Վրաստանը չի ծրագրում միանալ Հարավային Կովկասի հարցերով «3+3» հարթակին։
Այս մասին Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների մասնակցությամբ պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին:
«Վրաստանն այդ ձևաչափի մաս չէ, սակայն համագործակցում է բոլոր հարևանների հետ… կա պատճառ, որ մենք չենք կարող և չենք դիտարկում այդ ձևաչափի մաս դառնալու հարցը»,- ասել է նա՝ հավելելով, որ Թբիլիսին անկեղծորեն շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանմամբ:
Բոճորիշվիլիի խոսքով՝ խաղաղ և անվտանգ Հարավային Կովկասը Վրաստանի համար առաջնահերթություն է, իսկ տարածաշրջանը հսկայական ներուժ ունի, և դրա օգտագործման համար անհրաժեշտ է երկարատև և կայուն խաղաղություն:
Բոճորաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը` այն համարելով մեծ ձեռքբերում:
«Վրաստանն այն երկիրն է, որին կարող են ապավինել և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը` համոզված լինելով, որ մեր տարածաշրջանում երկխոսությանն ու համագործակցությանը նպաստելու համար կապահովենք անհրաժեշտ ամեն ինչ»,- ասել է Բոճորիշվիլին:
«3+3»-ը 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած տարածաշրջանային համագործակցության ձևաչափն է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրի՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։
Վրաստանը նախկինում քանիցս հայտարարել է, որ հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։
Բաց մի թողեք
Պուտինի առաջարկին Զելենսկու արձագանքը
Հայտնի է՝ ինչ փաստաթղթեր են ստորագրել Իրանն ու Ադրբեջանը
Վատիկանը փակել է Սիքստինյան կապելլան՝ պատրաստվելով կոնկլավին. հայտնի է Հռոմի նոր պապի ընտրության օրը