08/05/2025

ԱՄՆ դեսպանատունն անցնում է հարցազրույցի նշանակման և փաստաթղթերի ներկայացման նոր համակարգի. հինն այլևս չի գործի

Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատունը մայիսի 30-ից անցնում է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի նշանակման և պահանջվող փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգի.

Մայիսի 18-ից հարցազրույցի ամրագրման մեր ներկայիս համակարգը կդադարի գործել։ Կայքէջը հասանելի կլինի միայն ընթերցման ռեժիմով, և դուք այլևս չեք կարողանա.

հարցազրույցի օր ամրագրել,
սուրհանդակային ծառայությունից օգտվելու լիազորագիր ստեղծել,
հարցազրույցին չներկայանալու մասին (no-show) հայտ ներկայացնել,
հարցազրույցի՝ ավելի վաղ օր խնդրելու դիմում ներկայացնել։
Դիմորդների համար ընթացիկ համակարգով վճարման անդորրագիր ստանալու և վճարում կատարելու վերջնաժամկետը մայիսի 14-ն է:

Կարևոր

Արդեն ունե՞ք ամրագրված հարցազրույցի օր։ Այցելեք նշանակված օրն ու ժամին սովորական կարգով։

Ցանկանո՞ւմ եք հարցազրույցի օր ամրագրել։ Եթե առկա են ազատ ամսաթվեր, որոնք համապատասխանում են ձեր ճանապարհորդական ծրագրերին, կարող եք ամրագրել հիմա։

Ձեզ անհրաժե՞շտ է հարցազրույցի օր մայիսի 30-ից հետո։ Կարող եք ամրագրել հիմա և տեղափոխել ձեր օգտահաշիվը նոր համակարգ։

Առաջիկայում ճամփորդական ծրագրեր ունե՞ք։ Հետևե՛ք մեզ՝ նոր կոնտակտային տվյալների և կայքէջի վերաբերյալ թարմացումներին ծանոթանալու համար։

Շուտով կհրապարակենք լրացուցիչ ցուցումներ նոր համակարգում վճարումներ կատարելու և օր ամրագրելու մասին»,- ասվում է հայտարարության մեջ: