20/10/2025

ԱՄՆ-ը կմիանա՞ Ռուսաստանի դեմ Եվրամիության նոր պատժամիջոցներին

Լոնդոնում կայացել է Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որին մասնակցել է նաև Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լեմը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Կալասը:

Նույն օրը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղար, ինչպես նաև Ֆրանսիայի և Ռուսաստանի արտգործնախարարների հետ:

Մայիսի լույս 11-ի գիշերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել Ստամբուլում Ուկրաինայի հետ առանց որևէ նախապայմանի ուղղակի բանակցություններ սկսելու մասին հայտարարությամբ:

Թուրքիան պաշտոնապես հաստատել է, որ պատրաստ է կազմակերպել այդ բանակցությունները: Ուկրաինայի նախագահ Զելենսկին իր հերթին ասել է, որ մայիսի 15-ին Ստամբուլում անձամբ կսպասի Վլադիմիր Պուտինին:

Ստամբուլը հայտնի է նրանով, որ 2022 թվականին հյուրընկալել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակություններին, որոնց անձամբ ողջունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ռուսաստանի նախագահ Պուտինը մի քանի անգամ ընդգծել է, որ այդ բանակցությունների արդյունքում հաջողվել էր համաձայնեցնել, անգամ նախաստորագրել ապագա համաձայնագրի տեքստը, սակայն Ուկրաինան այն «զամբյուղ է նետել»:

Խոսքն ի՞նչ տեքստի մասին է, մանրամասնություններ հայտնի չեն: Թուրքական «Անադոլու» գործակալության մեկնաբանի հայացքով՝ ներկայումս «շատ դժվար կլինի վերադառնալ երեք տարվա վաղեմության պայմանավորվածություններին»:

Անդրադառնալով Եվրամիության առաջատար երկրների արտգործնախարարների լոնդոնյան հանդիպմանը, «Նեզավիսիմայա գազետան» տեսակետ է հայտնում, որ նրանք համաձայնեցրել են ռուս-ուկրաինական բանակցություններից գլխավոր ակնկալիքը: Նախ՝ երեսունօրյա հրադադար, ապա քաղաքական քննարկումներ:

Ռուսաստանի նախագահ Պուտինի կարծիքով՝ հրադադարը կարող է լինել քննարկվող հարցերից մեկը: Ուկրաինան պնդում է, որ պատերազմական գործողություններին զուգահեռ քաղաքական քննարկումներ չեն կարող լինել:

Ստամբուլյան բանակցությունների ժամանակի ընտրության հարցը բավական ինտրիգային է: Բանն այն է, որ մայիսի 14-15-ին Անթալիայում սկսվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որին, ըստ տեղեկությունների, կմասնակցի նաև դաշինքի գլխավոր քարտուղար Ռյուտեն:

«Նեզավիսիմայա գազետայի» մեկնաբանը համոզված է, որ անկախ այն բանից, թե ինչ մակարդակի պատվիրակություններվ կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները, Ուկրաինայի նախագահ Զելենսկին մայիսի 15-ին կայցելի Թուրքիա: Նրա գնահատմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մակարդակը թույլ է տալիս, որ նա երկրի նախագահի հետ բանակցություններ վարի:

Մայիսի 12-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ հեռախոսազրույցում Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռուբիոն բացահայտել է, որ ԱՄՆ-ի առաջանահերթ նպատակը ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցումն է:

Հաստատված է, որ ԱՄՆ պետքարտուղարը կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը: Դիտարժան է, որ մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Թրամփն սկսում է Պարսից ծոցի արաբական երկրներ շրջայցը, որի ընթացքում նրան կուղեկցի նաև պետքարտուղար Ռուբիոն:

ԱՄՆ նախագահ Թրամփն ակնարկել է, որ կարող է մայիսի 15-ին Ստամբուլ այցելել, եթե համոզված լինի, որ «դա օգտակար է»: Թրամփը Ստամբուլ կայցելի միայն մի դեպքում, եթե Ռուսաստանի նախագահ Պուտինը նույնպես մեկնի այնտեղ: Բայց այդ դեպքում հարկ կլինի սպասել չափազանց կարևոր իրադարձության:

Որքանո՞վ է դա հավանական: Ըստ երևույթին, Ստամբուլից որոշակի ակնկալիքներ ունեն նաև Բրյուսելում, որտեղ որոշել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթի ընդունումը հետաձգել մինչև մայիսի 20-ը: Ընդ որում, ինչպես Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունից են ասել, պատժամիջոցները կտարածվեն նաև չգործող «Հյուսիսային հոսք-2» գազատարի վրա:

Չափազանցված լավատեսություն կլիներ ակնկալել, թե Ստամբուլում հնարավոր է հասնել ռուս-ուկրաինական որևէ փաստաթղթի ստորագրման: Առավելագույնը, որ դիվագիտական հասանելիության սահմաններում է, կարող է լինել երեսունօրյա հրադադարի հաստատման մասին հայտարարությունը:

Բայց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կգնա՞ նման քայլի: Իսկ եթե նա Ստամբուլ չմեկնի, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակություններն ի՞նչ մակարդակի կլինեն և ի՞նչ լիազորություններ կունենան: Իսկ եթե ստամբուլյան հանդիպումն ընդհանրապես չկայանա կամ ձախողվի, ԱՄՆ-ը կմիանա՞ Ռուսաստանի դեմ Եվրամիության նոր պատժամիջոցներին:

Թրամփը, երևի, հարկադրված է պաշտոնավարման 100-րդ օրվա կապակցությամբ արմատական նշանակության որոշում կայացնել: Խնդիրն այն է, թե դա կնպաստի խաղաղության հաստատմա՞նը, թե՞ ռուս-ուկրաինական պատերազմի հետագա բորբոքմանը: