Օրերս Էվոկաբանկը տարօրինակ նամակով դիմել է իր հաճախորդին` կրթության կառավարման մասնագետ Մարինե Մանուչարյանին, խնդրելով թույլտվություն՝ նրա տվյալները «օտարերկրյա իրավասու մարմիններին» տրամադրելու համար:
Հրապարակ թերթը գրել է․ «Ու ամենակարեւորը՝ էս մասին ո՛չ զանգում հստակ տեղեկացնում են, ո՛չ բացատրում են, որ գիտակցված որոշում կայացնես, ընդամենը մեյլ են ուղարկում, որը եթե գնա սփամ, կամ չկարդաս, վերջ, համարվում է, որ դու համաձայնել ես»,- գրել է Մարինեն իր ՖԲ էջում: Նա մեզ ասաց, որ պատրաստվում է գնալ բանկ եւ դիմում գրել, քանի որ, եթե մերժում ես բանկի խնդրանքը, «ապա պետք է ժամանակ տրամադրես, մոտենաս բանկ, դիմում գրես, որ բանկը քո տվյալները գաղտնի պահի»: Թե ինչու է առաջացել նման պահանջ՝ իր բանկային տվյալները այլ երկրի «մարմիններին» տրամադրելու, Մարինեն տեղյակ չէ:
Էվոկաբանկի կոնտակտային կենտրոնի ղեկավարը «Հրապարակին» պարզաբանեց, որ Էվոկաբանկի համալիր բանկային ծառայությունների մատուցման պայմաններում տեղի են ունեցել բազմաթիվ փոփոխություններ, որոնց մասին ոչ միայն Մարինե Մանուչարյանը, այլեւ բանկի բոլոր հաճախորդները ծանուցվել են բանկի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեից ուղարկված նամակով: Այդ փոփոխություններն ուժի մեջ են մտնում մայիսի 16-ից: «Ի թիվս այդ փոփոխությունների, «Անձնական տվյալների մշակման մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի համաձայնության ձեւը ներառվել է որպես պայմանների անբաժանելի մաս, ինչպես նաեւ սահմանվել են ՊԵԿ-ի կողմից հրապարակված երկրների ցանկի հարկատու անձանց կողմից The Common Reporting ստանդարտների շրջանակում ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկություններն օտարերկրյա իրավասու մարմիններին տրամադրելու մասին կարգավորումները»,- հայտնեց կենտրոնի ղեկավարը:
Աշխարհի բազմաթիվ երկրներ միացել են CR ստանդարտին, որն իրենից ներկայացնում է ֆինանսական տեղեկությունների փոխանակման համակարգ՝ ցանկում նշված երկրների միջեւ: Մասնագետը պարզաբանում է, որ բանկային տվյալների տրամադրման մասին կետը վերաբերում է միայն այն անձանց, ովքեր տվյալ երկրներից որեւէ մեկի հարկային ռեզիդենտն են: «Այսինքն, Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներին սա որեւէ կերպ չի առնչվում: Այստեղ բանկային գաղտնիքի խախտում կամ հաճախորդի ինֆորմացիայի տրամադրում երրորդ անձի՝ չի կարող լինել»: Այլ կերպ ասած՝ եթե բանկի հաճախորդն այլ երկրի հարկային ռեզիդենտ է, եւ այդ երկիրն իր ռեզիդենտի վերաբերյալ տվյալներ է պահանջում, ապա բանկը դրանք տրամադրում է այդ երկրին:
CR ստանդարտի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հրապարակված է ՊԵԿ-ի կայքում: Հարցին, թե ինչու են մեյլով տեղեկացնում մարդկանց, մեզ պատասխանեցին, որ բանկն ընտրել է այս եղանակը` հաշվի առնելով, որ հաճախորդները կարող են չլինել երկրում, չպատասխանել զանգերին, իսկ մեյլը, որն իրենք տրամադրել են բանկին, նրանք կարող են ստուգել ցանկացած երկրից:
Եվ այսպես, Հայաստանի քաղաքացիների բանկային հաշիվների մասին տեղեկություններն արդեն հասանելի են ոչ միայն ՊԵԿ-ին (այս դրույթը սահմանվեց վերջերս, երբ Հարկային օրենսգրքում «Բանկային հաշվի քաղվածքի եւ ամփոփ տեղեկությունների ստացում» հոդվածում նշվեց, որ «հարկային հսկողության համար ՊԵԿ-ը ստանում է հարկ վճարողի յուրաքանչյուր բանկային հաշվի ամփոփ տեղեկություններ»՝ Ս. Ս.): Այժմ արդեն այլ երկրների հարկային մարմինները եւս կարող են ՀՀ քաղաքացիների բանկային տվյալները ստանալ անմիջապես բանկերից: Նիկոլ Փաշինյանի կարծիքն այս ամենի շուրջ հայտնի է: «Ժողովրդավարական երկրները գնում են էն ճանապարհով, որ բանկային գաղտնիքը, հազար ներողություն, սրբազան կով չէ, բանկային գաղտնիքը կարող է բացահայտվել: Ես, օրինակ, իմ օրինակով բերեմ՝ ես ընդհանրապես ոչ մի խնդիր չունեմ բանկային գաղտնիքի հետ»,- հայտարարել էր նա:
Այնուամենայնիվ, չի դադարել գործել «Բանկային գաղտնիքի մասին» օրենքը, որով սահմանված է. «Բանկն իր հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները տրամադրում է հարկային մարմիններին միայն դատարանի` քաղաքացիական կամ քրեական դատավարության օրենսգրքերով նախատեսված կարգով ընդունված որոշման հիման վրա»։ Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն օրենքի հետ կապված խնդիր, այնուամենայնիվ, տեսնում է, սակայն վստահեցնում է. «Սովորաբար նման պահանջներ, որքան տեղյակ եմ, ներկայացնում են ամերիկացիները, եւ մերոնք գնում են դրան` փողերի լվացման դեմ պայքարի շրջանակում»:
Բաց մի թողեք
Փաշինյանի նոր զիջումների մասին կիմանանք 2026 թ․ ընտրություններից հետո
Աշխատավարձ չեն տալիս, բուժանձնակազմը բոյկոտում է
7 տարվա ընթացքում ընդամենը 22 ապօրինի գույք են բռնագրավել, որից մեկը մատոռը խփած Ռեն Ռովեր