13/05/2025

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ կհայտարարվի

Հակակոռուպցիոն կոմիտեն առաջիկայում նախաքննության ավարտ կհայտարարի դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրեական գործով:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ նախաքննական մարմնին միջնորդություն է ներկայացվել գործով անցնող մեղադրյալների մասով գաղտնալսումների որոշումները տրամադրելու համար:

Ի պատասխան՝ նախաքննական մարմնից հայտնել են, որ մոտ օրերս գործով նախաքննության ավարտ կհայտարարվի։

Ասել է թե՝ առաջիկայում գործի բոլոր նյութերը կհայտնվեն պաշտպանական կողմի մոտ։

Ավելին՝ էրիկ Ալեքսանյանը նշեց, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը ունի կալանքի հետ անհամատեղելի առողջական խնդիր, ինչը հիմք է նրա խափանման միջոցը փոխելու համար։

Ինչպես հայտնի է, մայիսի 2-ին դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվեց. նա այս պահին գտնվում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում:

Հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնապես հայտարարություն տարածեց, որ, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 29-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացվել է ապացուցողական գործողություն։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։

Իսկ ինչի համար է դատավորը կալանավորվել։ ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում դեռևս 2011 թվականից մեկ քրեական գործ է քննվել, որը վերաբերել է խոշոր խմբաքանակի հերոին տեսակի թմրամիջոց Հայաստան տեղափոխելուն, եւ Երևան քաղաքում խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը: Եվ ահա, ըստ նախնական վարկածի, դատավոր Արտուշ Գաբրիելյանը ձգձգել է գործը այնքան, որ լրանա 15 տարին, եւ որ վաղեմության ժամկետի հիմքով այս գործով անցնող հերոինի «պարագլուխ» Զոհրաբ Յեզգատյանին ազատի պատժից:

Քրեական վարույթով կալանքի տակ են ևս երկու անձինք, որոնցից մեկը դատավոր Արտուշ Գաբրիելյանի ընկերն է ու կաշառք տվող անձը: Հավելենք, որ դատավորը ցուցմունք չի տվել եւ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը»։