Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի եւ Կախվածությունների ազգային կենտրոնի արդեն նախկին տնօրեն Սուրեն Նազինյանի միջեւ լարվածությունը հին պատմություն ունի:
Հրապարակ թերթը գրել է․ Օրեր առաջ Ավանեսյանի ստորագրությամբ Նազինյանին ծանուցել են աշխատանքից ազատման մասին` աշխատանքային պայմանագրի ժամկետի պատճառով, եւ նախարարը չի ցանկանում շարունակել աշխատել Նազինյանի։ «Հրապարակ»-ի հետ զրույցում Նազինյանը նկատում է՝ ավելի շատ անձնական վրեժխնդրություն է տեսնում։
«Վերջին 3 տարիների ընթացքում առողջապահության նախարարության ղեկավար կազմի վերաբերմունքը մեր կենտրոնի, եւ անձամբ իմ նկատմամբ եղել է բավականին վատ՝ պայմանավորված կենտրոնում իրականացված ՊԱԳ-ի (Պետական առողջապահական գործակալություն) ստուգումներով։ Արձանագրված խախտումների վերաբերյալ ես իմ անհամաձայնությունն եմ հայտնել, եւ չեմ ստորագրել այդ թղթերի տակ»,-ասաց նա։
Նազինյանը պատմում է, որ Անահիտ Ավանեսյանի մոր ընկերության նախկին աշխատակից Ահարոն Բարսեղյանը երբ նշանակվել է ԱՆ ՊԱԳ ղեկավար, ՊԱԳ-ը մտել է իր Կենտրոն` ստուգումների եւ շուրջ 260 միլիոն դրամի խախտման ակտ է կազմում։ Սակայն չկարողանալով հիմանավորել խախտումների չափը` ակտը փոխում են։ «Ստիպված եզրակացությունը փոխեցին, պարզվեց` շուրջ 170 միլիոն դրամ սխալ են գրել: Հետո չկարողացան ապացուցել նաեւ 87 միլիոն դրամը։ Բարսեղյանը պաշտոն ստանալուց մի քանի ամիս անց պետպատվեր ստացող մի քանի հարյուր ընկերություններից առաջինը ստուգում արեց մեր կենտրոնում։ 2020-ին իմ զեկուցագրի հիման վրա Հայաստանի համար գնվող մեթադոն տեսակի դեղամիջոցի գնման ձեւը փոխվեց։ Դեղ ներկրող որոշ ընկերությունների վրա սա վատ հետեւանք ունեցավ, այդ թվում՝ Անահիտ Ավանեսյանի մոր ընկերության։ 2009-ից սկսած մինչեւ 2020-2021թթ․ միայն Անահիտ Ավանեսյանի մոր ընկերությունը՝ «Արֆարմացիա»-ն էր մատակարարում։ Իմ կատարած փոփոխության արդյունքում ֆինանսների շրջանառությունը 4-5 անգամ նվազեց։ Դեղաձեւի փոփոխությունը բերեց նրան, որ ներկրվող մեթադոնի գինն էականորեն իջավ»,-ասաց Նազինյանը։
Նազինյանը դիմում է Հակակոռուպցիոն կոմիտե. «Օպերատիվ տեղեկությունների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում ՊԱԳ-ի աշխատակիցների դեմ պաշտոնեական դիրքը չարաշահելու հոդվածով քրեական վարույթ էր նախաձեռնվել։ 260 միլիոն գրում են, բայց 5 ամիս հետո պարզվում է, որ ընդամենը 3 միլիոնն էր այդքան գումարից ճիշտ, բնական է, որ այդքան կեղծ ակտ կազմողը պիտի ենթարկվի պատասխանատվության։ Գործը, իհարկե, կարճվեց, կեղծ ակտեր գրողները շարունակում են պաշտոնավարել»,-նշեց Նազինյանը։ Հարցին՝ այսինքն, Անահիտ Ավանեսյանը մոր վրե՞ժն է լուծում, ասաց․ «Այդպես է դուրս գալիս»։
Ավելի վաղ Նազինյանն իր էջում անդրադարձել էր իր եւ Ավանեսյանի միջեւ հարաբերություններին. «Առողջապահության նախարարության տարբեր պաշտոնյաների և իմ փոխհարաբերությունները եղել են «լարված» և ոչ գործընկերային՝ սկսած դեռևս 2022 թվականի երկրորդ կեսից։ Եվ դրա պատճառը եղել է դեռևս 2022 թվականի հուլիսին Առողջապահության նախարարի հրամանով Կենտրոնում Պետական առողջապահական գործակալության (այսուհետ՝ ՊԱԳ) կողմից իրականացված «ստուգումը» և այդ «ստուգման» արդյունքում իրականության հետ աղերս չունեցող՝ ընդհանուր առմամբ ավելի քան 260 միլիոն ՀՀ դրամի «խախտումների» «արձանագրումը»։ Հատկանշական է, որ հրամանով, որպես «ստուգման» ենթակա ժամանակահատված, սահմանված էր միայն իմ տնօրեն աշխատելու ժամանակահատվածը՝ 2020 թվականից մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։ 2022 թվականի օգոստոսին ծավալուն, մանրակրկիտ և խիստ հիմնավորված առարկություններ ենք ներկայացնում, որով հիմնավորվում էր, որ «ստուգման» արդյունքում գրված եզրակացությունը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը։ Առարկություններով համաձայնվել էինք պետական պատվերի մասով 2,5 տարվա ընթացքում ընդամենը շուրջ 3 միլիոն ՀՀ դրամի խախտումների առկայության փաստի հետ։ Երկարատև «պատերազմներից», նաև նախարարի մասնակցությամբ քննարկումից հետո՝ արդեն սեպտեմբերի վերջին, «ի հայտ է գալիս» առաջին եզրակացությունից բովանդակությամբ խիստ տարբերվող մեկ այլ եզրակացություն՝ ՊԱԳ-ի արդեն երկրորդ եզրակացությունը, ըստ որի՝ «խախտումներն» ընդհանուր առմամբ կազմում էին ոչ թե 260 միլիոն ՀՀ դրամ, այլ արդեն շուրջ 87 միլիոն ՀՀ դրամ։ Բայց 87 միլիոն ՀՀ դրամի «խախտումների» մասին եզրակացությունն էլ, մեղմ ասած, իրականությանը չէր համապատասխանում։ Շատ չմանրամասնելով՝ նշեմ, որ բնականաբար երկրորդ եզրակացության հետ նույնպես անհամաձայնություն եմ հայտնում, ինչին հաջորդում է անվերջ թվացող մի իսկական «մղձավանջ»։ Առողջապահության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները, նաև ՊԱԳ-ի ղեկավար կազմը երկու ամիս շարունակ ամեն գնով փորձում էին ինձ պարտադրել ստորագրել երկրորդ եզրակացությունը, այսինքն՝ համաձայնվել գոյություն չունեցող «խախտումների» հետ։ 2022 թվականի հուլիսից մեկնարկած այս «ոդիսականն» ավարտվեց մոտ հինգ ամիս անց՝ նոյեմբերին, երբ նախարարին և նրա ենթականերին հասկանալի դարձավ, որ ես որևէ դեպքում չեմ զիջելու։ Ավարտվեց նախարարի գրավոր դիրքորոշմամբ, ըստ որի՝ Կենտրոնն իրավական առումով ճիշտ էր։ Այսպես, իմ կողմից նկարագրված դեպքերին հաջորդող ողջ ժամանակաշրջանում Կենտրոնի և իմ նկատմամբ շարունակաբար կիրառվել են տարաբնույթ ճնշումներ, արհեստականորեն ստեղծվել են Կենտրոնի բնականոն գործունեությանը խանգարող խոչընդոտներ և ամենակարևորը՝ նախարարության կողմից շարունակաբար նվազեցվել է Կենտրոնի ֆինանսավորումը։
Արդեն 2024 թվականից նկատելի էր, որ նախարարությունը փորձում է խոչընդոտել նաև հանրային տիրույթում իմ և Կենտրոնի մասնագետների ակտիվությանը։ Բնության բոլոր օրինաչափությունների և տրամաբանական կանոնների համաձայն՝ թմրամիջոցներին նվիրված հանրային քննարկումների և ասուլիսների մասնակիցներն առնվազն պետք է լինեն ոլորտում գործունեություն ծավալող անձինք։
Ի դեպ, առնվազն վերջին երկու տարիներին լրատվամիջոցների հետ Կենտրոնի համագործակցությունը, որի արդյունքում պատրաստվել են թմրամիջոցների վնասների վերաբերյալ ազգաբնակչությանն իրազեկող բազմաթիվ որակյալ տեսանյութեր և հոդվածներ, գերազանցապես կայացել է իմ ու լրագրողների ուղիղ և անմիջական կապի շնորհիվ՝ առանց նախարարության գործուն մասնակցության։
Չզարմանաք՝ կից ներկայացնում եմ ոչ թե իմ կամ Կենտրոնի աշխատակիցների հարցազրույցների ցանկը, այլ Կենտրոնի եկամուտների դինամիկայի վերաբերյալ գծապատկերը. այն լավագույնն է արտահայտում հիմնադրի՝ նախարարության կողմից իր ենթակայության Կենտրոնի նկատմամբ վերաբերմունքը։
Կարմիր գույնով Առողջապահության նախարարության ֆինանսավորման չափն է յուրաքանչյուր տարի՝ սկսած 2016 թվականից։ Կենտրոնի ֆինանսավորումը մեծ աճ է ունեցել 2020 և 2021 թվականներին: 2022 թվականից նախարարության կողմից տրամադրվող ֆինանսավորումն արդեն էականորեն նվազեցվել է։ Առավել լավ պատկերացնելու համար նախարարության գործելաոճն ու վերաբերմունքը Կենտրոնի նկատմամբ՝ հարկ եմ համարում փաստել, որ 2023 թվականի տարեսկզբին նախարարության կողմից Կենտրոնին առաջարկվել էր շուրջ 228 միլիոն ՀՀ դրամի պայմանագիր, ինչը գրեթե 70 միլիոն ՀՀ դրամով պակաս էր, քան անգամ 2018 թվականին նախարարության կողմից տրամադրված ֆինանսավորումը։ Առաջարկված պայմանագիրն իմ կողմից չի ստորագրվել՝ հաշվի առնելով, որ ստորագրելու դեպքում լրջագույն ֆինանսական խնդիրներ են առաջանալու Կենտրոնի գործունության համար։ Դա իհարկե քինախնդրության դրսևորում էր՝ «պատիժ» նախորդ տարվա իմ սկզբունքայնության համար։
Շուրջ մեկ ամիս տևած բանակցություններից հետո նախարարությունը նոր պայմանագիր է առաջարկում, որով Կենտրոնի 2023 թվականի ֆինանսավորումը փոխվում է՝ կազմելով մոտ 330 միլիոն ՀՀ դրամ։ Սակայն փաստացիորեն 2023 թվականին նախորդ՝ 2022 թվականի համեմատությամբ Կենտրոնի ֆինանսավորումը դարձյալ նվազեցվում է։ Այն ընդամենը 12 տոկոսով էր գերազանցում 2018 թվականի ֆինանսավորմանը, թեև առողջապահության բյուջեն 2018 թվականի համեմատ գրեթե կրկնապատկվել էր։
2023 թվականի հունվարի 1-ից Առողջապահության նախարարությունը դադարեցնում է մեր երկրի համար խիստ կարևոր՝ Կենտրոնում և մարզային հոգեկան առողջության կենտրոններում իրականացվող փոխարինող բուժման ծառայության ֆինանսավորումը։ Պացիենտների ընդհանուր թիվը ներկայումս ավելի քան 600 է։ Շուրջ մեկ ու կես տարի տևած բացատրություններից, խնդրանքներից և զեկուցագրերից հետո 2024 թվականի օգոստոսին փոխարինող բուժման ծառայության ֆինանսավորումը մասնակիորեն վերականգնվում է, այն էլ՝ միայն մեր Կենտրոնի մասով։ Մարզային հոգեկան առողջության կենտրոնները չեն ֆինանսավորվում մինչև օրս։
2024 թվականի ֆինանսավորման աճը պայմանավորված է եղել փոխարինող բուժման ծառայության մասնակի ֆինանսավորմամբ և Կենտրոնում բուժվող պացիենտներին օրական երկանգամյա սննդով ապահովելու հանգամանքով, որն, ի դեպ, մասնակիորեն է փոխհատուցում նաև սննդի մատակարարման համար անհրաժեշտ ծախսերը։
Կապույտ գույնով վճարովի ծառայություններից գոյացած եկամուտներն են։ Ինչպես տեսնում եք՝ վճարովի ծառայություններից եկամուտները տարեցտարի մեծ տեմպերով շարունակաբար աճել են՝ 2024 թվականին հավասարվելով նախարարության կողմից ֆինանսավորման չափին։ Եվ դա միայն ու միայն մեր թիմի՝ Կենտրոնի աշխատակիցների ազնիվ, անշահախնդիր և նվիրված աշխատանքի արդյունքն է»,-գրել էր նա։
Բաց մի թողեք
Ինչ է ասում Գլխավոր դատախազը՝ դատավորներին է վախեցնում
Վանաձորում թեժ է լինելու՝ արտահերթ ՏԻՄ ընտրություններ
Ինչ նպատակ է հետապնդում արծրունյան պրոպագանդան․ Դանիելյան