Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բաղդադում բանակցություններ է վարել Իրաքի փոխվարչապետ Ֆուադ Հուսեյնի հետ, որը նաև այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն է:
Ինչպես հայտնում են Բաքվի լրատվամիջոցները, դեմ առ դեմ և պատվիրակությունների կազմով քննարկումներից հետո Հուսեյնը և Բայրամովը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով:
Իրաքի փոխվարչապետը խոսել է Էրբիլում Ադրբեջանի հյուպատոսություն բացելու, երկու երկրների միջև ավիահաղորդակցությունը վերականգնելու, ինչպես նաև ԻԼԻՊ-ի ադրբեջանցի գրոհայինների կանանց հայրենադարձությունը կազմակերպելու անհրաժեշտության մասին: Ըստ էության՝ Բայրամովի Բաղդադ այցի գլխավոր նպատակը, ամենայն հավանականությամբ, վերջին խնդրին կարգավորում գտնելն է:
Իրաքի և Ադրբեջանի հարաբերություններում այդ բարդ հարցը նորություն չէ: Մոտ երկու տարի առաջ այդ առթիվ լարվածությունը հասել է դիվանագիտական սկանդալի, և Բաղդադը ստիպված է եղել բարձրացնել Ադրբեջանի դեսպանի հետագա պաշտոնավորման աննպատակահարմարության հարց:
Բանն այն է, որ Սիրիայում «քաղաքացիական պատերազմի» սկզբից ի վեր հազարավոր ադրբեջանցիներ Թուրքիայի տարածքով անցել են արաբական հանրապետության տարածք և անդամագրվել ԻԼԻՊ-ի թուրքոմանական խմբավորմանը: Նրանցից շատերն «Իսլամական պետության» հպատակություն են ընդունել կանանց և երեխաների հետ:
ԻԼԻՊ-ի ջախջախումից հետո գրոհայինների և նրանց կանանց ու երեխաների համար ստեղծվել են հատուկ ճամբարներ, այդ թվում՝ Իրաքյան Քրդստանի տարածքում: Ադրբեջանցի գրոհայինների կանանց տարհանման հարցը 2024 թվականի դեկտեմբերի 19-ին Իրաքի նախագահ Աբդուլ Լաթիֆ Ռաշիդը քննարկել է Բաղդադում դիվանագիտական ծառայությունից ետ կանչվա Նասիր Մամեդովի հետ:
Այդ չափազանց դելիկատ հարցում, ինչպես ադրբեջանական վտարանդիության աղբյուրներն են վկայում, Բաղդադի հետ Բաքվի երկխոսության միջնորդ է հանդիսացել Իրաքյան Քրդստանի վարչապետ Մարսուր Բարզանին: Նա այդ նպատակով երկու անգամ այցելել է Բաքու: ԻԼԻՊ-ի գրոհայինների, նրանց կանանց և երախաների ճամբարներ կան նաև Իրաքյան Քրդստանի տարածքում:
Մայիսի 7-ին Իրաքի նախագահ Աբդուլ Լաթիգ Ռաշիդն ընդունել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին: Այդ մասին Բաքուն տարածել է գրեթե ոչինչ չասող հաղորդագրություն, ինչից հասկացվում է, որ Իրաքի նախագահը կրկին պնդել է, որ իր երկիրը մտադիր չէ ֆինանսներ ծախսել և աճեցնել ահաբերկիչների նոր սերունդ:
Վիճակագրական որևէ տեղեկություն չկա, թե Ադրբեջանի քանի՞ քաղաքացի է կռվել ԻԼԻՊ-ի շարքերում, քանի՞սն է զոհվել, քանի՞սն է ընտանյոք հանդերձ պահվում հատուկ ճամբարներում, ընդ որում՝ նաև Սիրիայի տարածքում, որտեղից անցյալ տարի ինը կին և քսանհինգ երեխա «հայրենադարձվել է Ադրբեջան»:
Ըստ երևույթին, Իրաքը շահագրգռված է Էրբիլում Ադրբեջանի հյուպատոսության բացմամբ և կողմերի միջև օդային հաղորդակցության հաստատմամբ, որպեսզի ԻԼԻՊ-ի գրոհայինների և նրանց կանանց ու երեխաների տարհանումը չբարդանա՝ կապված երրորդ երկրի տարածքի օգտագործման հետ: Համենայն դեպս, տպավորություն է, թե այդ հարցում Իրաքի կառավարությունը պահանջ է ներկայացնում, մինչդեռ որպես կանոն՝ հյուպատոսություն բացելու առաջարկություն անում է մյուս կողմը:
Բացառված չէ, որ Բայրամովը պարզապես հրավիրվել է Բաղդադ և նրա առջեւ դրվել է հստակ խնդիր՝ տեր կանգնել ճամբարներում պահվող Ադրբեջանի քաղաքացիներին և նրանց տարհանել հայրենիք:
Անցած տարիներին Բաքվում մի քանի նախկին ԻԼԻՊ-ական է դատվել, բայց այս դեպքում խոսքը հիմնականում կանանց և երեխաների մասին է, որ մեկուկես տասնամյակից ավելի է՝ ապրում են շարիաթի օրենքներով:
Ադրբեջանում նրանց ինտեգրումը խնդրահարույց է, իսկ Բաղդադն իր դիրքորոշումից չի նահանջում, մտադիր չէ պոտենցիալ ահաբեկիչներին պահել իր տարածքում:
Բաց մի թողեք
Բաքվի ցինիզմը՝ մեղադրել Հնդկաստանին, ցավակցել եղբայրական Պակիստանին
Արդյո՞ք Պուտինը Նաթանյահուի հետ զրույցում շոշափել է Ադրբեջանը
Էրդողանը կարող է, թե արդեն Ադրբեջանը «հանձնել է Ռուսաստանին»