Ավագ շաբաթ օրը Գյումրիում քաղաքապետի երդմնակալության արարողություն էր՝ մեր տեր Հիսուս Քրիստոսը դեռ հարություն չէր առել, երբ Վարդան Ղուկասյանը հանդիսավոր կերպով երդվեց՝ ստանձնելով համայնքի ղեկավարի լիազորությունները։
Եվ մինչ քրիստոնյա աշխարհը սպասում է հայտնության ժամին՝ Տիրոջ երկրորդ գալուստին, գյումրեցիները, փաստորեն, տեսան իրենց «քաղաքի» նախկին «տիրոջ» 5-րդ գալուստը։ Այդ՝ երկրային տրագիֆարս հիշեցնող արարողությանը, նկատենք, չէր մասնակցում գյումրեցիների առավելագույն քվեն ստացած «Քաղաքացիական պայմանագիր»-ը, ինչպես նաև Ղուկասյանին քաղաքապետ սարքած Մարտուն Գրիգորյանի առաջնորդած «Մեր քաղաքը» դաշինքը։
Փույթ չէ, արարողությունն իր բարձր ներկայությամբ պատվել էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, որի հետ Վարդան Ղուկասյանն իր պաշտոնավարման «փուչ օրից», ինչպես գյումրեցիներն են ասում՝ «թուր ու թվանք էր»։ Աջապահյանն էր 2008-ին, սիրտը բացելով մամուլի առաջ, Ղուկասյանին «խաչել»՝ «ամբարտավան ու անհարգալից» անվանելով, համարել մեկը, որը բոլորին ցածր է համարում իրենից, իրեն էլ՝ բոլորից բարձր, նույնիսկ՝ Աստծուց։
«Նա իր եսն է ամենից բարձր դասում, Ֆյուրերն է, գահի վրա իր եսն է, հետո՝ Աստված, կամ՝ Աստված՝ նույնացած իր հետ: Ինչպես քաղաքն է նույնացած իր եսի հետ, որովհետև էստեղ ուզենա՝ արձան կդնի, էնտեղ ուզենա՝ բոստան կցանի, ինչ ուզենա՝ կանի քաղաքի հետ»,- գանգատվել էր թեմի առաջնորդն ու շեշտել՝ իր քառասունհինգ տարվա կյանքում և քսան տարվա հոգևորականի կյանքում երբեք իր նկատմամբ ավելի անհարգալից մարդու չի հանդիպել, քան քաղաքապետն է։
Այսօր արդեն 60-ը բոլորած թեմի առաջնորդը հանուն «վեհ» նպատակի՝ «ՔՊ-ի իշխանազրկման», զինաթափվել էր, քաղաքապետի հետ ունեցած հին վեճերն ու դիլխոր հոգեվիճակները քարի տակ դնելով եկել էր օրհնելու «քաղաքի տիրոջ» 5-րդ «հարությունը»՝ բազմել էր նրա կողքին, հավասարը հավասարի պես, անթաքույց հրճվանքով, նույնիսկ աջն իր «անառակ որդու» գլխին դնելով մի պահ խոնարհեցրեց նրան՝ թերևս առաջին անգամ ցուցանելով իր գերակայությունը վերջինիս՝ իրեն Աստծուն նույնացրած «Ֆյուրերի» նկատմամբ։
Բանը, սակայն, աջը համբուրելուն չհասավ, թեև իր հետագա խոսքում Ղուկասյանը նշեց՝ ինքն ու իր երբեմնի ախոյանը պատրաստ են ընդհուպ միմյանց ձեռքը համբուրել, եթե դա է պահանջում… քաղաքի շահը։
Հանդեսը՝ հանդես, տոնը՝ տոն, բայց թե՛ Աջապահյանի, թե՛ Ղուկասյանի ելույթներում անհնար էր չնկատել քաղաքի հետագա կառավարման տապալման հետ կապված անհանգստությունը։
«Չնստեք կոճղին, չուտեք կարկանդակ», այն է՝ չտապալեք ավագանու նիստերը՝ հարուցելով կառավարման ճգնաժամ՝ սա էր թեմի առաջնորդի գլխավոր պատգամը քաղաքային նորընտիր իշխանությանը։ Թե ովքեր են սրբազանի ասած պոտենցիալ «տապալիչները»՝ ցույց կտա ավագանու հետագա աշխատանքը. հընթացս նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը որոշում ունի մասնակցել ավագանու աշխատանքներին, այնպես որ, քաղաքի կառավարումը ձախողողներին պետք է փնտրել այլուր՝ ՔՊ-ից դուրս, գուցե «Մեր քաղաք»-ի ներսում։
«Հորդոր, իբրև պատգամ ասում եմ բոլոր նրանց՝ ավագանու անդամ բացականերին ու ներկաներին. օգնեք պարոն քաղաքապետին, որպեսզի իր գործունեությունն ինքը կարողանա ծավալել, հակառակվեք, քննարկեք, քննադատեք, բայց գործի մեջ եղեք համագործակցական, գործակից, լծակից։ Օգնեք։ Էս որ ասում եմ, բացականերին առավելապես է վերաբերում, քան ներկաներին, ներկաները, պարզ է, որ հավաքվել են, օգտակարություն անելու տրամադրություն ունեն։
Սա «համար 1» հորդորը պետք է լինի, որ մենք բոլորս, անկախ էն դիրքից և դիրքավորումից, որ կունենանք, պիտի օգնենք, որպեսզի քաղաքապետը կարողանա աշխատել։ Էստեղից երկրորդ հորդորն է բխում, որն է՝ մի՛ խանգարեք գոնե, եթե չեք օգնում։ Անցած տարիներին մենք տեսանք այդ խանգարելու փորձերն ու հետևանքները։ Ավագանու անդամների առաքելությունը, եթե ընդդիմություն են, խանգարելու մեջ չի։
Ընդդիմություն չեն նրա համար, որպեսզի խանգարեն, այլ նրա համար, որպեսզի այլընտրանքային բան առաջարկեն և էդ առաջարկի գաղափարը ներկայացնեն և նաև պայքարեն էդ գաղափարի իրականացման համար։ Բայց ոչ թե խանգարեն, սաբոտաժ անեն. սաբոտաժի համար Ստալինի ժամանակ գնդակահարում էին։ Էսօր ոչ մի հին մարդ էլ չկա, որ հիշի, բայց պատմությունից դա գիտենք»,- ազդարարեց Ստալինի օրոք հոգևորականների մորթ, եկեղեցիների ավերում տեսած Աջապահյանը, որի խոսքին հետևող աստվածապաշտ Ղուկասյանը, նկատենք, կիսաժպիտը դեմքին, գլխի հաստատական շարժումով հավանության արժանացրեց հոգևորականի «ցուցանած առակը»։
Նույն մտահոգությունն ընդդիմության սաբոտաժի մասին լսել էին նաև նորընծա քաղաքապետի խոսքում, սակայն, ի պատիվ իրեն, առանց Ստալինի, Բերիայի, Կալիգուլայի կամ այլ հռչակավոր գլխակերների անվան հիշատակման։ Քաղաքապետի աթոռի քաղցրությունն ու դառնությունը 4 անգամ ճաշակած ու 5-րդ անգամը պատրաստվող Ղուկասյանը որոշեց (ներողություն գողալեզվով արտահայտության համար) «ստռախ գանյատ անել»՝ Տաթևացուն ու «Արարատ-73»-ի հայտնի ֆուտբոլիստին հղում անելով։
«Ինձ ասում են, թե՝ ավագանիները «ոտ կպահեն», պետությունը ամբողջությամբ ՔՊ-ի ձեռքում է, ո՞նց եք աշխատելու, ի՞նչ պըտի անես։ Ես երբ որ եկա (նախկինում), մի ավագանի չունեի էն ժամանակ։ Բոլորը իրանց ավագանիներն էին։ Պայմանավորվում էինք, գալիս էին ավագանիները սիրո՜ւն, խելացի, տեսնում էին ճշմարտությունը, գնում էին, ու, փառք Աստծո, 13 տարի աշխատեցինք»,- նշեց Ղուկասյանն ու բարոյախրատական ճառասացությանը դիմելով՝ շեշտեց միասնության կարևորությունը։ «Եթե հանկարծ ոտ պահելոցի եղավ, ժողովրդին կտեղեկացնենք, ժողովուրդը տեղյակ կլինի, ինչքան էլ «ոտ պահեք», չեմ ցանկանում (նայելով դեպի վերև՝ Աստծուն)։
Ով հետևիցս ընկել է, պրոբլեմ է ունեցել, տիրոջով, հավատացեք ընձի, էնքան բաներ կան, որ չեմ ուզում ասեմ, ես մեղքում եմ»,- բարոյահոգեբանական վրաերթ արեց քաղաքապետն ու հավելեց. «Ուզում եմ խոսք ասել իմ ընդդիմությանը և ՀՀ ընդդիմադիրներին. Գրիգոր Տաթևացին ասում է՝ շատ կարևոր է ընդդիմությունը, եթե ուզում եք երկիրը զարգանա, անպայման էդ երկրում պետք է լինի ընդդիմություն։ Եվ օրինակ է բերում, ասում է՝ ծառին ընդդիմությունը քամին է, ինչի համար է քամին ծառին, որ ծառն իր արմատները ուժեղացնի։ Հիմա եթե ընդդիմությունը առողջ է, ես կողմնակից եմ, բայց եթե պտի Լևոն Իշտոյանի ֆինդերն անեն, ես էլ ոտ ջարդո՜ղ եմ, ես էլ «փըստ» շատ եմ տալիս»։
Քաղաքապետը, նկատենք, հիշեցրեց նաև մեկ այլ ճշմարտություն՝ Թումանյանի բանաձևած ճշմարտությունը կյանքի և աշխարհիս երեսին եղած ամեն ինչի անցողիկ լինելու մասին։ «Սրանք էլ կգնան, ես էլ կգնամ, դուք էլ կգնաք, բայց կմնա մի բան՝ գործն է անմահ, լավ իմացեք, որ հիշվում է դարեդար»։ Ազդարարեց քաղաքապետը, շնորհակալություն հայտնեց ու… խաչակնքեց։ Ի դեպ, եթե Մարտուն Գրիգորյանի ենթակայությամբ գործող ավագանու անդամները «թարս ոտից զարթնեն»՝ որոշեն բոյկոտել ավագանու նիստերը, Վարդան Ղուկասյանը, որքան էլ ավետարան կարդա նրանց գլխին, Շնորհալու, Տաթևացու փիլիսոփայությանը, Իսահակյանի, Թումանյանի քնարին դիմի, չի կարողանալու քաղաքապետ աշխատել։ Այնպես որ, այս աշխարհում ամեն ինչ ոչ միայն անցողիկ է, այլև՝ հարաբերական։
Հ.Գ. Աստվածաշնչյան ճշմարտություններին ու պատգամներին հղում անել սիրող քաղաքապետը, համոզված ենք, տեղյակ է նաև, որ անցողիկ են ոչ միայն քաղաքական ուժերը, պաշտոնն ու գահը, այլև՝ գանձերը։ «Ձեզ համար գանձեր մի դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգն ապականում են, և որտեղ գողերը սողոսկում են և գողանում։ Մատթեոս 6։19»։ Բայց արի ու տես, որ նախկին և գործող քաղաքապետը այս մի ճշմարտությունը զանց է առել՝ երկրի վրա կուտակելով բազում գանձեր, որոնց օրինականությունն, ի դեպ, պետությունը՝ ի դեմս գլխավոր դատախազության, վիճարկում է Հակակոռուպցիոն դատարանում։
Հեղինե Մանուկյան
Բաց մի թողեք
Մոսկվան Եվրամիության հետ դիմակայությունը «տրանզիտով» տեղափոխում է Կենտրոնական Ասիա
Թրամփը Պուտինից նվեր է ստացել իր դիմանկարը. CNN-ը հրապարակել է այն
Երբ Պուտինը չի գնում Էրդողանի մոտ, Էրդողանը որդուն Մոսկվա «բանագնա՞ց է ուղարկում»