01/07/2025

Ինչ է ասում Գլխավոր դատախազը՝ դատավորներին է վախեցնում

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նախօրեին խորհրդարանում ներկայացրեց իր տարեկան զեկույցը եւ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցին, խոսեց այն մասին, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ է պահանջում բռնագանձել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից եւ նրա հետ փոխկապակցված անձանցից: 

«Պատասխանողներ Ռոբերտ եւ Բելլա Քոչարյաններից, Սեդրակ Քոչարյանից եւ Զարուհի Բադալյանից, Լեւոն եւ Սիրանուշ Քոչարյաններից, Գայանե Քոչարյանից եւ Վիգեն Չատինյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, ավելի քան 3 միլիոն դոլար, 985 մլն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան 1.4 մլն դոլարի չափով ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցություն (իրավաբանական անձանցից են «Նաիրի Ինշուրանսը», «Տոյոտա Երեւան» ընկերությունը, «Թարգեթ գրուպը» եւ մի շարք այլ ընկերություններ), ավելի քան 4 մլն դոլարի, 8.3 մլրդ դրամի, 260 մլն ռուբլու եւ շուրջ 590 հազար եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3.8 մլրդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ եւ ավելի քան 20 մլրդ դրամ»,- ասաց Վարդապետյանը: Սա դատարանում գտնվող հայցագինն է՝ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց մասով:

Դատարանում Քոչարյանի շահերի պաշտպան Արամ Օրբելյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Աննա Վարդապետյանի հայտարարությանը, նկատեց. «Դատական գործընթաց կա: Ես ներկայացնում եմ Ռոբերտ եւ Բելլա Քոչարյանների շահերը դատարանում: Իրականում էապես ավելի քիչ գույքի մասին է խոսքը, բայց եթե ընտանիքի անդամներինը եւս գումարենք, գուցե պլյուս-մինուս պահանջներ լինեն: Ուզում եմ ուշադրությունը մի բանի վրա հրավիրել․ ապօրինի գույքի բռնագանձման բոլոր գործերի դեպքում վերջում ինչ-որ մի թիվ են վերցնում եւ գումարում բոլորին: Այսինքն` ոչ թե առկա գումարն են ուզում, այլ ուղղակի դրամական ինչ-որ պահանջ են ներկայացնում, որը ոչ միայն Քոչարյանի գործին է վերաբերում, այլեւ` բոլոր գործերում: Ակնհայտ է, որ տեղի է ունենում ակնհայտ ապօրինի գործողություն:

Սահմանադրական դատարանն արդեն իսկ արձանագրել է այն բոլոր խախտումները, որոնք մենք առնվազն 3 տարուց ավելի է, ինչ բարձրաձայնում ենք: Մենք դեռ ամենասկզբում ներկայացրել ենք, որ քրեական գործի հիման վրա հարուցված վարույթներում պետք է լինի հանցագործության ակտ: Այս քայլերով փորձ է արվում արհեստական ճնշում գործադրել դատական համակարգի վրա, որպեսզի Սահմանադրական դատարանի նման ոչ թե կայացվեն որոշումներ, որոնք պետք է կայացվեն, այլեւ ճիշտ հակառակը: Այսօր 20 միլիարդ են ասում, վաղը կարող են լրիվ այլ թվեր ասել, այստեղ խնդիրն այլ տիրույթում է»:

Նախկին դատավոր Զարուհի Նախշքարյանն էլ, մեզ հետ զրույցում անդրադառնալով Վարդապետյանի հայտարարությանն ու նրա  հնչեցրած գնահատականներին, ասաց. «Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարանում հանդես է գալիս ընդամենը որպես կողմ` ոչ ավել, ոչ պակաս: Քաղաքացիական դատավարության օրենսգրքի սկզբունքների համաձայն` Գլխավոր դատախազությունն ունի նույն իրավունքներն ու պարտականությունները, որն ունի պատասխանող կողմը, դատախազությունը զուտ կողմերից մեկն է եւ հավասար է յուրաքանչյուր կողմի հետ: Նման պայմաններում բարձր ամբիոնն օգտագործել նման նպատակով, որպեսզի կշիռ փոխանցվի այս կամ այն ներկայացված հայցադիմումին, կարծում եմ` թերի եւ անհաջողության դատապարտված պրակտիկա է` ինչո՞ւ, որովհետեւ, նախ, հայցադիմումը պետք է լինի հիմավորված, որպեսզի հետո նոր լրջորեն նման քննարկում իրականացվի ճիշտ վայրում` դատարանի դահլիճում, այլ ոչ թե Ազգային ժողովի ամբիոնից:

Ո՞րն է նպատակը՝ Ազգային ժողովից նման հայտարարություններ անելու: Ի՞նչ է ուզում ասել գլխավոր դատախազը, դատավորների՞ն է վախեցնում, թե՞ ինչ է անում: Նման ելույթները կարող են նպատակ հետապնդել դատարանների նկատմամբ ուղղակի կամ անուղղակի ճնշում գործադրելու համար, այն հնարավոր է նաեւ ուղղորդում դիտարկել դատարաններին»: