19/04/2025

Կարեն Դեմիրճյանի մասին պատմում է Ստեփան Դեմիրճյանը

«…Պետք է իմանալ, որ Խորհրդային Միությունում բազմաթիվ թեմաներ են փակ եղել 1930-ականներին, որոնք բացվել են Ստալինի մահվանից հետո, 1950-ականների Խրուշչովյան ձնհալի՝ «оттепель»-ի շրջանում։ Սակայն անկախ նրանից, բարձրաձայն խոսվել է, թե ոչ, հայ ժողովրդի գիտակցության, հիշողության մեջ ցեղասպանության փաստը եւ թեման միշտ էլ առկա է եղել։

Խորհրդային Հայաստանի ղեկավարները, երբ արդեն քիչ թե շատ իրադրությունը թույլ է տվել, ձեռնամուխ են եղել կոնկրետ քայլերի՝ ցեղասպանության հիշատակման եւ դատապարտման ուղղությամբ։ Բայց այդ քայլերը արվել են դժվարություններ, խոչընդոտներ հաղթահարելով։ Ոչ թե Մոսկվայից կանաչ լույս է վառվել։ 1964-ին, երբ Յակով Զարոբյանը Եղեռնի 50-րդ տարելիցին ընդառաջ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կառուցումն է նախաձեռնում, շատ խոսուն է, թե նախաձեռնությունը ինչ ձեւակերպմամբ է Մոսկվա ներկայացվել՝ «Առաջին համաշխարհային պատերազմում զոհված հայազգի նահատակներին նվիրված հուշակոթող»։

Ցեղասպանություն բառն անգամ չի հիշատակվել փաստաթղթում հավելյալ խոչընդոտներ չհարուցելու համար։ Հուշահամալիրի կառուցումը թափ է ստացել 1966-ին, արդեն Անտոն Քոչինյանի օրոք եւ կառուցման աշխատանքները անմիջականորեն վերահսկել է Կարեն Դեմիրճյանը, ով այդ ժամանակ Երեւանի քաղկոմի երկրորդ քարտուղարն էր։ Մեծածավալ աշխատանք կատարելով հնարավոր է լինում 1967-ին հուշահամալիրի կառուցումն ավարտել եւ այն պաշտոնապես բացել։ Հայաստանի խորհրդայնացման օրը՝ նոյեմբերի 29-ին Ծիծեռնակաբերդում Քոչինյանը վառում է անմար կրակը։ 1974-ին արդեն հանրապետության ղեկավարումը ստանձեց Կարեն Դեմիրճյանը եւ ես գիտեմ, թե ինչ հետեւողական եւ համառ աշխատանքի արդյունքում Դեմիրճյանին հաջողվեց հասնել նրան, որ նախ 1975-ին առաջին անգամ Հայաստանի ղեկավարությունը պաշտոնապես դատապարտի Հայոց ցեղասպանությունը եւ, ի վերջո, 1988-ին Ապրիլի 24-ը հայտարարվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ 1985-ից Հիշատակի օրվա նախագիծը, հիմնավորումը ներկայացված էր, եւ Կ.Դեմիրճյանն ամեն Մոսկվա այցին այդ թեման կրկին բարձրացնում էր․․․ Հարկավոր էր ՍՄԿԿ Քաղբյուրոյի հավանությունը, իսկ այնտեղ տարբեր դիրքորոշումներ կային. մասնավորապես, ԽՍՀՄ երկարամյա ԱԳ նախարար Անդրեյ Գրոմիկոն դեմ էր Ապրիլի 24-ի հիշատակմանը, քանի որ համոզված էր, դա կվատացնի Թուրքիայի հետ ԽՍՀՄ հարաբերությունները։ Ի վերջո, տարիների ջանքերի, պայքարի արդյունքում 1988-ին Ապրիլի 24-ը Հիշատակի օր հայտարարվեց, երբ Կ. Դեմիրճյանն արդեն հեռացել էր իշխանությունից»։

Translate »