Մայիսի 6-ի գիշերը կտրուկ սրվել է իրավիճակը Հնդկաստանի ու Պակիստանի միջև, որը բավականին լարվել էր ապրիլի 22-ին Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով:
Նախօրեին գիշերը Հնդկաստանի զինուժը հարվածներ է հասցրել Պակիստանի տարածքին՝ հայտարարելով, որ թիրախում եղել են ահաբեկչական խմբավորումները, այլ ոչ թե Պակիստանի զինված ուժերը:
Պակիստանը, սակայն, պնդում է հակառակը, ու նաև հարված է հասցրել Հնդկաստանի ԶՈւ-երին: Իսլամաբադը հայտարարել է, որ խոցել է հնդկական ռազմական օդանավեր և Հնդկաստանի ԶՈւ ստորաբաժանումների բրիգադի շտաբը:
Հնդկաստանի ու Պակիստանի ռազմական բախումն առաջացնում է մեծ լարվածություն հարակից ռեգիոնների համար, քանի որ խոսքը միջուկային զինանոց տնօրինող երկու պետության մասին է, որոնց միջև ռազմական լայնածավալ բախման ռազմա-քաղաքական «բեկորները» նվազագույնը կարող են հասնել նաև հարակից ռեգիոններ:
Իսկ այդ իմաստով զգայուն ռեգիոններից մեկը Կովկասն է: Օրինակ, այստեղ են Պակիստանի երկու ռազմա-քաղաքական դաշնակիցներ՝ Թուրքիան ու Ադրբեջանը: Եռյակը ոչ ֆորմալ դաշինքով պատերազմում էր Արցախի և Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմին, իսկ 2021 թվականին արդեն ֆորմալացնում էր ռազմա-քաղաքական բլոկային հարաբերությունը՝ փոխադարձ պայմանագրերով:
Հետևաբար, եթե Հնդկաստանի հետ ռազմական բախումը ունենա ծավալում, ապա բավականին անկանխատեսելի կարող է դառնալ Պակիստանի երկու այդ դաշնակիցների վարքագիծը:
Առավել ևս, որ Կովկասը նաև նոր աշխարհաքաղաքական դերի հավակնություն ունեցող Հնդկաստանի համար առանցքային հետաքրքրության ռեգիոն է, որտեղ Դելին հիմնական գործընկեր է դիտարկում Հայաստանը:
Այս հանգամանքն ավելացնում է որոշակի նոր շերտեր Կովկասի զգայունության տեսանկյունից, եթե Դելիի ու Իսլամաբադի միջև բախումը ստանա ընդլայնվող տրամաբանություն ու մասշտաբ:
Միևնույն ժամանակ, 44-օրյա պատերազմում Արցախի ու Հայաստանի դեմ գործող դաշինքի չորրորդ «անկյունը»՝ Իսրայելը, Հնդկաստան-Պակիստան հակամարտության հարցում, կարծես թե, ունի այլ դիրքորոշում: Իսրայելը աջակցում է Հնդկաստանին:
Հատկանշական է, որ Պակիստանի տարածքին Հնդկաստանի հարվածից մեկ օր առաջ տեղի էր ունեցել ՌԴ ու Հնդկաստանի ղեկավարների հեռախոսազրույցը, որի հաջորդ օրը ՌԴ նախագահ Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իսրայելի ղեկավարների հետ:
Իրանն ըստ ամենայնի այդ դիմակայությունում կհայտնվի բարդ վիճակում: Մի կողմից ցանկացած մոտ լարվածություն Թեհրանի համար ռիսկային է, մյուս կողմից, իհարկե, Իրանի համար որևէ կերպ նախընտրելի չէ անմիջականորեն հարևան Հնդկաստանի ու Պակիստանի միջև «ընտրել» որևէ մեկին:
Այդուհանդերձ, Թեհրանը «հոգու խորքում, իհարկե, ամենևին ոգևորված չէ, օրինակ, Կովկասի հանդեպ Հնդկաստանի հետաքրքրությամբ և դերային հավակնությամբ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Հնդկաստանի ու Պակիստանի միջև լարվածությունը կավարտվի արագ:
Այդ հույսը, թերևս, կարևոր է նաև Հայաստանի համար: Իհարկե, հասկանալի է, որ հակամարտության այս կամ այն հանգուցալուծումը «հույսով» չէ, որ լինելու է, այլ քաղաքական մեծ սակարկությամբ, որտեղ ներգրավված են լինելու աշխարհակարգային վերափոխման այս հիբրիդային համաշխարհային պատերազմի գործնականում բոլոր խաղացողները, այդ թվում Եվրոպան ու Չինաստանը՝ հաշվի առնելով և այն, որ Հնդկաստանն ու Պակիստանը Չինաստանից Եվրոպա առևտրային մեծ ուղու գոտիներից մեկն են:
Բաց մի թողեք
Արամ Ա-ի մոտ ինչ է փնտրում Ռուսաստանի դեսպանը
Արդյո՞ք Հնդկաստան-Պակիստան կոնֆլիկտը նաև Ռուսաստան-Չինաստան հարաբերության մասին է
Արաղչին հայտնել է, որ ԱՄՆ հետ բանակցության չորրորդ ռաունդը ինչ կտա