22/04/2025

Դատախազությունը Թոխմախի Մհերից ու դատավոր Արտակ Բարսեղյանից ստանալիք ունի

Մի քանի տարի է՝  Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում՝ դատավոր Կարապետ Բադալյանի վարույթում, քննվում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի, նրա որդու՝ Դավիթ Սեդրակյանի, եւ ընտանիքի այլ անդամների վերաբերյալ գործը, որը դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության դատախազի կողմից։

Հրապարակ թերթը գրել է․ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Մհեր Սեդրակյանից եւ նրա հետ փոխկապակցված 3 անձանցից` հօգուտ Հայաստանի Հանրապետության, բռնագանձել շուրջ 11 միլիարդ դրամ արժեքով ապօրինի ծագում ունեցող գույք:

Մասնավորապես․
1. Երեւան քաղաքում՝ 21 անշարժ գույք, մեկ անշարժ գույքի միջին շուկայական արժեք, Կոտայքի մարզում՝ մեկ անշարժ գույք, մեկ տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 2.3 միլիարդ դրամ (որոշ գույքեր դեռեւս գնահատված չեն)։
2. Ութ իրավաբանական անձանցում մասնակցություն եւ մեկ փոխառության պահանջի իրավունք։
3. Բռնագանձման է ենթակա նաեւ ավելի քան 8.6 միլիարդ դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի եւ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված՝ օրինական եկամուտներով չհիմնավորվող դրամի հանրագումար:
Դատախազությունը երկու տարվա ընթացքում մի քանի անգամ հայցային պահանջ է փոխել՝ ավելին պահանջելով Սեդրակյանների ընտանիքից։ Վերջիններիս ներկայացուցիչ Ռաֆայել Ջհանգիրյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց․ «Իրենք օրինական եկամուտներն էլ են դիտարկել ապօրինի եւ դրա չափով ավելացրել են, չեմ հիշում, թե այս պահին որքան գումարի մասին է խոսքը»։

Փաստաբանը նաեւ նշեց, որ դատարանում մի քանի անգամ միջնորդություն են ներկայացրել գործը կարճելու՝ վաղեմությունն անցնելու մասով, որը մերժվել է․ «Հայցի առարկան՝ պահանջների չափը, մի քանի անգամ փոխել են, նաեւ այդ ամեն պահանջի չափի փոխելու վերաբերյալ էլ ենք ներկայացրել միջնորդություններ, մերժվել են այդ միջնորդությունները»։ Դատարանն այս գործով դեռեւս նախնական դատական նիստերի փուլում է, հաճախ են նիստեր նշանակվում, սակայն, ըստ փաստաբանի, ծավալուն գործ է։ Այս տարիների ընթացքում արգելանքի տակ է առնված Սեդրակյանների ունեցվածքի մեծ մասը։ «Բնականաբար, խոչընդոտ կա, բայց օրենքի պահանջն է։ Երբ գործով կունենանք դրական ելք, պատճառած վնասի հատուցում կուզենք»,-ավելացրեց նա։

Երեկ դատախազությունը մեկ այլ հաղորդագրություն էլ տարածեց` Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատարանի նախկին դատավոր Արտակ Բարսեղյանից եւ նրան փոխկապակցված անձանցից՝ հօգուտ ՀՀ-ի, գույք եւ դրամական միջոցներ բռնագանձելու մասին:

Ըստ հաղորդագրության, խոսքը 2 անշարժ գույք, 2 իրավաբանական անձանցում մասնակցության իրավունք, 77 միլիոն 692 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամուտների եւ միջոցների մնացորդ, 14 միլիոն 955 հազար դրամ բռնագանձելու մասին է, որը «չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, 1994-2023 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել եւ բռնագանձել»: Նկատենք, որ այս օրենքի կիրառումը դատախազությունը կամաց տարավ հասցրեց մինչեւ 90-ական թվեր, երբ ձեռքբերված գույքը մարդիկ չեն կարողանում փաստաթղթերով հիմնավորել, քանի որ փաստաթղթային հիմքերն ու արխիվները, որպես կանոն, չեն պահպանվել: Իսկ այս հակաօրինական եւ հակասահմանադրական գործընթացում ոչ թե իրավապահ մարմինն է մարդու «մեղքը»` գույքի անօրինական լինելն ապացուցում, այլ՝ տվյալ անձը, որի նկատմամբ վերեւից իջեցված հրահանգ կա:

Translate »