ ձեռք բերված համաձայնության եւ այն ստորագրելու իրենց պատրաստակամության, անգամ՝ միակողմանի պատրաստակամության մասին։
Վերջին կես տարվա ընթացքում հայ-ադրբեջանական պաշտոնյաների միջեւ ընդամենը մեկ հանդիպում է կայացել՝ հոկտեմբերի 24-ին, Կազանում Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հետո նախ՝ Հայաստանի, ապա՝ Ադրբեջանի նախագահները հրամանագրերով վավերացրին հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը։ Տպավորություն է, որ Բաքուն ոչ թե խաղաղություն, այլ Հայաստանից ամեն ինչ է ուզում, իսկ նրանց տարածքային եւ այլ նկրտումներին մերոնք «հակազդում» են միայն խնդրանք-աղերսագրերով՝ ադրբեջանցի գործընկերներին հանդիպելու, «խաղաղության պայմանագիրը» ստորագրելու տեսքով։
Թվում է` անհիմն չեն նաեւ այն տեղեկությունները, որ խաղաղության գործընթացի բանակցությունները ոչ թե Ալիեւ- Փաշինյան կամ նրանց թիմերի մակարդակով են ընթանում, այլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ է կապի մեջ եւ նրան միջնորդ է դիտում։
Վերհիշենք հայ-ադրբեջանական շփումների ընթացքը: Արարատ Միրզոյանն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ վերջին անգամ հանդիպել է 2024 թ. սեպտեմբերի 26-ին՝ Նյու Յորքում: ՄԱԿ-ի գագաթնաժողովի հերթական նիստում` ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ, Բլինքեն-Միրզոյան-Բայրամով ֆորմատով: Մի հանդիպման առաջարկ էլ ամերիկյան կողմն արել էր դեկտեմբերին՝ Մալթայում ԵԱՀԿ նախարարական հավաքի շրջանակում, սակայն ադրբեջանական կողմը հրաժարվեց այդ առաջարկից: Չնայած ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, թե Բայրամովի հետ հանդիպում պլանավորված չէր, սակայն միջազգային մամուլի հրապարակումներից հետո խոստովանեցին, որ մերոնք համաձայնել են` Բայրամովն է մերժել հանդիպումը։
Իսկ հուլիսին Ալիեւն էր մերժել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու առաջարկը` Լոնդոնում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում: Հոկտեմբերին անսպասելիորեն չեղարկվեց ԱԺ նախագահի եւ Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահի՝ Ժնեւում նախատեսված հանդիպումը։ Սահիբա Գաֆարովան չներկայացավ հանդիպմանը, հետո Ալեն Սիմոնյանը խոսեց դրա պատճառների մասին՝ ասելով, թե, ադրբեջանական կողմի փոխանցմամբ` իր որոշ հայտարարություններն են պատճառ դարձել, ինչպես նաեւ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բանաձեւը: Նշենք, որ անցած տարվա հոկտեմբերի 5-ի գագաթնաժողովում ընդունված բանաձեւում կարեւորվել էր Լեռնային Ղարաբաղից 115 հազար բռնի տեղահանված փախստականներին հումանիտար աջակցության ապահովումը, ռազմագերիների եւ այլ պահվող անձանց, ինչպես նաեւ անհայտ կորածների խնդիրների լուծումը, ինչն էլ զայրացրել էր Ադրբեջանին։ Գագաթնաժողովը վերահաստատել էր Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման առնչությամբ մտահոգությունը եւ Լեռնային Ղարաբաղ ու հարակից տարածքներ «ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության իրականացման հարցում անդամ երկրների աջակցությունը»։
Մի քանի օր առաջ էլ՝ ապրիլի 1-ին, հայտնի դարձավ, որ Ադրբեջանի Միլի մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն է մերժել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի` հանդիպելու առաջարկը։ Խանդանյանը X-ի իր միկրոբլոգում գրել էր, որ մարտի 20-ին իր ադրբեջանցի պաշտոնակցին առաջարկել էր հանձնաժողովների հանդիպում անցկացնել՝ հաշվի առնելով «խաղաղության համաձայնագրի» նախագծի շուրջ բանակցությունների ավարտը։ «Իմ ադրբեջանցի գործընկերը հրապարակայնորեն մերժել է խաղաղ համաձայնագրի նախագծի շուրջ կարծիքների փոխանակման հանդիպման մասին իմ առաջարկը, ինձ անգամ «պոպուլիստ» անվանել: Եթե խաղաղության քարոզչությունը պոպուլիզմ է, ապա ես հպարտորեն ընդունում եմ այդ պիտակն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»,- գրել էր Խանդանյանը` նշելով, որ իր առաջարկը մնում է սեղանին:
Եվ չնայած հանդիպումների տոտալ բոյկոտին ու շփումների բացակայությանը, Երեւանն այս տարվա մարտին հայտարարեց, որ համաձայնել է «խաղաղության պայմանագրի» տեքստի չհամաձայնեցված երկու կետերի շուրջ Ադրբեջանի առաջարկներին, եւ պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններն այլեւս ավարտված են: Այսինքն, հայկական կողմն այստեղ էլ է զիջել, բայց Բաքուն փաստաթուղթը ստորագրելու համար նոր նախապայմաններ է առաջ քաշում, ինչին Երեւանը` թե՛ ԱԳՆ-ի, թե՛ վարչապետի մակարդակով, կրկին պատրաստակամ է քննարկելու: Այդ ֆոնին Անթալիայի դիվանագիտական ֆորումը, փաստորեն, Հայաստանի եւ Ադրբեջանի նախարարների մասնակցությամբ լավագույն առիթն է լինելու` հանդիպելու, մանավանդ որ նախորդ տարի նույն ֆորումի ընթացքում կայացել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը։
Բաց մի թողեք
Շուտով մեկ ամիսը կլրանա, ինչ Ադրբեջանն առաջնագծում խաղի կանոններ է փոխել
ԿԳՄՍ նախարարությունից շրջաբերականնե՞ր են գնացել բուհերին եւ դպրոցներին՝ Ջահերով երթին չմասնակցելու կոչով
89.5%-ով աճել են թրաֆիքինգի հանցագործությունները․ թվեր