29/04/2025

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը

ՆԱՏՕ-Վրաստան 2025 բազմազգ հրամանատարաշտաբային զորավարժությունները մեկնարկել են երկուշաբթի Թբիլիսիից ոչ հեռու գտնվող ՆԱՏՕ-Վրաստան համատեղ վարժական և գնահատման կենտրոնի (JTEC) զորավարժարանում:

Վրաստանի պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ, համատեղ զորավարժությունների շտաբային և դաշտային բաղադրիչներին մասնակցում են Վրաստանը, Բուլղարիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իտալիան, Լիտվան, Լեհաստանը, Սլովակիան, Թուրքիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Ադրբեջանը, Մոլդովան, Հայաստանը և Թունիսը:

ՆԱՏՕ-Վրաստան 2025 զորավարժությունները բրիգադի մակարդակով հրամանատարաշտաբային զորավարժություններ են՝ համակարգչային տեխնոլոգիաների կիրառմամբ, որի նպատակն է վրացական կողմի ղեկավարությամբ բրիգադի մակարդակի բազմազգ ստորաբաժանման նախապատրաստումը ճգնաժամային գործողությունների պլանավորման եւ անցկացման համար:

Զորավարժությունը կներառի դաշտային բաղադրիչ և բազմազգ շտաբային պատրաստություն, ինչը ևս մեկ անգամ ցույց կտա հրամանատարության կարողությունները և կօգնի բարելավել համակարգումը:

Հարկ է նշել, որ սա արդեն չորրորդ զորավարժությունն է ՆԱՏՕ-Վրաստան զորավարժությունների շարքում, որոնք Վրաստանում անցկացվում են երեք տարին մեկ: