08/05/2025

2018-2024-ին պետությանն է վերադարձվել ընդամենը 536 միլիոն ԱՄՆ դոլարի գույք և դրամական միջոց․ դատախազ

Դատախազությունում վերլուծվել են 2018-2024 թվականների ընթացքում ընթացիկ և ավարտված քրեական վարույթներով, դատարաններում ավարտված քրեական գործերով, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով ու հաշտություններով, Զինվորական դատախազության կողմից կիրառված դատախազական ներգործության միջոցներով, իսկ 2023 թվականից՝ նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործիքակազմի կիրառման արդյունքում Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին վերադարձված գույքերի և դրամական միջոցների ցուցանիշները:

Այս մասին Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում ներկայացնելով Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը, նշեց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Նրա խոսքով՝ ըստ այդ ցուցանիշների՝ 2018-2024 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին է վերադարձվել շուրջ 210 միլիարդ 79 միլիոն դրամի (536 միլիոն 216 հազար ԱՄՆ դոլարի) գույք և դրամական միջոց, որից 46%-ը կամ 96 միլիարդ 934 միլիոն դրամի (247 միլիոն 773 հազար ԱՄՆ դոլարի) գույքն ու դրամական միջոցը՝ 2023 և 2024 թվականներին:

«Մասնավորապես՝ 2018 թվականին Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին է վերադարձվել շուրջ 39 միլիարդ 571 միլիոն դրամ: 2019 թվականին Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին է վերադարձվել շուրջ 10 միլիարդ 327 միլիոն դրամ: 2020 թվականին Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին է վերադարձվել շուրջ 12 միլիարդ 256 միլիոն դրամ: 2021 թվականին Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին է վերադարձվել շուրջ 15 միլիարդ 467 միլիոն դրամ։

2022 թվականին Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին է վերադարձվել շուրջ 35 միլիարդ 522 միլիոն դրամ: 2023 թվականին Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին է վերադարձվել շուրջ 44 միլիարդ 298 միլիոն դրամի գույք և դրամական միջոց: 2024 թվականին Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին է վերադարձվել շուրջ 52 միլիարդ 636 միլիոն դրամի գույք և դրամական միջոց»,- մանրամասնել է Վարդապետյանը։

Ըստ Գլխավոր դատախազի՝ 2024 թվականին նախաքննական մարմինների կողմից քննված քրեական վարույթներով արգելանք է դրվել 2 միլիարդ 658 միլիոն 771 հազար դրամ արժողությամբ գույքի և դրամական միջոցների վրա:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ՀՀ Ազգային ժողովում հերթական նիստի ընթացքում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը։

Գլխավոր դատախազն իր ելույթի ընթացքում նշել է.

«2024 թվականին նախաքննության մարմինների կողմից ավարտվել է 38 հազար 58 քրեական վարույթ (2023 թվականին՝ 33 հազար 396), որից 11 հազար 801-ը՝ 13 հազար 179 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2023 թվականին՝ 8393-ը՝ 10 հազար 115 անձի վերաբերյալ):

Այսպիսով, 2024 թվականին ավարտվել է 4662-ով կամ 14%-ով ավելի քրեական վարույթ, քան 2023 թվականին, որից մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 3408-ով կամ 40.6%-ով ավելի քրեական վարույթ, կարճվել է 1264-ով կամ 5.1%-ով ավելի քրեական վարույթ»:

Նրա խոսքով՝ 2024 թվականի ընթացքում ավարտված քրեական վարույթների 42.1%-ը քննվել է մինչև 2 ամիս, 21.5%-ը՝ մինչև 4 ամիս, 15%-ը՝ մինչև 6 ամիս, 11.9%-ը՝ մինչև 1 տարի, 9.5 %-ը՝ 1 տարուց ավելի ժամկետում:

2024 թվականին, ինչպես ընթացիկ, այնպես էլ ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված շուրջ 107 միլիոն 389 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 42 միլիարդ դրամի վնաս (2023 թվականին՝ 34 միլիարդ 300 միլիոն դրամ էր):

2024 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 9830 քրեական գործ՝ 10 հազար 691 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 5080 գործ՝ 5485 անձի վերաբերյալ, 2022 թվականին՝ 3208 գործ՝ 3690 անձի վերաբերյալ): Այսպիսով, 2024 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 4750-ով կամ 93.5%-ով ավելի գործ, քան 2023 թվականին: Արդարացման դատավճիռներ են կայացվել դատարանում ավարտված գործերի ընդամենը 1.8%-ով:

2024 թվականին դատարաններում քննված քրեական գործերով հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասը կազմել է 6 միլիարդ 875 միլիոն 164 հազար դրամ (2023 թվականին՝ 663 միլիոն 495 հազար դրամ): Դատական քննությամբ ավարտված գործերով վերականգնվել է 210 միլիոն 481 հազար դրամ (2023 թվականին` 173 միլիոն 385 հազար դրամ):