26/04/2025

Ադրբեջանական լարտվամիջոցներն ինչպես են մեկնաբանել դրոշների այրումը

Ապրիլի 23-ին տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված ավանդական ջահերով երթը: Օպերայի բակում երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները: Փաշինյանը այդ ակցիան եւ դրոշներն այրելը անպատասխանատու եւ հրահրիչ քայլ որակեց:

Ադրբեջանցիների աչքից, իհարկե, այդ հայտարարությունը չի վրիպել: Նաեւ շատ արագ արձագանքել էին դրոշների այրման ակցիային: Ապրիլի 23-ին՝ ժամը  22:35-ին, արդեն ադրբեջանական  haqqin.az-ը մի հոդված էր հրապարակել՝ «Փաշինյանը խոսում է Բաքվի հետ խաղաղության մասին, իսկ ռևանշիստները Ադրբեջանի և Թուրքիայի դրոշն են այրում» վերնագրով:

Եւ շեշտում են, որ չնայած ռևանշիստների այս քայլերին, ապրիլի 23-ին Փաշինյանը ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպոլոսին է ներկայացրել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը:

Ադրբեջանական կայքերի աչքից չի վրիպել նաև այն, որ Հայաստանում Եվրամիության գրասենյակը հեռացրել է իրենց ուղերձից Ցեղասպանություն բառը: report.az-ը ևս գոհունակությամբ անդրադարձել է Փաշինյանի՝ Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշներն այրելու դատապարտմանը՝ ներկայացնելով Փաշինյանի վրդովմունքը կատարվածի առնչությամբ:

oxu.az-ն էլ է մեծ ոգևորությամբ հրապարակել Եվրամիության հայաստանյան գրասենյակի՝ Ցեղասպանություն բառը հեռացնելու մասին լուրը: Մի երկու տողով էլ անդրադարձել են Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշների այրման թեմային եւ Հայոց Ցեղասպանության մասին գրելիս օգտագործել են «իբրև թե ցեղասպանություն» արտահայտությունը:

1news.az-ը, media.az-ը, news.day.az-ը համերաշխաբար հրատարակել են Փաշինյանի դատապատումը, ոչ մի հավելյալ տեղեկատվություն՝ ցեղասպանության անմեղ զոհերի երթի վերաբերյալ չներկայացնելով:

Սովորաբար ադրբեջանական կայքերում քարոզչական բազմաթիվ նյութեր էին գրվում նմանատիպ իրադարձությունների դեպքում, սակայն այս տարի բավարարվել են մի քանի տողանոց լուրերով: