Վանաձորում քաղաքական նոր զարգացումներ են սպասվում։ Փաշինյանն ուզում է «բախտը փորձել» նաեւ այստեղ։ Լուրեր են շրջանառվում, թե առաջիկայում Վանաձորի ՏԻՄ արտահերթ ընտրություններ են տեղի ունենալու:
Հիշեցնենք, որ 2021-ին Վանաձորում տեղի ունեցած ընտրություններում «Մամիկոն Ասլանյան» դաշինքն ամենաշատ ձայներն էր ստացել՝ առաջ անցնելով ՔՊ-ից։ Որպեսզի թույլ չտան ընդդիմությանը միավորվել եւ քաղաքապետ դարձնել Ասլանյանին, ՔՊ-ն աներեւակայելի կեղծիքների ու ապօրինությունների դիմեց:
Նախ՝ նախկին համայնքապետ, ամենաշատ ձայներ ստացած համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանին 21-ի դեկտեմբերի 15-ին կալանավորեցին եւ 2,5 տարի պահեցին բանտում, ապա Էդմոն Մարուքյանի միջոցով մտան դատարան եւ կասեցրին ավագանու նիստեր հրավիրելը, իսկ դատական վեճը տեւեց 3 տարուց ավելի: Դատական համակարգի միջոցով Վանաձորում կառավարման ճգնաժամ առաջացրին։
Հետո ՏԻՄ օրենքի փոփոխությամբ վարչապետին իրավունք ընձեռեցին համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել չընտրված անձին` ՀԱՍԿ թեկնածու Արկադի Փելեշյանին, որի կրիմինալ անցյալը բոլորին է հայտնի: Եվ հանրապետության երրորդ քաղաքում շուրջ 4 տարի է՝ օրինական ընտրված համայնքապետ եւ իշխանություն չկա․ քաղաքը կառավարում է ընտրություններում չհաղթած «Քաղպայմանագիրը»:
Իսկ երբ «Լուսավոր Հայաստանի» հայցը բոլոր հնարավոր դատական ատյաններում մերժվեց, այս անգամ էլ դատարան դիմեց Ակայի ՀԱՍԿ կուսակցությունը` հայտարարելով, թե ինքը տեղեկացված չի եղել դատական նիստերի մասին եւ չի մասնակցել դրանց, ինչով ոտնահարվել են իր իրավունքները:
Եվ դատարանը վերսկսեց դատավարությունը, այս անգամ՝ համայնքապետի պաշտոնը կորցնելուց անհանգստացած Փելեշյանի դիմումով: Այժմ դատարանը նիստ է նշանակել՝ մայիսի ընթացքում, եւ լուրեր կան, որ արագ որոշում են կայացնելու ու գնան արտահերթ ընտրությունների:
Վանաձորի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Արտավազդ Ալավերդյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ Վանաձորում խոսում են, թե իշխանությունն ուզում է գնալ նոր ընտրությունների։ Նրա խոսքով՝ եթե ՔՊ-ն դարձյալ գնա ընտրության, իրենց գործելաոճի համաձայն, ընդդիմադիր թեկնածուների վրա ճնշումներ կլինեն։
«Իրենք ընդունակ են, եւ իրենց գործելաոճն է դա։ Քաղաքական ճնշումների տիպիկ օրինակ է Մամիկոն Ասլանյանի դեպքը»,-ասաց նա։ Լա՞վ կլինի, որ Մամիկոն Ասլանյանը կրկին մասնակցի ընտրությանը, ասում է՝ իհարկե։ «Հաղթելը հարաբերական է, բայց ճիշտ կլինի, որ բոլոր շահագրգիռ ուժերն էլ մասնակցեն, ինչպես Գյումրու դեպքում»,- նշեց նա։
Մեզ պատմեցին, որ Վանաձոր կատարած վերջին այցի բուն նպատակն էլ է եղել դա` Փաշինյանն ուսումնասիրում է իրավիճակը եւ փորձում հասկանալ իրենց շանսերը, որ հնարավորինս արագ կազմակերպի ավագանու ընտրություններ եւ Գյումրու դիմաց ռեւանշի գնա` հաղթելով Վանաձորում։ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը դեռեւս հունվարին հրավիրված ասուլիսում ասել էր, թե Վանաձորում հնարավոր է նոր ընտրություններ լինեն՝ կախված դատավարության արդյունքներից։ Ալավերդյանը հիշեցնում է՝ ԼՀԿ-ն իր հայցը դեռեւս անցած տարի դատարանից հետ է վերցրել։ Այսինքն` նիստեր հրավիրելու խոչընդոտը վերացել է:
Նրա խոսքով՝ առանց հիմնավոր պատճառաբանության ավագանու նիստերը չեն հրավիրվում: Իսկ հրավիրվելուն պես նորից պետք է դրվի քաղաքապետի ընտրության հարցը: Եթե չընտրվի, պետք է գնան նոր ընտրությունների։ «Անընդհատ հետաձգվում էին՝ դատավորը մի օր ԲԴԽ էր գնում, մի օր՝ դասընթացների, անհիմն հետաձգվում էր»։
«Ապրելու երկիրը» ՏԿԵ նախարարությանը նամակ է ուղարկել առ այն, որ պետական մարմինը միջնորդի՝ քաղաքապետի ընտրության օրակարգով նիստի հրավիրման համար։ «Կա՛մ մենք այդպիսով կունենանք ընտրված համայնքապետ, կա՛մ չենք ունենա քաղաքապետ, ինչը ենթադրում է մոտակա ժամանակում նոր ընտրություններ»,- ասաց նա։
Մենք տեղեկացանք, որ հերթական դատական նիստը նշանակված էր հունիսին, սակայն անսպասելիորեն դատարանը փոխել է նիստի օրը․ մայիսի 21-ին դատ է նշանակվել՝ ավագանու նիստերի արգելանքը հանելու օրակարգով, ինչը վկայում է այն մասին, որ իշխանությունը որոշել է գնալ արտահերթի։ Իսկ ՏԿԵՆ ուղարկված նամակին դեռեւս պատասխան չեն ստացել, անցել է արդեն 2 շաբաթ։
Բաց մի թողեք
Փաշինյանի նոր զիջումների մասին կիմանանք 2026 թ․ ընտրություններից հետո
Աշխատավարձ չեն տալիս, բուժանձնակազմը բոյկոտում է
7 տարվա ընթացքում ընդամենը 22 ապօրինի գույք են բռնագրավել, որից մեկը մատոռը խփած Ռեն Ռովեր