14/05/2025

Փակ հանդիպմանը երկու թեմա է քննարկվել

Արցախի ներկայացուց­չությու­նում երեկ ավելի քան երկու ժամ փակ քննարկում էր տեղի ունենում` Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցում էր արցախցի ակտիվիստների հետ։

Հրապարակ թերթը գրել է․ Ներկա է եղել նաեւ Արցախի պետնախարարը։ Դեռեւս անցած շաբաթվա վերջին մի խումբ արցախցիներ բողոքի ակցիաներ արեցին Արցախի ներկայացուցչության շենքի առջեւ, պահանջելով Շահրամանյանից՝ զբաղվել Արցախի պաշտոնյաների թալանի վերադարձով, մասնավորապես, Արցախի ներդրումային հիմնադրամի անհետացած միլիարդներով։ Այս հիմնադրամը պատերազմից հետո նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ձեռքով դարձել էր յուրօրինակ «սկոչ», որով պատերազմից հետո փակել են բոլոր բողոքավորների բերանը՝ շարքայինից մինչեւ նախկին եւ ներկա պաշտոնյա։

Ներդրումային եւ գյուղատնտեսական հիմնադրամներից վարկեր են տրամադրվել տասնյակ-հարյուրավոր արցախցիների, որոնք բիզնես ծրագիր են ներկայացրել, մեկը՝ գազալցակայան սարքելու, մյուսը՝ մեղվաբուծությամբ զբաղվելու, երրորդները՝ այլ ծրագրերի համար։ Իրականում, հավանաբար, գումարները տրամադրվել են, որ մարդիկ մնան Արցախում, իրենց ապագան տեսնեն Արցախում, չարտագաղթեն` երկիրը թողնելով ադրբեջանցիներին: Բնականաբար, այդ գումարների մի մասը նպատակային չի օգտագործվել, ինչ-որ մարդիկ ավելի շատ են օգտվել, քան մյուսները, եւ հիմա ոմանք փորձում են շահարկել այս թեման:

Մենք գրել էինք, որ Արցախի ներկայացուցչության դիմաց հավաքված մի քանի տասնյակ ցուցարարների մեծ մասը, եթե չասենք՝ բոլորը, այս կամ այն չափով օգտվել են հիմնադրամներից եւ մի լումա չեն վերադարձրել պետությանը, իսկ հիմա եկել` թալանի վերադարձ են պահանջում մի մարդուց, որը, մեծ հաշվով, կապ չունի այդ գումարների հետ: Միակ կապն այն է, որ նա ի պաշտոնե Արցախի վերջին նախագահն է եղել եւ հիմա պետական հիմնադրամների միջոցների պատասխանատուն է համարվում։

Իրականում ակնհայտ է, որ այս խումբն ուղղորդվում է ՀՀ իշխանությունների եւ նրանց մերձ Սամվել Բաբայանի կողմից, որոնք փորձում են պառակտել արցախցիներին, ովքեր վերջին շաբաթներին պայքարի են դուրս եկել եւ ՀՀ իշխանություններից պահանջում են զբաղվել իրենց հավաքական իրավունքներով, այդ թվում՝ Արցախ վերադարձի հարցով։ Իշխանություններին թերեւս հաջողվեց պայքարի սլաքները տեղափոխել ԱՀ իշխանությունների կողմը։ Երկօրյա ցույցերից հետո երեկ ակտիվիստներից մի քանիսը՝ Նահապետ Սարգսյանի գլխավորությամբ, հանդիպել են Շահրամանյանին: Ի դեպ, Արթուր Օսիպյանը, որը նախօրեին ամենաակտիվն էր, ակտիվից եւս մի քանիսը, չեն մասնակցել հանդիպմանը, որն ավելի քան երկու ժամ ձգվել է:

Քննարկումն ընթացել է երկու ուղղությամբ, առաջինը իրենց բարձրաձայնած պահանջներն են քննարկել։ Շահրամանյանը կրկին հիշեցրել է, որ դեռեւս 2023 թվականի նոյեմբերի 8-ին համապատասխան գրություն է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին, որի հիման վրա հարուցվել է քրեական գործ։ Այդ գործի շրջանակներում ինքը հրավիրվել է հարցաքննության` որպես վկա, առգրավվել են Արցախի ներդրումային հիմնադրամի էլեկտրոնային կրիչները, հարցաքննվել են նաեւ Արցախի պետական պաշտոնյաներ եւ Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրենը։ Իր կարծիքն է նաեւ հայտնել, թե ինչու գործին ընթացք չի տրվում, քանի որ, Շահրամանյանի խոսքով, ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ Արցախն այլեւ գոյություն չունի, հետեւաբար՝ «սառույցին են գրել» նաեւ պետական հիմնադրամի միջոցների հարցը։ Ակտիվիստները, սակայն, պնդել են, որ պետք է հանդիպեն իրավապահ կառույցների պատկան ներկայացուցիչների հետ եւ հորդորել, որ պատշաճ քննություն իրականացվի։ Շահրամանյանը խոստացել է աջակցել ընդունելության համար, բայց անձամբ իր մասնակցությունը չի հաստատել: Ասվել է, որ Արցախի ներկայացուցչությունը նախագահի անունից պաշտոնական գրությամբ դիմելու է Գլխավոր դատախազություն, Քննչական կոմիտե եւ Ազգային անվտանգության ծառայություն՝ պարզելու, թե որ կառույցն է պատրաստ ընդունել նրանց եւ կազմակերպել հանդիպում։ «Քննարկում ենք անելու, թե ինչ ձեւաչափով ենք գնալու դատախազություն»,- հանդիպումից հետո լրագրողներին ասաց մասնակիցներից մեկը։

Իրենք` ցուցարարները, մտահոգություն չունե՞ն, որ գործի քննությունից հետո նաեւ իրենց պատասխանատվության կենթարկեն, որ վերոնշյալ հիմնադրամներից գումարներ են ստացել, բայց զրո դրամ են վերադարձրել, բողոքի ակցիաների օրերին հարց են տվել ցուցարարներին, որոնք պատասխանել են, թե իրենք չեն վախենում, քանի որ այդ փողերը ծախսել են Արցախում, թող մտածեն նրանք, ովքեր գումարները բերել են Հայաստան եւ բիզնես դրել ու հիմա, ի տարբերություն իրենց, որ օրվա հացի փող չունեն, լավ են ապրում, հենց նրանցից էլ պիտի գումարները վերցնեն։ Եվ ենթադրվում է` ակնկալում են, որ իրենց կտան:

Հիշեցնենք․ անցած տարեվերջին մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ մի խումբ արցախցիներ ներխուժել են մի արցախցի գործարարի խանութ եւ գումար պահանջել: Խոսքը «Ռեզոն» խանութի մասին է, որի սեփականատերն Արցախի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Շահրամանյանի եղբայրն է։ Ըստ լուրերի՝ այս ընտանիքը եւս օգտվել է հիմնադրամից: Այսօրվա ցուցարարների հաշվարկը, ասում են, այն է, որ մեծ գումարներ ստացածների հետ «բազառի» մեջ մտնեն եւ ուղղակի փող ստանան նրանցից` շորթման ու շանտաժի միջոցով։ Քանի որ իրենք էլ գիտեն, որ եթե անգամ իրավական գործընթաց լինի, եւ արդյունքում գումարները վերադարձվեն, շարքային արցախցիներին չեն բաժանելու, այլ գնալու է պետբյուջե։

Խոսակցության երկրորդ թեման եղել է Արցախի նախագահի լիազորությունների երկարաձգումը․ ԱՀ նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանում է մայիսի 21-ին, որից հետո խորհրդարանը կարող է նոր նախագահ ընտրել: Եվ որպեսզի պետական այս ինստիտուտը չլուծարվի, ցուցարարները Շահրամանյանին ասել են, որ լավ կլինի՝ այդ պաշտոնում լինի մեկը, ով կարող է շփվել, համագործակցել ՀՀ իշխանությունների հետ, որպեսզի իրենց խնդիրները չանտեսվեն։ Մոտավորապես հասկացրել են, որ այդ ուղղությամբ էլ են պայքարելու՝ ըստ ամենայնի փորձելով իրականացնել ՀՀ իշխանությունների թեզը՝ Արցախի ներկայացուցչությունները լուծարելու վերաբերյալ։

ՀԳ․ Հանդիպումից հետո ակտիվիստ Նահապետ Սարգսյանը ճեպազրույցում մատնեց այն, որ ՀՀ իշխանությունների կողմից են ուղղորդվում, նա որեւէ թթու խոսք չասաց Փաշինյանի ու նրա խմբակի հասցեին, ասաց` «իմ լեւըլը թույլ չի տալիս» վերաբերմունք հայտնել, փոխարենը վստահ է, որ հակաարցախյան գրառումները ոչ թե իշխանականներն են անում, այլ՝ շարքային հայաստանցիները։

Հենց նա էր ուրբաթ օրը մագլցել Արցախի ներկայացուցչության դարպասների ճաղավանդակի վրա, եթե, ասենք, ՀՀ ԱԺ-ի ճաղավանդակին որեւէ ընդդիմադիր մոտենար ու մագլցելու փորձ աներ, ապա նրան տեղում կձերբակալեին, իսկ ոստիկանները հատուկ հոգածությամբ պաշտպանում էին Շահրամանյանի դեմ ցույց անողներին։