Իլհամ Ալիևը գտնվել է Աղդամում, որտեղ բացվել է «մուղամի կենտրոն»: Իշխող զույգը ներկա է գտնվել նաև մսուր-մանկապարտեզի և Քենգերլի գյուղի «ակումբա-համայնքային կենտրոնը շահագործման հանձնելու» արարողությունը:
Աղդամում Ալիևը ընդարձակ ելույթ է ունեցել, որի ամենակարևորը շեշտադրումը, թերևս, այն է, որ նա քառասունչորսօրյա պատերազմի հաջողությունը վերստին վերագրել է բացառապես Ադրբեջանին:
«Նույնիսկ մեր թշնամիները, մեր հանդեպ ոչ բարեկամական վերաբերմունք ունեցող շրջանակները և երկրներն են ընդունում, որ ադրբեջանական ժողովուրդը հարգանք է վաստակել և մեզ հետ պետք է հաշվի նստել, իսկ նրանք, որ, համենայն դեպս մեր տարածաշրջանում մեզ հետ հաշվի չեն նստում, վաղը խորապես ափսոսալու են»,- հայտարարել է Ալիևը:
Պատերազմի հաջողությունները վերագրելով միայն ադրբեջանական ժողովրդին՝ Ալիևն, իհարկե, առաջին հերթին ընդգծում է սեփական անձը, տպավորություն ստեղծում, որ միջազգային դերակատարները տարիներ շարունակ «գաղտնի խողովակներով տեղեկություն էին տարածում, որ Ադրբեջանը երբեք պատերազմ չի սկսի», բայց ինքը միանձնյա նման որոշում է կայացրել և հասել նպատակին:
Ալիևի այս և տարածաշրջանում իրեն անտեսելու համար ոմանց ափսոսալու մասին հայտարարություն արել է Մոսկվայի տոնակատարությանը չմասնակցելու ֆոնին: Ի՞նչ է նա ակնարկում, ո՞վ է իրեն անտեսել:
Ադրբեջանի նախագահը Մոսկվա այցը չեղարկել է բավական ուշագրավ հանգամանքներում: Մինչ այդ նա եղել է Չինաստանում, բանակցություններ վարել Սի Ծինփինի հետ, իսկ մայիսի 8-ին պետք է ընդուներ Իսրայելի վարչապետ Նաթանյահուին, ով իր հերթին ծրագրել էր մի քանի օր մնալ Բաքվում:
Ենթադրվում էր, որ նա կսպասի Մոսկվայից Ալիևի վերադարձին, բայց Նաթանյահուի ադրբեջանական ուղևորությունը չեղարկվեց, իսկ հաջորդ օրը կայացավ նրա և Ռուսաստանի նախագահ Պուտինի հեռախոսազրույցը:
Ալիևն Իսրայելի վարչապետի Բաքու այցի չեղարկո՞ւմը նկատի ունի, երբ ակնարկում է տարածաշրջանում իրեն անտեսելու մասին և զգուշացնում, որ ոմանք դրա համար վաղը խորապես ափսոսալու են: Նաթանյահուի Բաքու այցը չեղարկվել է, երբ Թուրքիան հրաժարվել է նրա ինքնաթիռին օդային միջանցք տրամադրել: Ալիևի դժգոհության հասցեատերը Թուրքիայի նախագահ Էրդողա՞նն է:
Բացառված չէ, որ Ալիևն իրեն անտեսված է համարում Ռուսաստանի և Չինաստանի միջև ստորագրված «Համատեղ հայտարարության» պատճառով: Այդ փաստաթղթի դրույթները կյանքի կոչելու դեպքում Չինաստանը փաստացի պետք է գործ ունենա ոչ թե հետխորհրդային տարածքի առանձին երկրների, այլ՝ ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի հետ:
Համենայն դեպս, ինտեգրացիոն ծրագրերի մասին ձևակերպումներն այդ տեսքի են: Իհարկե, մյուս կողմից էլ կարևորվում են ԲՐԻԿՍ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության ձևաչափերը:
Ադրբեջանը, մինչդեռ, Չինաստանի հետ ունի ռազմավարական համագործակցության առանձին պայմանագիր: Ըստ երևույթին, Ռուսաստան-Չինաստան «Համատեղ հայտարարությունն» Ալիևը դիտարկում է որպես Չինաստանի հետ Ադրբեջանի համագործակցությունը սահմանափակելու միջոց:
Այդ ընկալումը, երևի, իրականությանը բավական մոտ է: Պուտին-Սի Ծինփին մի քանի ժամ տևած բանակցությունների քաղաքական արդյունքն այն է, որ Եվրասիան ճանաչվում է Մոսկվայի և Պեկինի ազդեցության գոտի, որտեղ հետխորհրդային երկրներին վերապահվում է Ռուսաստանի «արբանյակների» կարգավիճակ:
Ի՞նչ է փոխվել ռուս-ադրբեջանական հարաբերություններում: Հնարավոր է՝ Ադրբեջանի տարածաշրջանային հավակնությունների զսպումը ոչ միայն Ռուսաստանին է ձեռնտու, այլև Չինաստանին, Թուրքիային, Իրանին, ինչպես նաև՝ Միացյալ Նահանգներին:
Միջազգային և տարածաշրջանային դերակատարներին նոր «խաղացողի հայտնությունը» ձեռնտու չէ: Ավելի հեշտ է գնալ «բլոկային համաձայնությունների», քան գործ ունենալ առանձին երկրների հետ:
Բայց Ալիևը հազիվ թե այդքանը չի հասկանում կամ չի ուզում ընկալել, որ նույնիսկ Թուրքիան չի ճանաչի «Կովկասի փոխարքայի» իր կարգավիճակը: Այդ դեպքում նա ու՞մ է զգուշացնում, որ վաղը խորապես ափսոսալու է:
Բաց մի թողեք
Մոսկվան ադրբեջանցիներին սպանողներին կհանձնի՞ Բաքվի արդարադատությանը
Հով, քեզ քպ-ն էլ մարդու տեղ չի դնում, ինչի՞ ես քեզ էս աստիճան ստոր ներկայացնում. Լուսանկար
Ռուսաստանը ցանկացե՞լ, բայց չի՞ կարողացել այդ հարցում կոնենսուս ապահովել