19/04/2025

ՍՊԻԴ-ով հիվանդ դատապարտյալը փորձել է կախվել

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում օրերս արտառոց միջադեպ է տեղի ունեցել, որը ՔԿԾ-ն թաքցրել է։ ՄԻԱՎ վարակակիր Ա․Դ-ն ինքնասպանության փորձ է կատարել` կախվելու միջոցով։

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 8-ին։ Ա․ Դ-ին ինքնաշեն պարանից ազատել է խցակիցը, որի հետ միասին պահվում են բերդի 10-րդ խցում։ Այս մասին մեզ հայտնեց ինքը՝ Ա․ Դ-ն, որը զանգահարում էր բերդի տակսոֆոնից։ Ասաց, որ ինքնասպանության փորձը կատարել է հուսալքությունից։

«Քանի օր է, հացադուլի մեջ եմ, ինձ ոչ ոք չի մոտենում, էնքան առողջական խնդիրներ ունեմ` ՍՊԻԴ-ից բացի, բերդի աշխատողներն էլ են զարմանում, որ ինձ ստեղ են պահում։ Ասում են՝ վաղուց պետք է հիվանդանոց տարած լինեին։ Ոչ բուժում են, ոչ սկոռի են կանչում։ Երևի, սպասում են, որ իմ խոդով վերանամ», – ասաց դատապարտյալը։

ՔԿԾ-ից դեպքի կապակցությամբ «Հրապարակի» հարցմանն ի պատասխան հաղորդում են. «ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձ Ա․Դ․-ն սույն թվականի մարտի 31-ից առ այսօր գտնվում է հացադուլի մեջ, պատճառը՝ առողջական վիճակից ելնելով՝ ցանկանում է տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։

Ապրիլի 8-ին Ա․Դ․-ի խցակիցը նկատել է, որ վերջինս սավանից պատրաստված պարան է կապել պարանոցին, ինչի մասին ահազանգել է ծառայողներին։ Ծառայողներն անմիջապես կանչել են շտապօգնություն։  Բուժանձնակազմն արձանագրել է, որ կալանավորված անձը բուժօգնության կարիք չունի»։

Սպիդով հիվանդ դատապարտյալը պահանջում է իրեն տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց», որտեղ նման հիվանդներին պահում են հատուկ հարկաբաժնում, բացառելով նրանց շփումը մյուսների հետ: Սակայն Արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը հրաժարվում է մեկուսացնել հիվանդին:

Անգամ ինքնասպանության փորձը ՊՈԱԿ տնօրեն Կամո Մանուկյանին չի ստիպել հրաժարվել իր նախորդ որոշումից:

Translate »