Այսպես շարունակվելու դեպքում Կառավարության՝ շաբաթական պարբերականությամբ անցկացվող նիստերը շուտով կվերածվեն զավեշտախաղի կամ մեկ դերասանի թատրոնի, ընդ որում՝ կատակերգու դերասանի:
Ակամա այս եզրակացությանն ես հանգում՝ դիտելով ՀՀ գործադիրի ապրիլի 3-ի եւ ապրիլի 10-ի նիստերի տեսագրությունները: Առաջինին մենք անդրադարձել էինք՝ լուսաբանելով ՔՊ-ական իշխանության վարած կադրային ապաշնորհ քաղաքականության տարբեր դիտանկյուններ:
«Հայացքի» այսօրվա թողարկման խմբագրականն էլ Կառավարության վերջին՝ ապրիլի 10-ի նիստի ընթացքում ծավալված եւ նոր զավեշտի հասնող թեմայի շուրջ է՝ հնարավորինս ավելի լրջմիտ հայացքի ներքո:
Երբ ասում ենք «ավելի լրջմիտ հայացք»՝ նկատի ունենք, որ այս անգամ զավեշտախաղը, թող տարօրինակ չթվա, ճշմարտության բավական մեծ չափաբաժին է պարունակում, որի համար պարտական ենք նիստը նախագահողի անկեղծությանը, ինչու չէ, նաեւ մտքի սլացքին: Դատեք ինքներդ. «Գյուղացին գիտելիքի պակաս ունի, դա նրանից է, որ մենք տգետ ենք,- ասել է նա՝ շարունակելով. «Ես յոթ տարի մնացել եմ նույն՝ առաջին դասարանում… Մարդիկ գիտելիքի պակաս ունեն, որովհետեւ մե՛նք ունենք գիտելիքի պակաս: Մենք ենք էդ մարդկանց առաջնորդում դեպի աղքատություն եւ տգիտություն: Սա բոլորին ա վերաբերվում՝ ինձնից սկսած»:
Հատկանշական է, որ գյուղական թեման էր արծարծվում նաեւ Կառավարության ապրիլի 3-ի նիստում: Փաշինյանը փորձում էր համոզել, որ մեզանում կադրային ճգնաժամ է, կադրային սով է, քանի որ մեր գյուղերի 70 %-ը չունի մանկապարտեզներ: Պետք է շատ վառ երեւակայություն ունենալ նման հետեւության հանգելու համար: Անտեղյակներին կարող է թվալ, թե ՀՀ գյուղական մանկապարտեզներում կադրեր են պատրաստում:
Ըստ փորձագետների՝ աշխարհի ոչ մի երկրում՝ առավել եւս Հայաստանում, կադրային սով չի կարող լինել, ավելի շուտ կա կադրերի ընտրության ու ճիշտ տեղաբաշխման խնդիր: Եվ, երկրորդ, կա Փաշինյանի՝ անլուրջ, անվստահելի գործատու լինելու մտավախություն:
Բայց գանք «տգետների կառավարության» թեմային: Եվ քանի որ Փաշինյանն ազնվորեն խոստովանում է (հավանաբար՝ կյանքում առաջին անգամ), որ տգիտությամբ նաեւ ինքն է տառապում, հենց իր վերջին 7 տարվա կյանքի դառը դասով էլ կփորձենք հասկանալ, թե ինչպես է պատահել, որ 2018-ից ի վեր երկրում որեւէ դրական շարժ, առաջադիմություն չի արձանագրվել կամ ժողովրդի ասած՝ քարը քարին չի դրվել:
Մի ողջ յոթնամյակ, որի ընթացքում կարելի էր բանակ հզորացնել, տնտեսություն վերականգնել, կրթական, դատաիրավական, գիտամշակութային եւ այլ ոլորտներում համակարգային բարեփոխումներ իրականացնել, հենց այնպես մսխվել է: Սա, ի դեպ, մենք չենք ասում, յոթ տարի «առաջին դասարանում» մնացած Նիկոլ Փաշինյանն է ասում:
Բանից պարզվում է՝ Կառավարությունը յոթ տարի ժամավաճառությամբ է զբաղվել, ոչ մի արժեք, հանրային ոչ մի բարիք չի ստեղծել, բայց Կառավարության անդամները տեղը տեղին իրենց բարձր աշխատավարձերն ու կայուն պագեւավճարները ստացել են՝ առանց խղճի խայթի: Անգամ բողոքներ են հնչել, որ իրենք շատ ավելի բարձր վարձատրության են արժանի:
Օրեր առաջ ֆինանսների նախարարը դժգոհում էր ցածր աշխատավարձից. «Ես կարծում եմ՝ այն աշխատանքը, որ ես անում եմ եւ այն աշխատավարձը՝ 1 մլն դրամը, որ ստանում եմ, իրար հետ անհամարժեք են»,- ասել է նա՝ հարկ չհամարելով խոսել այդ ամսվա ստանալիք պարգեւավճարի մասին, որը 500 հազար դրամից պակաս չէ:
Երկրում առկա 25 տոկոս աղքատության խորապատկերին ՔՊ-ական պաշտոնյաների շռայլ պարգեւավճարները ժողովուրդն իրավացիորեն բնութագրում է որպես պետական մակարդակով կատարվող ռեկետ:
«Տգետների կառավարության» իշխանավարման այս 7 տարվա մեջ Հայաստանն անչափելի հետընթաց է ապրել. պարտվել է Արցախյան 44-օրյա պատերազմում, տվել մեծաքանակ զոհեր ու վիրավորներ, կորցրել Արցախը, ՀՀ-ից՝ շուրջ 240 քառակուսի կմ տարածք, ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ, ճանապարհներ, պատմամշակութային եւ հոգեւոր արժեքներ:
Այս ցանկում անտեսեցինք ներկայիս քաոսային իրավիճակը, ապագայի անորոշությունը, կրկնապատկված արտաքին պարտքը, ադրբեջանաթուրքական մամլիչը եւ էլի շատ ուրիշ «2»-ներ:
Պարզ է, որ այսչափ բացասական գնահատականով ու վառ արտահայտված այսպիսի խայտառակ հետադիմությամբ անկարելի է երբեւէ «առաջին դասարանից» բարձրանալ:
Բաց մի թողեք
Պետք է ամեն ինչ անենք, որ նման վայրագությունները չկրկնվեն․ ԵՄ դիտորդական առաքելություն. Լուսանկար
Ֆրանսիայի նախագահի և Հայաստանի դեսպանի հայերեն գրառումները
Էրդողանը Ապրիլի 24-ի վերաբերյալ ուղերձ է հղել