02/07/2025

Ալիևը շտապում է առավել «դուր գալ» Էրդողանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ Քրդական բանվորական կուսակցության լուծարման կապակցությամբ:

Ինչպես և շաբաթներ առաջ կոչ էր արել այդ կուսակցության բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, ՔԲԿ-ն դադարեցրել է Թուրքիայի դեմ զինված պայքարը և հայտարարել լուծարման մասին:

Իհարկե, դեռևս հարց է, թե արդյո՛ք բոլոր քրդական խմբերը և միավորներն են ենթարկվելու կոչին, թե՞ կլինեն այսպես ասած պարտիզանական միավորներ, որոնք կշարունակեն պայքարը:

Ավելին, հարկ է նկատել, որ այդպիսի միավորների առկայությունը՝ այսպես ասած կառավարելիության չափի սահմաններում, գուցե անհրաժեշտ լինեն նաև հենց Էրդողանին, հարկ եղած դեպքում դրանց դեմ կոշտ և ուժային պայքարի պատրվակով ինչ-որ գործողություններ, ուժային մեթոդաբանություն կիրառելու, այսպես ասած՝ «պտուտակներ ձգելու» համար:

Այդ հանգամանքը, սակայն, իհարկե, այլ տիրույթ է, իսկ առայժմ, ՔԲԿ-ն հայտարարել է լուծարման մասին, իսկ Իլհամ Ալիևը շտապել է շնորհավորել Էրդողանին այդ կապակցությամբ:

Իհարկե, Թուրքիայի նախագահին դուր գալու այդ օպերատիվ ձգտումը պայմանավորված է մեծ հավանականությամբ ոչ այնքան Էրդողանի ու թուրք ժողովրդի համար Ալիևի ուրախությամբ՝ ինչի մասին նա հավաստիացնում է ուղերձում, որքան, թերևս, միջազգային հարաբերություններում Թուրքիայի դերակատարության հարցում որոշակի հեռանկարներով, որոնք կարող են ձևավորվել, եթե Ստամբուլում ծավալվի ռուս-ուկրաինական ուղիղ բանակցության գործընթաց:

Օրեր առաջ Թրամփ-Էրդողան հեռախոսազրույցից հետո ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ Թուրքիան կարող է էական դեր ունենալ ուկրաինական կարգավորման հարցում: Իսկ նախօրեին էլ ՌԴ նախագահ Պուտինն արեց մայիսի 15-ին Ստամբուլում ուղիղ բանակցություն սկսելու հայտնի առաջարկը, որից հետո հեռախոսազրույց ունեցավ Էրդողանի հետ:

Թուրքիան, որ Թրամփ-Պուտին երկխոսության համատեքստում կանգնած էր որոշակի դերազրկման վտանգի առաջ, Եվրոպայի դիրքորոշումների հետևանքով, կարծես թե, ստանում է դերը վերգտնելու հնարավորություն, իսկ Ալիևը շտապում է առավել «դուր գալ» Էրդողանին, թեև թվում էր, որ նա պետք է վիրավորված լիներ նրանից՝ Նաթանյահուի այցը տապալելու համար:

Իլհամ Ալիևը սակայն, որ իր հերթին չեղարկեց իր այցը Մոսկվա, շտապում է մերձենալ Էրդողանի հետ՝ այդ կերպ թերևս ակնկալելով մերձենալ կարևոր պրոցեսի, որ կարող է ծավալվել:

Ընդ որում, չի բացառվում, որ Ադրբեջանի նախագահը Էրդողանին «դուր գալու» հանգամանքը դիտարկում է նաև Թրամփի հետ հաղորդուղի, որպիսին նա բավականին ինտենսիվ, բայց այսպես ասած ոչ այնքան արդյունավետ, փնտրում է ԱՄՆ նախագահի ընտրությունից ի վեր: