29/04/2025

Միթե աշխարհը կճանաչի Ուկրաինայում Ռուսաստանի տարածքային նվաճումները

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Եվրասիայի անվտանգության, քաղաքական և տնտեսական «անբաժանելիության» հարցով հանդիպման է հրավիրել եվրասիական մի շարք երկրների դեսպանների:

Ապրիլի 10-ին ՌԴ պետական դումայի և Կրեմլի հովանու ներքո գործող «ուղեղային» և տեղեկատվա-քարոզչական կենտրոնների նախաձեռնությամբ անցկացվել է «Եվրասիա, արժեքների տարածք» անվանումով խորհրդաժողով, որի ընթացքում արդեն հնչել են «Եվրասիական միություն» ստեղծելու բացահայտ թեզեր:

Ինչպես ավելի վաղ նկատել ենք, Վլադիմիր Պուտինի «Եվրասիական միություն» աշխարհաքաղաքական նախագծի ապագան միանշանակորեն պայմանավորված է ուկրաինական «կարգավորմամբ»: Թեմայի ակտուալացումը ենթադրում է, որ, չնայած Վաշինգտոնից հնչող «զգուշացումներին», Ուկրաինայի հարցով ռուս-ամերիկյան բանակցությունների «տոնայնությունը» որոշում է ոչ թե «հրաշագործ» Թրամփը, այլ «ՊԱԿ-ի նախկին սպա» Պուտինը:

Միջազգային մամուլում տեղ է գտել ամերիկյան The Center for Strategic and Internacional Studies ուղեղային կենտրոնի վերլուծականը, որ անվանված է «Ուկրաինան դատապարտվա՞ծ է»: ՌԻԱ-Նովոստին փոխանցում է այդ փաստաթղթի գլխավոր եզրակացությունը՝ Ուկրաինայի հեռանկարը լուսավոր չէ:

Լավագույն դեպքում ԱՄՆ և Եվրոպայի աջակցությունը կշարունակվի, ինչը թույլ կտա կայունացնել ռազմաճակատը և հետագա բանակցությունների համար ժամանակ շահել: Վատագույն դեպքում ԱՄՆ-ն կդադարեցնի մատակարարումները, ռուսական հարձակումները կընդգրկեն ավելի ու ավելի նոր տարածքներ, ինչ-որ փուլում ուկրաինական ճակատը կփլուզվի, և Ուկրաինան ստիպված կլինի համաձայնել ոչ նպաստավոր, անգամ դրակոնական խաղաղության:

Որքանով հասկացվում է Եվրոպայից տասնյակ հազարավոր զինվորականներ հեռացնելու ՝ ԱՄՆ նախագահի մտադրության մասին մամուլի հետևողական հրապարակումներից, ուկրաինական մատակարարումների «հաբի» անվտանգության ապահովումը Լեհաստանին թողնելու ամերիկյան կողմի որոշումից, Դոնալդ Թրամփի դիրքորոշումն այն է, ինչ լեհ մեկնաբաններից մեկն է ձևակերպել․ «Ուկրաինան վերածվել է բալաստի, որից շուտափույք պետք է ազատվել»:

Այս ֆոնին հայտնի է դարձել, որ ապրիլի 11-ին Մոսկվա է այցելում Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆը: Ուշագրավ է, որ նախօրեին Ստամբուլում կայացել է ռուս-ամերիկյան բանակցությունների հերթական փուլը:

Թեև կողմերը տպավորություն են ստեղծում, թե դրանք բացառապես երկկողմ հարաբերությունների վերականգնման և դրա հետ կապված «տեխնիկական հարցերի» մասին են, պետական դեպարտամենտի տարածած հաղորդագրությունը, որ Ստամբուլում «դրական դինամիկա է արձանագրվել», թույլ է տալիս ենթադրել, որ «մանրուքների հաղթահարումը» հենց այն է, ինչը կարող է «գործարքի կնքման» ճանապարհ հարթել:

Ուիթկոֆը Մոսկվա է այցելել մոտ մեկ ամիս առաջ՝ մարտի 13-ին: Նույն օրը Վլադիմիր Պուտինը Կրեմլում ավելի քան վեց ժամ բանակցել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ: Մամուլում տեղեկություն կար, որ այդ ընթացքում Ուիթկոֆն ամերիկյան դեսպանատանն սպասել է ընդունելության:

Նրան Կրեմլն են հրավիրել Պուտին-Լուկաշենկո ասուլիսից հետո, որի ընթացքում վերջինս հայտարարել է, որ ո՛չ Բելառուսն է պատրաստվում մտնել Ռուսաստանի կազմի մեջ, ո՛չ Ռուսաստանը՝ Բելառուսի, երկու պետությունները կարող են միավորվել ավելի լայն ինտեգրացիայի շրջանակներում:

Ապրիլի 7-ին Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը բացահայտել է, որ Բելառուսը նախաձեռնել է «21-րդ դարի Եվրասիայի բազմազանության խարտիա» նախագիծ, որն արժանացել է Մոսկվայի հավանությանը:

«Եվրասիական միության» նախագծի ակտուալացումը, անկասկած, ածանցված է ռուս-ամերիկյան բանակցություններից: Դժվար է կռահել՝ դա Պուտինի «օժանդակ խաղաքա՞րտն» է, որի գործադրմամբ նա ճնշում է գործադրում Թրամփի նկատմամբ, թե՞ ամեն ինչ ընթանում է ըստ սկզբունքային պայմանավորվածության: Այս առումով Ուիթկոֆի մոսկովյան ուղեւորությունը կարող է վճռորոշ լինել:

Ըստ տեղեկատվական արտահոսքի՝ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ընդունել ԱՄՆ նախագահի ներկայացուցչին: Ընդհանուր տպավորություն է, որ ուկրաինական պատերազմը կա՛մ կկանգնեցվի Պուտինի պայմաններով, կա՛մ Ռուսաստանը կձեռնարկի խոշոր հարձակում: Եթե Վաշինգտոնն ընդունել է Պուտինի նախապայմանները, ապա Ուիթկոֆը, երևի, Մոսկվա է տանում «Ուկրաինայի մահախոսականը»:

Բայց նույնիսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է կասկածում, որ աշխարհը կճանաչի Ուկրաինայում Ռուսաստանի տարածքային նվաճումները: «Եթե այդպես չէ, ուրեմն ես քաղաքականություն չեմ հասկանում»,- ասել է Ալիևը: Իսկ գուցե նա իրեն հայտնի կենդանու տե՞ղ է դրել: Նույն օրը նրա հատուկ ներկայացուցիչ Խալափովը հանդիպել է Պուտինի օգնական Ուշակովի հետ: