Նարեկ Մալյանի, Էդգար Ղազարյանի եւ մի խումբ այլ ընդդիմադիրների կողմից ձեւավորված «Արթուն ենք» հանրային շարժումը, որն իր առաքելությունն է հռչակել ընդդիմադիր ուժերի եւ հանրության միջեւ երկխոսություն ծավալելու ու այդ երկխոսության միջոցով հանրության պահանջները բարձրաձայնելու գործառույթը, գործի է անցնում։
Հրապարակ թերթը գրել է․ Ապրիլի 28-ին որոշել են այցելել Ազգային ժողովի Բաղրամյան փողոցի ընդունարան եւ խորհրդարանի 107 պատգամավորներին փոխանցել Նիկոլ Փաշինյանին` «խելամիտ ժամկետում» (10 օրվա ընթացքում) անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելու առաջարկով անհատական նամակներ։
Պարզեցինք, որ նամակները կհանձնվեն ոչ թե առձեռն, այլ կգցեն խորհրդարանի ընդունարանի մուտքում տեղադրված արկղի մեջ, որտեղից էլ կհասնեն հասցեատերերին։ Իսկ նամակը կունենա նախագծի բովանդակություն՝ իմպիչմենթի վերաբերյալ, որում կնշվեն նաեւ հիմնավորումները։
Բաց կլինի միայն թեկնածուի անվան տեղը, դա էլ թողել են, որ ընդդիմադիր պատգամավորներն իրենք որոշեն։ Թեեւ դա թերեւս ամենաբարդ հարցն է: Խորհրդարանում իմպիչմենթի գործընթաց սկսելու համար, հիշեցնենք, ընդդիմությանն անհրաժեշտ է 36 պատգամավորի ստորագրություն, իսկ վարչապետին անվստահություն հայտնելու համար` 54 կողմ ձայն։
Մինչդեռ ընդդիմադիր երկու խմբակցությունները միասին ունեն ընդամենը 34 պատգամավոր, եւս 4 անկախ պատգամավորներ կան, եւ հայտնի չէ՝ նրանք կմիանա՞ն իմպիչմենթի գործընթացին, թե՞ ոչ՝ Իշխան Զաքարյանը, Գեղամ Նազարյանը եւ ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը։
Իմպիչմենթի գործընթաց սկսելու համար անհրաժեշտ է նաեւ միաժամանակ ներկայացնել վարչապետի թեկնածուի անունը։ «Մենք պատգամավորներին կփոխանցենք որոշման նախագիծ, որում կլինի որոշման հիմնավորումը՝ խնդրելով, հաշվի առնելով հիմնավորումները, նախաձեռնել այդ գործընթացը»,- ասում է Էդգար Ղազարյանը եւ փոքր-ինչ մանրամասնում իմպիչմենթի գործընթացի հիմնավորումը եւ թե ինչու` հիմա. նրա խոսքով՝ վարչապետ ընտրվելուց մեկ տարի հետո ամեն պահի հնարավոր էր այդ գործընթացը նախաձեռնել, ինչն ընդդիմությունը չի արել․ «Սահմանադրության համաձայն, կառավարությունն է համարվում այն սահմանադրական մարմինը, որն իրականացնում է երկրի արտաքին եւ ներքին քաղաքականությունը՝ կառավարության գործունեության ծրագրի հիման վրա։
Կառավարության գործունեության 2021-2026 թվականի հաստատված ծրագրի հիմնական ուղղություններից այս կառավարությունը շեղվել է, գերակա է համարել խնդիրներ, որոնք այս տարիների ընթացքում ոչ միայն չի կատարել, այլեւ վարչապետը, նախարարները հանդես են գալիս հայտարարություններով, որոնք հակասում են այդ ծրագրին, հակադիր են գործում։ Օրինակ, կառավարության ծրագրում ասվում է, որ կառավարությունը ԼՂ կարգավիճակի հստակեցումը համարում է գերակայություն, մինչդեռ դրան հակադիր գործեց, կամ ասում է՝ կառավարությունը ԼՂ խնդրի, ինչպես նաեւ տարածաշրջանի անվտանգության խնդիրների տեսանկյունից կարեւոր է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով համագործակցությունը, հիմա վարչապետը հայտարարում է, որ մենք ենք նախաձեռնություն ցուցաբերելու՝ Մինսկի խումբը լուծարելու համար։
Մենք ասում ենք՝ քանի որ ԱԺ-ն Սահմանադրությամբ վերահսկում է կառավարության գործունեությունը, իսկ անցած շաբաթ էլ խորհրդարանում քննվեց այդ ծրագրի նախորդ տարվա զեկույցը, խնդրում ենք՝ ձեր վերահսկողական գործառույթի շրջանակներում իրականացնել Սահմանադրությամբ ամրագրված գործընթաց»։
Մեր դիտարկմանը, որ ընդդիմությունն անգամ նախաձեռնությունը շրջանառելու համար բավարար թվով պատգամավորներ չունի, չկա նաեւ փողոցային պայքար, որը կստիպեր իշխանական պատգամավորներին՝ միանալ նախաձեռնությանը, Ղազարյանը պատասխանեց․ «Դրանք անլուրջ խոսակցություններ են։ «Հայաստան» դաշինքն օրերս հայտարարեց, որ ցեղասպանության մասին նախագիծ են դրել շրջանառության մեջ, փողոցում մարդ կա՞, որ դրել են, ո՞վ է ասում, որ իրենց պարտականությունները կատարելու համար փողոցում պետք է անպայման մարդ լինի»:
Բայց 36 պատգամավոր չունեն։ «Նախաձեռնության հեղինակները թող սկսեն, եւ երբ կհավաքվեն բավարար թվով ստորագրություններ, նոր հանձնեն ԱԺ նախագահին, որն էլ 72 ժամվա ընթացքում կդնի քվեարկության։ Ավելին ասեմ․ եթե ինձ հարցնեն, կյանքում 36 պատգամավորի ստորագրությամբ գործը չէի հանձնի ԱԺ նախագահին, հանձնեի, որ տանեին մերժեի՞ն, պետք է 54 ստորագրություն»:
Փաստորեն, փորձում եք ստուգել՝ ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները, ունե՞ն արդյոք ցանկություն` Փաշինյանին անվստահություն հայտնելու, թե՝ ոչ։ «Եթե իրենք չունեն ցանկություն՝ նման գործընթաց սկսելու, նշանակում է՝ վստահություն են հայտնում կառավարությանը»։ Եթե պատգամավորները տասն օրում գործընթաց չնախաձեռնեն, ապա շարժումը որոշել է քաղաքական գնահատականներ տալ՝ քաղաքացիներին կոչ անելով կատարվածից հետեւություններ անել։
Բաց մի թողեք
Փաշինյանի նոր զիջումների մասին կիմանանք 2026 թ․ ընտրություններից հետո
Աշխատավարձ չեն տալիս, բուժանձնակազմը բոյկոտում է
7 տարվա ընթացքում ընդամենը 22 ապօրինի գույք են բռնագրավել, որից մեկը մատոռը խփած Ռեն Ռովեր