Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ապրիլի 17-ին կայացել է Ռուսաստանի Դաշնության նախագահներ Վլադիմիր Պուտինի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը:
Ըստ այդմ՝ կողմերը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցությունը: Ղազախստանի նախագահը հայտնել է, որ կմասնակցի ֆաշիզմի դեմ հաղթանակի տոնական միջոցառումներին: Իր հերթին Ռուսաստանի նախագահը պատմել է, թե ինչպես է զարգանում Մոսկվայի և Վաշինգտոնի երկխոսությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Այլ մանրամասնություններ Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը չի հաղորդել:
Tengrinews-ը, հղելով Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքին, հայտնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում նախագահները միջազգային քաղաքականության ակտուալ հարցերի շուրջ մտքերի փոխանակություն են ունեցել, ինչպես նաև քննարկել առաջիկա հանդիպումների ժամանակացույցը:
Ինչ վերաբերում է ռուս-ամերիկյան երկխոսությանը, ապա ղազախական կողմն այդ մասին հետևյալն ձևակերպումն է արել. «Ինչպես հայտնում են Կրեմլից, Պուտինը նաև կիսվել է ռուս-ամերիկյան երկխոսության ընթացքի գնահատականներով»:
Եթե ամփոփ ներկայացվի, ապա Պուտին-Տոկաև հեռախոսազրույցի առաջին թեման կարելի է գնահատել «հերթապահ». Ռուսաստանը մտադիր է Ղազախստանի տարածքով դեպի Չինաստան գազատար կառուցել, բայց չինական կողմն առայժմ քննարկում է նախագծի արդյունավետությունը, իսկ Ղազախստանը փորձում է Ռուսաստանի տարածքով նավթի արտահանման այլընտրանքային երթուղի գտնել:
Երկրորդ թեման նկատելիորեն ինտրիգային է: Ֆաշիզմի դեմ հաղթանակի տոնակատարության երեք շաբաթ է մնացել: Այդ միջոցառումներին Ղազախստանի նախագահի մասնակցությունը պետք է որ խնդրահարույց չլիներ: Ղազախստանյան կողմի հաղորդագրության մեջ ասված է, որ նախագահ Տոկաև «բնականաբար կմասնակցի հանդիսությանը», ինչից կարելի է տպավորություն ստանալ, թե Մոսկվայում այդ կապակցության թերահավատությւոն են ունեցել:
Պուտին-Տոկաև հեռախոսազզրույցի կարևորությունը, սակայն, այն է, որ Ռուսաստանի նախագահը Ղազախստանի առաջնորդի հետ կիսվել է ԱՄՆ-ի հետ երկխոսության ընթացքի գնահատականներով: Ավելի պարզ ասած՝ Վլադիմիր Պուտինը Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ներկայացրել է ուկրաինական կարգավորման հարցով ռուս-ամերիկյան բանակցությունների դինամիկան:
Դա, կարծես, առաջին դեպքն է, երբ Ռուսաստանի նախագահը երրորդ երկրի ղեկավարին իրազեկում է ԱՄՆ հետ բանակցությունների մասին: Ընդ որում՝ պետք է նկատի ունենալ, որ դա տեղի է ունենում Սամարղանդում գումարված՝ Եվրամիություն-Կենտրոնական Ասիայի գագաթաժողովից երկու շաբաթ հետո և նույն օրը, երբ Փարիզում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հետ և ներկայացրել եվրոպացի գործընկերների հետ ունեցած քննարկումները:
Ռուբիո-Լավրով հեռախոսազրույցի մասին Ռուսաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրության տեքստում ասված է, որ Լավրովը հույս է հայտնել, որ կհաջողվի ուկրաինական խնդիրը «նախապատճառների վերացման հիմքով կարգավորելու համաձայնության հասնել»: Փաստացի ստացվում է, որ Ռուսաստանն այդ հարցով ԱՄՆ-Եվրամիություն քննարկումներին նշանակություն չի տալիս:
Ըստ երևույթին՝ Վլադիմիր Պուտինը Կասիմ-Ժոմարտ Տոկաևին «համոզել է», որ աշխարհաքաղաքական նոր իրավիճակում Եվրամիությունն այլևս որոշիչ դերակատար չէ և Բրյուսելի վրա խաղադրույք դնելու իմաստ չկա:
Հաջողվե՞լ է նրան դա, թե՞ ոչ: Ըստ երևույթին՝ ձեռք է բերվել քննարկումները շարունակելու պայմանավորվածություն, եթե, ինչպես կողմերի պաշտոնական հաղորդագրություններն են ասում, շոշափվել է նաև առաջիկա հանդիպումների ժամանակացույցի հարցը: Ընդ որում՝ խոսքը մայիսի 9-ից հետո շփումների մասին է:
Անցյալ տարի Վլադիմիր Պուտինը պետական այց է կատարել Ղազախստան: Հավանաբար մինչև տարեվերջ Տոկաևը փոխայցելությամբ կգտնվի Մոսկվայում: Ղազախստանը Կենտրոնական Ասիայի առաջատարն է, և Աստանայի կողմնորոշումը Մոսկվայի համար չափազանց կարևոր է:
Բաց մի թողեք
Օգտակար հանդիպում ունեցա ԵՄ թիմի հետ, Սյունիքի ժողովուրդն իրավունք ունի ապրել խաղաղ. դեսպան Գալագեր. Լուսանկար
Փարիզում կարևոր հանդիպում՝ Հայաստանի մասին, թե՝ ․․․ ընդհակառակը
ԱՄՆ-ն չեղարկել է Հայաստանում «Ժողովրդավարական մշակույթի խթանում» ծրագրի ֆինանսավորումը