24/04/2025

Էրդողանը Ապրիլի 24-ի վերաբերյալ ուղերձ է հղել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակօս»-ը, Էրդողանի ուղերձն ընթերցվել է Ստամբուլի հայկական Սուրբ Վարդանանց եկեղեցում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը նվիրված պատարագի ժամանակ։

Էրդողանը, ինչպես միշտ, իր ցավակցական ուղերձում նշել է, թե ցավակցում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիների դժվարին ժամանակներում մահացած օսմանյան կայսրության հայերին ու նրանց ժառանգներին։

Նշենք, որ 2012 թվականից Թուրքիայի նախագահը նման բովանդակությամբ ուղերձներ է հղում ապրիլի 24-ին։

Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիա ՀԿ-ի ռասիզմի և խտրականության դեմ հանձնաժողովը, ինչպես ամեն տարի, այս տարի ևս հայտարարություն է տարածել ապրիլի 24-ի առիթով։

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայտարարության մեջ նշվում է, որ անպատիժ մնացած հանցագործությունը դառնում է շարունակական, ժխտողականությունը ցեղասպանությունը դարձնում է անվերջանալի, դահիճն արդարացվում է, իսկ զոհը դառնում մեղադրյալ։

Նշվում է, որ կազմակերպությունը 2005 թվականից ի վեր ամեն տարի՝ ապրիլի 24-ին, պահանջում է վերջ տալ ժխտողականությանը, ընդունել մեղքը՝ բոլոր իրավական հետևանքներով։

Ասոցիացիան նաև դատապարտել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության կազմակերպիչներ Էնվերի, Թալեաթի և Ջեմալի հերոսացումը, որը, ըստ կազմակերպության, հրահրում և բորբոքում է ռասիզմը: Ասոցիացիան նաև վստահություն է հայտնել, որ քանի դեռ Թուրքիան ժխտում է Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանությունը, երկրում անընդհատ արյունահեղություններ տեղի կունենան: